Որ հյուրանոցներն են ավելի շատ հարկ վճարում Հայաստանում |hetq.am|
15:40 - 30 մարտի, 2020

Որ հյուրանոցներն են ավելի շատ հարկ վճարում Հայաստանում |hetq.am|

hetq.am: Հայաստանում գործող հյուրանոցներից միայն մեկ տասնյակն է ներառված խոշոր հարկատուների ցանկում։ 2019 թվականին նրանց մեծ մասն ավելացրել է հարկերը։

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության այս օրերին հյուրանոցներն, ինչպես բազմաթիվ ոլորտների տնտեսվարողներ, «հարկադիր դադար» են վերցրել։ Հյուրանոցային բիզնեսն այս օրերին ամենաշատ տուժողներից է։ Բիզնեսի դադարը ենթադրում է նաև վճարվող հարկերի նվազում, այսինքն ՝ կորուստներ պետական բյուջեի համար։ Թե ինչ չափի կորուստներ կլինեն, առայժմ հնարավոր չէ գնահատել։ Միայն կարելի է հասկանալ, թե ինչ դիրք ունեն հյուրանոցները խոշոր հարկատուների ցանկում։

Հայաստանում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը տարեցտարի ավելանում է։ Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների՝ 2019 թվականի սկզբի դրությամբ հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը կազմել է 652: Այստեղ ներառված են ինչպես հյուրանոցները, այնպես էլ՝ առողջարանները, հոսթելները, մոթելները, հանգստյան տները և այլն։ Սակայն, նրանցից քչերն ունեն որակավորման կարգեր։

Միայն 10 հյուրանոց ունի որակավորման կարգ

Ըստ Էկոնոմիկայի նախարարության կայքում հրապարակված ցանկի՝ Հայաստանում այսօր որակավորման կարգ ունի 10 հյուրանոցային տնտեսության օբյեկտ։ Նրանցից մեկը՝ հինգաստղանի «դելյուքս» կարգ ունի՝ «Մուլտի գրանդ հոթելը», մեկը պարզապես հինգաստղանի հյուրանոց է՝ «Ռեդիսոն բլու հոթել Երևանը», վեցը՝ չորսաստղանի են և ևս մեկ զբոսաշրջային տուն ու պանսիոն ունեն երրորդ կարգի որակավորում։ Հատկանշական է, որ նախկինում որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվն ավելի մեծ է եղել։ Օրինակ՝ 2016 թվականի դրությամբ այդ թիվը 20 է եղել։

Հայաստանում հյուրանոցները որակավորման կարգ են ստանում կամավոր սկզբունքով՝ դիմելով Էկոնոմիկայի նախարարությանը և ստանալով համապատասխան կարգը։ Հյուրանոցային օբյեկտների որակավորման գործընթացը պարտադիր չէ։ Դա է պատճառը, որ բացի վերշը նշված հյուրանոցներից, մի շարք հյուրանոցներ չունեն «աստղեր»՝ նույնիսկ այն դեպքում, երբ մատուցում են բարձրակարգ ծառայություններ։

Հյուրանոցներից քչերն են խոշոր հարկատու

Հյուրանոցներից քչերն են դասվում հանրապետության խոշոր հարկատուների ցանկում։ Ինչպես տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկից, 2019 թվականի խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած հյուրանոցների թիվը 9 է։

Նրանց շարքում առավել բարձր հորիզոնականներում է «Մուլտի գրանդ հոթելը» շահագործող «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին։ Այն շահագործում է ոչ միայն «Մուլտի գրանդ հոթելը»-ը, այլև՝ այն ներկայացնում է «Փարավոն» հանգստի ու ժամանցի համալիրը, ինչպես նաև՝ այս ընկերությանն է պատկանում «Շանգրի լա Երևան» խաղատան շահագործման լիցենզիան։ Այսինքն՝ ընկերության հարկերի ծավալը պայմանավորված չէ միայն հյուրանոցի շահագործմամբ, այլ նաև՝ մյուս բիզնեսներով։

«Օնիրա քլաբը» 2019 թվականին պետական բյուջե է վճարել 5 մլրդ 206 մլն դրամի հարկեր, որը նախորդ տարվա համեմատ աճել է 381 մլն դրամով կամ 7.9 %-ով։ Ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 43-րդ տեղում է։

Հյուրանոցների շարքում մյուս խոշոր հարկատուն «Մարիոթ» բրենդը ներկայացնող «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն է։ 2019 թվականի խոշոր հարկատուների ցանկում 166-րդ տեղում է։ Հարկերի ծավալը կազմել է 1 մլրդ 150 մլն դրամ, որը 2018 թվականի համեմատ աճել է 181 մլն դրամով կամ 18.7 %-ով։

Հաջորդում է «Անի պլազա հոթել» ՓԲԸ-ն՝ 591 մլն դրամի հարկերով։ Ընկերությունը 2019 թվականի խոշոր հարկատուների ցանկում 307-րդ տեղում է։ 2018 թվականի համեմատ հյուրանոցի հարկերի ծավալն աճել է մոտ 56 մլն դրամով կամ 10.4 %-ով։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել