Ողջ Իտալիան հայ ժողովրդի կողքին է, որպեսզի այս ողբերգությունը չժխտվի ու չմոռացվի. Պաոլո Ֆորմենտինի |armenpress.am|
11:04 - 24 ապրիլի, 2020

Ողջ Իտալիան հայ ժողովրդի կողքին է, որպեսզի այս ողբերգությունը չժխտվի ու չմոռացվի. Պաոլո Ֆորմենտինի |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման հեղինակ Պաոլո Ֆորմենտինին իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին՝ նշելով, որ Իտալիան ու «Լեգա» կուսակցությունը հայ ժողովրդի կողքին են, որպեսզի չմոռացվի ու չժտվի հայ ժողովրդի ահռելի ողբերգությունը։ Այս մասին ասաց Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Պաոլո Ֆորմենտինին։

«Ապրիլի 24-ին կլրանա Հայոց Ցեղասպաության 105-ամյակը: Ողջ Իտալիան, «Լեգա» կուսակցությունը, հայ ժողովրդի կողքին են, որպեսզի այս ողբերգությունը այլևս մոռացության չենթարկվի և չժխտվի: Իտալիայի խորհրդարանն ընդունել է մեր առաջարկած փաստաթուղթը, որով վերջապես ճանաչվում է այս ահռելի ողբերգությունը, այս սարսափելի ցեղասպանությունը»,- ասաց Ֆորմենտինին։

Նրա խոսքով՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցին, ցավոք, պետք է ընդունել, որ մարդկության դեմ նման սարսափելի ոճրագործության ճանաչման համար պայքարը դեռ երկար ճանապարհ ունի: «1915 թ. տեղի ունեցածը ժողովրդի դիտավորյալ բնաջնջում էր: Պատմաբաններն այժմ ընդունում են, որ դա ինչ-որ առումով օգտագործվել է որպես օրինակ հրեա ժողովրդի Հոլոքոստի համար: Նույնիսկ այդպիսի սարսափելի իրադարձություններ նկարագրելու տերմինը ստեղծվել է Ռաֆայել Լեմկինի կողմից ՝ հենց Մեծ Եղեռնն ի նկատի ունենալով:

Այս սարսափելի արյունահեղության հիշատակը վառ պահելու համար մենք պետք է շարունակենք պայքարը, որպեսզի խորհրդարաններին և կառավարություններին մղենք Հայոց ցեղասպանությունն ամբողջությամբ ճանաչելու ՝ հարգելով զոհերի և  իրենց տներից վտարվածների հիշատակը: Համոզված եմ, որ մենք պետք է հիշենք և դատապարտենք Ցեղասպանությունը, որպեսզի ճանաչման միջոցով կանխենք նման սարսափելի իրադարձությունները»,-ընդգծեց իտալացի պատգամավորը:

Նա հուսով է, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ես խորապես համոզված եմ, որ մենք չենք կարող ջնջել պատմությունը. դա հանցագործություն է և ինքնին պատմական փաստի ժխտում: 105 տարի անց հայ ժողովուրդը պետոք է տեսնի ճանաչում, մենք դա պարտական ենք 1,5 միլիոն զոհերին»,-նշեց Պաոլո Ֆորմենտինին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել