Որոշ ուժեր այս իրավիճակում քաղաքականացնում են նույնիսկ կորոնավիրուսի հետ կապված հարցերը․ Դավիթ Բաբայան
13:04 - 27 մարտի, 2020

Որոշ ուժեր այս իրավիճակում քաղաքականացնում են նույնիսկ կորոնավիրուսի հետ կապված հարցերը․ Դավիթ Բաբայան

Արցախում նախագահական ընտրությունների հետաձգման թեմայով զրուցել ենք «Արցախի պահպանողական կուսակցության» կողմից առաջադրված նախագահի թեկնածու, կուսակցության նախագահ, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի հետ։

- Պարո՛ն Բաբայան, արդյո՞ք կողմ եք ընտրությունների հետաձգմանը, թե ոչ։

- Մեզ համար առաջնային է մարդկանց առողջությունը։ Սա մեզ համար ամենակարևորն է։ Ոչ մի քաղաքական խնդիր, ոչ մի հարց չի կարող լինել առաջնային, քան քաղաքացու առողջությունն է։ Բայց այս հարցերը պետք է լուծվեն առանց քաղաքականացվելու։

Մենք հիմա տեսնում ենք, որ որոշ ուժեր այս իրավիճակում քաղաքականացնում են նույնիսկ կորոնավիրուսի հետ կապված հարցերը, որը քաղաքական տեսանկյունից շատ տհաճ է։

Մենք կարող ենք հետաձգել կամ չհետաձգել միայն մեկ պայմանով. եթե այսպիսի եզրակացության գա ԱՀ Առողջապահության նախարարությունը և կորոնավիրուսի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը։ Պետք է լինի ԱՆ-ի և այդ հանձնաժողովի մասնագիտական կարծիքը։ Միայն այդ դեպքում պետք է վերջնական որոշում կայացվի։ Մենք սրան կողմնակից ենք։

- Դուք՝ որպես թեկնածու, կո՞ղմ եք, թե՞ ոչ։

- Եթե ԱՆ-ն համարի, որ չպետք է ընտրություններ լինեն, վտանգ կա, իհարկե պետք է կանգնեցնել։ Բայց եթե չէ, եթե մինչև հիմա որևէ մեկը չի հիվանդացել Արցախում, ինչի՞ քաղաքականացնենք։ 

Հետո էլ, որ կանգնեցնեն, դեմագոգները դուրս գան և ասեն, որ իշխանություններն են կագնեցրել, նորից ղալմաղալ, նորից պատերազմ, կռիվ։ Ի՞նչ ենք մենք ուզում։

Մենք ասում ենք՝ մինչև չլինի ԱՆ-ի եզրակացությունը։  Պետք է առաջնորդվենք միայն այդ եզրակացությամբ։ Իհարկե՝ մարդկանց առողջությունն ավելի կարևոր է, բայց այդ եզրակացությունը պետք է տա ԱՆ-ն՝ մասնագիտացված, առանց քաղաքականացման։

- Այս իրավիճակում ընտրությունների  մասնակցայնության առումով խնդիր տեսնու՞մ եք։

- Ցույց կտա ընթացքը։ Չի բացառվում, որ որոշ զանգված չի գա՝ իրավիճակից ելնելով։ Այս պահի դրությամբ Արցախում էլ ավելի վերահսկելի է, որևէ տագնապ չկա։ Մինչ այժմ որևէ մեկը չի հիվանդացել և պետք է արվի հնարավորը, որպեսզի կանխարգելվի վիրուսի մուտքը և դրա տարածումը Արցախում։

Մենք կոչ ենք արել մեր ժողովրդին՝ լինել աչալուրջ, հետևել սանիտարահիգիենիկ բոլոր կանոններին, շտկումներ ենք մտցրել նախընտրական քարոզարշավում․ անցկացնում ենք բացօթյա և օնլայն հանդիպումներ։ Այսինքն՝ հիմնական շտկումներն արել ենք։ Բայց կրկնում եմ՝ մենք այն ուժը չենք, որ դեմագոգիայով զբաղվենք և ամեն ինչ փորձենք շահարկել։

Եթե կան ուժեր, որ շահարկում են նույնիսկ մարդկանց առողջությունը, սա սարսափելի բան է։ Ի՞նչ է այդքան մտածում են որոշ մարդիկ առողջության մասին, որ ասում են՝ հետաձգենք, թե այլ բաների մասին են մտածում։

Դրա համար մենք ասում ենք՝ ամոթ է, որ այս հարցերը շահարկման ենթարկեք։ Տեսնենք՝ ինչ է ասում ԱՆ-ն։ Եթե իրոք իրավիճակն այնպիսին է, որ պետք է հետաձգվի, ամեն ինչն էլ պետք է հետաձգվի։ Բայց, եթե այդպիսի եզրակացություն չկա, ինչի՞ անենք, որ ի՞նչ։

- Եթե, այնուամենայնիվ, ընտրությունները կայանեն և հետո անցանկալի զարգացումներ լինեն կորոնավիրուսի առումով, Դուք քաղաքական պատասխանատվություն կկիսե՞ք իշխանությունների հետ։

- Իտալիայում, Գերմանիայում, Չինաստանում ընտրություննե՞ր են եղել, որ կորոնավիրուսը զարգացել է։ Մենք այն քաղաքական ուժը չենք, որ շահարկենք։ Մեր ապրելաձևով, կյանքով, փորձով, ներդրումով՝ երբևիցե դեմագոգիայով չենք զբաղվել և զզվում ենք դեմագոգներից։ Ամեն ինչ պետք է անենք, որ այդ դեմագոգներն ինչքան հնարավոր է քիչ լինեն քաղաքական և կառավարման համակարգում։ Դրա համար պետք է ամեն ինչ գնահատել սթափ։ Եթե որևէ մեկին պետք է, որ Արցախում անկայունություն լինի, մեկը մյուսին պատասխանատվության ենթարկի, տուրուդմփոց լինի, սա իրենց գործն է։ Մենք դրան դեմ ենք։ Հետևաբար, անկախ ամեն ինչից,  ընտրություններ են, ընտրություններ չեն, պետք է պայքարել կորոնավիրուսի դեմ՝ միասնական ուժերով։

Եթե նպատակը կորոնավիրուսը չէ, այլ կորոնավիրուսը գործիք է քաղաքական կեղտոտ խաղեր խաղալու, մենք դրա մեջ չկանք։ Առհասարակ կարծում ենք, որ պետությունն այնքան ուժեղ պետք է լինի, որ զսպի այդպիսի ստահակներին, որ թույլ չտա իրավիճակի ապակայունացում։

Հիշեցնենք, որ Արցախում մարտի 31-ին տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել