Ունենք հեռավար կրթության գործընթացում ավելի քան 80 տոկոսի մասնակցություն․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան
12:59 - 07 ապրիլի, 2020

Ունենք հեռավար կրթության գործընթացում ավելի քան 80 տոկոսի մասնակցություն․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ  Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախարարությունը մի շարք ուղղություններով քայլեր է ձեռնարկել կրթության շարունակականությության ապահովման համար։ Քայլերը հիմնականում ուղղված են եղել հեռավար ուսուցման հասանելիության բարձրացմանը, անհրաժեշտ բովանդակության պատրաստմանը և ուսուցիչներին աջակցությանը, ինչպես նաև մեթոդական կարգավորմանը։

«Շարունակել ենք մեր համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ, որի շրջանակներում ամեն օր՝ առավոտյան 08։30-ից, եթերում են հանրային դասերը։ Այստեղ աշխատում ենք ներառել նաև մասնագիտական կողմնորոշման, ֆինանսական գործիքների օգտագործման և այլ թեմաներ, որոնք ոչ միայն ուսումնական նյութ են, այլ նաև պոտենցիալ կրթական բովանդակություն են ավելի լայն խմբերի համար։ Արձագանքները ցույց են տալիս, որ մենք ունենք շատ ավելի լայն լսարան, և այդ լսարանը այդ կրթական բովանդակությունը բավականին համարժեք է գնահատում։ Հանրային դասերը շարունակվում են նաև 11։30-ից 12։40։ Այս անգամ առանցքում բնագիտական առարկաներն ու մաթեմատիկան են՝ ավագ դասարանների համար»,- նշեց նա։

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախարարությունը պատրաստում է թեմատիկ պլաններին համապատասխան տեսադասեր։

«Արդեն իսկ ունենք ավելի քան 95 տեսադաս, որոնք հասանելի են ինչպես մեր յութուբյան էջում, այնպես էլ մենք դա տեղադրում ենք նախարարության ֆեյսբուքյան էջում և տարածում ենք հեռահաղորդակցության ընկերությունների հետ մեր համագործակցության շրջանակներում նրանց տրամադրծ տարածքներում․ խոսքը և՛ Ucom-ի, և՛ Rostelecom-ի, և Beeline-ի մասին է, որոնց հետ ձեռք բերած համաձայնությունների արդյունքում բոլոր դասերը անվճար հասանելի են դառնում այդ ընկերությունների բջջային հավելվածներում և թվային հեռուստատեսություններում։ YouTube-ում դրանց դիտելն ու բեռնելն անվճար է»,- նշեց նա։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կա համագործակցություն մարզային հեռուստաընկերությունների հետ, և տեսադասերը նաև հասանելի են մարզային հեռուստաընկերությունների եթերում։ Նա նշեց, որ  սա հատկապես կարևոր է, քանի որ կան տեղեկություններ, թե աշակերտների և ուսուցիչների որոշ խմբեր չունեն հասանելիություն սարքերին և չեն կարողանում  միանալ հեռավար ուսուցմանը։  

«Այս տարվա մարտի 29-ից Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ընդունում ենք համակարգչային սարքավորումներ, արդեն իսկ հավաքագրել ենք շուրջ 600 սարքավորում, որոնց զգալի մասն ամբողջությամբ նոր է։ Սրանք տրամադրել ենք մարզերին, տրամադրել ենք նաև քարտեր։ Ունեցել ենք նվիրաբերություններ ինչպես կազմակերպությունների, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից»,- ասաց նա։

Ժաննա Անդեասյանը նշեց, որ նախարարությունն այս ընթացքում մի շարք ուղեցույցներ է մշակել ծնողների, աշակերտների, ուսուցիչների համար։ Գործարկվել է էլեկտրոնային մատյան, որը հնարավորություն է տալիս արձանագրել, թե ինչպես են իրականացվում հեռավար դասերն առանձին դպրոցներում, ինչպիսի աշխատանք են կատարում ուսուցիչները։ Մատյանը գործարկվել է մարտի 26-ին, և այս պահին ուսուցիչների 80 տոկոսն այնտեղ գրանցված է։

«Մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝ մենք ունենք հեռավար կրթության գործընթացում ավելի քան 80 տոկոսի մասնակցություն․ խոսքն աշակերտական համակազմի մասին է։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի միջոցով վերապատրաստման արագացված դասընթանցեր ենք կազմակերպել ուսուցիչների համար։ Դասընթացներն իրականացրել ենք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետության ուսուցիչների համար»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել