Շրջակա միջավայրի նախարարությունը ստում է՝ թաքցնելով հրապարակման ենթակա տեղեկատվությունը
14:27 - 16 հունվարի, 2020

Շրջակա միջավայրի նախարարությունը ստում է՝ թաքցնելով հրապարակման ենթակա տեղեկատվությունը

2019 թվականի դեկտեմբերի 11-ին հարցումով դիմել էինք Շրջակա միջավայրի նախարարությանը, որպեսզի մեզ տրամադրեն Արարատյան արտեզյան ավազանից օգտվող ձկնաբուծարանների խորքային հորերի աշխարհագրական կոորդինատները և սեփականատերերի ցանկերը։

2019 թվականի դեկտեմբերի 19-ին ստացանք գործող ձկնաբուծարանների և սեփականատերերի ցանկերը, սակայն կոորդինատները չտրամադրվեցին։ Գրությամբ նշվում էր, որ ցանկում ներառված չեն խորքային հորերի աշխարհագրական կոորդինատները, քանի որ դրանք հրապարակման ենթակա չեն, և կարող է խախտվել իրավաբանական ու ֆիզիկական անձանց տվյալների փոխանցման, տրամադրման իրավունքը և հարակից իրավունքները։

Վերոնշյալ պատասխանը ստանալուց հետո զանգահարեցինք ՇՄ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին։ Խնդրեցինք հղում կատարել այն իրավական ակտին, որով աշխարհագրական կոորդինատները համարվում են գաղտնի տեղեկատվություն։ Մեզ պատասխանեցին, որ մերժման որոշումը կայացվել է ներքին իրավական ակտով։ 

2019 թվականի դեկտեմբերի 24-ին պատասխան գրություն ուղարկեցինք ՇՄ նախարարություն, որտեղ նշեցինք, որ «Տեղեկատվության ազատության» մասին օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը սահմանում է, որ տեղեկատվության տրամադրումը չի կարող մերժվել, եթե այն ներկայացնում է բնության և շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում տիրող իրական վիճակը։

Միաժամանակ հայտնեցինք, որ բանավոր խոսակցության ընթացքում իրենց կողմից մերժումը ներքին իրավական ակտով հիմնավորելը ևս հակասում է օրենքին, քանզի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին, իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ օրենքը առավել բարձր իրավաբանական ուժ ունի, քան գերատեսչական ներքին ակտերը: Հետևաբար սույն հարաբերությունը կարգավորվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով։ 

Արդեն 2020 թվականի հունվարի 10-ին, հարցման ընթացքին ծանոթանալու նպատակով, հեռախոսային զրույց ունեցանք Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատակից Արման Շահմուրադյանի հետ, ով հարցման կատարողն էր։ Նա նշեց, որ պատասխանն արդեն պատրաստ է, այն շուտով կուղարկվի մեզ և տեղեկացրեց, որ կոորդինատների տրամադրումը մերժվել է ըստ Օրհուսի կոնվենցիայի։ Պարոն Շահմուրադյանը հավելեց, որ այն գերակա է ՀՀ օրենքների նկատմամբ։

«Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիային հղում անելով՝ տեղեկատվության տրամադրումը մերժելն այնքան զավեշտալի և ոչ իրավաչափ կլիներ, որ վերջին պահին նախարարությունում որոշվել է փոխարենը ստել, թե իրենք չեն տիրապետում անհրաժեշտ տվյալներին։ Իսկ այն, որ դա պարզագույն սուտ է՝ կհամոզվեք հաջորդիվ։

Չստանալով որևէ գրություն՝ հունվարի 15-ին զանգահարեցինք ՇՄ նախարարություն, որպեսզի պարզենք, թե գրությունն ինչ փուլում է։ Մեզ պատասխանեցին, որ այն դեռևս քննարկվում է։ Այսօր՝ հունվարի 16-ին, նախարարությունից ստացանք պատասխան, ըստ որի ՇՄ նախարարությունն Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ձկնաբուծարանների աշխարհագրական կոորդինատների վերաբերյալ տեղեկություն չունի։

Այն որ նախարարության պաշտոնյաները ստում են՝ ապացուցելի է երկու պարզ փաստով․

1. ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման հավելված N 6-ի 5-րդ կետով այդպիսի կոորդինատների վերաբերյալ տվյալներ ներկայացնելը պարտադիր պայման է ջրօգտագործման թույտվություն ստանալու գործընթացում։ Առանց այդ տվյալներ որևէ մեկը չի կարող խորքային հոր շահագործելու թույտվություն ստանալ։

2. Երբ 2019 թվականի նոյեմբերի 22-ին հարցումով դիմել էինք ՋՌԿԳ, որպեսզի թույլտվություն ստանանք ծանոթանալու 2008-2019 թվականների ընթացքում Արարատյան դաշտի խորքային հորերի համար տրամադրված ՋԹ-ներին, մեզ պատասխանեցին, որ կարող ենք ծանոթանալ։ Մեզ տրամադրեցին որոշ ընկերություններին տրված ՋԹ-ները։

Դրանցում աշխարհագրական կոորդինատներն առկա են։ Օրինակը՝ ստորև։

Ներկայացված փաստաթուղթը, ինչպես տեսնում ենք, հանդիսանում է ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս։

Ստացվում է, որ ՇՄ նախարարությանն առընթեր Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունն ունի Արարատյան դաշտի արտեզյան ավազանից օգտվող ձկնաբուծարանների աշխարհագրական կոորդինատները, սակայն հարցմանն ի պատասխան՝ մի դեպքում հայտնում է, թե այդ տվյալների տրամադրումն արգելվում է, իսկ երբ մենք հանգամանալից բացատրում ենք, որ դա չի կարող արգելվել, պատասխանում են, թե նման տվյալներ չունեն։

Այսպիսով Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյաները թաքցրել են հրապարակման ենթակա տեղեկատվությունը՝ խախտելով Օրհուսի կոնվենցիան, ՀՀ Սահմանադրության  51-րդ հոդվածով երաշխավորված տեղեկություններ ստանալու իրավունքը, «Հանրային ծառայության մասին օրենքի» 12-րդ հոդվածով նախատեսված իրավունքի գերակայության և հանրային ծառայության հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության սկզբունքները, 22-րդ հոդվածով սահմանված վարքագծի սկզբունքները, թույլ են տվել ՎԻՎ օրենսգրքի 189.7 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում։

Ուստի սույնով մենք դիմում ենք․

- Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին ծառայողական քննություն նշանակելու և պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ միջոցներ կիրառելու խնդրանքով,

-լրագրողական կազմակերպություններին և լրագրողական համայնքին՝ իրենց գնահատականը հնչեցնելու խնդրանքով։

Քննարկում ենք նաև Վարչական դատարան դիմելու հնարավորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել