Շուշիի օպերացիայի պատասխանատուն ես էի, որ հաշվետու էի Ռոբերտ Քոչարյանին ու Վազգեն Սարգսյանին. Սերժ Սարգսյան

06:50 - 10 մայիսի, 2019

armenpress.am։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսյան եռատոնին այցելել է Արցախ: Մայիսի 9-ին նա թոռան ու մարտական ընկերների հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Մեծ հայրենական պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Սերժ Սարգսայնը Արցախի հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել: 

-Պարոն Սարգսյան, ի՞նչ խոհեր եք ունենում, երբ այցելում եք Ձեր մարտական ընկերներին:

- Առաջին զգացումը, որ ինձ պատում է` ափսոսանքի զգացումն է: Այս փայլուն տղաներն ափսոս, ափսոս, որ զոհվեցին, որովհետև նրանք, նրանցից շատերն առաջնորդներ էին, նրանցից շատ-շատերը մինչև վերջ նվիրված էին իրենց հայրենիքին, և նրանք նաև հիմա կարող էին շատ մեծ օգտակարություն բերել մեր երկրին: Բայց դրան անմիջապես հաջորդում է երախտագիտության զգացումը:

Իմ կարծիքով, տղամարդկային երախտագիտությունն ունի իր նրբերանգները և, առաջին հերթին, դա նշանակում է հավատարմություն այն գործին, հանուն որի զոհվել են կամ ինչին նվիրել են իրենց կյանքն այն մարդիկ, ում երախտապարտ ես:

Այս առումով, կարծում եմ, որ այսօրվա սերունդն իր երախտագիտությունն է ցուցաբերում, ինչի համար շատ ուրախ եմ: Այսօրվա սերնդի ամենամեծ գործը կլինի այն, որ իրենք իրենց հայրերի, իրենց ավագ ընկերների արածը համարեն իրենցը ոչ թե նրա համար, որ այդպես է պետք, այլ որպեսզի հոգով նվիրված լինեն այդ գործին:

 - Դուք նաև Շուշիի ազատագրման համար եք Արցախի հերոսի կոչման արժանացել: Այսօր ի՞նչ զգացողություններ ունեք, հետաքրքիր է:Գիտեք, առանց չափազանցնելու ասեմ` ամեն անգամ, երբ խոսք է գնում Շուշիի մասին, իմ ականջներում զրնգում են Վալերիյ Չիթչյանի խոսքերը, որ նա ռուսերեն արտաբերեց, ասաց` “Противника не вижу”: Դա մայիսի 9-ի առավոտյան էր` հինգի, հինգն անց տասնհինգի արանքում, և երբ երկրորդ անգամ նա դա ասաց, արդեն պարզ էր, որ Շուշին գրավված է:

Պետք է ասել, որ շատ բան է ասվել Շուշիի մասին. հատկապես ուզում եմ ընդգծել Շուշիի օպերացիայի վճռորոշ լինելը հետագա բոլոր գործընթացներում: Այն գլխից բոլորի համար պարզ էր, որ Շուշիում հաջողություն ունենալու պարագայում մեր հաղթանակը գրեթե ապահովված էր, որովհետև պարզ էր, որ դա շատ մեծ ոգևորություն կբերեր առաջին հերթին մեր կռվող մարտիկներին, մեր բնակչությանը և, բնականաբար, շատ բացասական ազդեցություն կունենար ադրբեջանցիների վրա:

Բայց մյուս կողմից էլ` ձախողման պարագայում մենք կանգնելու էինք ամբողջովին ոչնչացման, պարտության եզրին: Հենց այդ պատճառով է, որ մենք տևական քննարկումներ ունեցանք Շուշիի օպերացիան մշակելու ընթացքում և, ի վերջո , որոշեցինք օրը: Մինչ այդ, երկու անգամ որոշել էինք, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգեցինք և որոշեցինք այդ օրը:

Պետք է ուղիղ ասեմ, որպեսզի շատ երկար տարիներ տարբեր ոչ բարեխիղճ հայտարարությունների, ոչ բարեխիղճ վերաբերմունքի առաջն առնենք ինչ-որ կերպ: Միանշանակ պետք է ասել, որ Շուշիի օպերացիայի հրամանատարն էր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը: Ինչպես ասացի` երկարատև քննարկումներից հետո որոշվեց, որ Շուշիի վրա պետք է հարձակվել չորս ուղղություններով` այս ուղղությունը գլխավորում էր Վալերիյ Չիթչյանը, նրանից աջ` Սեյրան Օհանյանը, ձախ` Արկադի Կարապետյանը և թիկունքից` Լաչինի կողմից, Սամվել Բաբայանը: Այ, այստեղ, տղաներից շատ-շատերը մասնակցել են այդ օպերացիային, և պետք է ասել, որ Շուշին գրավվել է մասնակիցներից յուրաքանչյուրի ջանքերի գնով:

Բայց Շուշիի օպերացիայի հաջողության գրավականներից էր նաև այն, որ դրանից երեք ամիս առաջ` հունվարին, ադրբեջանցիները ձեռնարկել էին շատ մեծ հարձակում Քարին տակի վրա, և այդ ընթացքում, թեև, մեր տղաներից շատերը զոհվեցին` տասնյակից ավելի, բայց գլխովին ջախջախվեց հակառակորդի ամենամարտունակ գումարտակը: Կարծում եմ` լրատվամիջոցներից պետք է տեղեկացված լինեք, որ դրանից հետո Ադրբեջանում տեղի ունեցան պաշտոնափոխություններ, դրանից հետո դատավարություն եղավ, մարդիկ պատժվեցին և այլն: Եվ երկրորդ հանգամանքն այն էր, որ Ադրբեջանում այդ ժամանակ ուղղակի ներքաղաքական գզվռտոց էր:

Պետք է ասեմ, որ օպերացիային մասնակցում էին միայն ու միայն կամավորներ: Բայց շատ կարևոր էր, որ այդ օպերացիային մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա բոլոր ղեկավարները` Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր` զուտ զինվորի կորգավիճակով, ավտոմատը ձեռքին, Բակո Սահակյանը` Ստեփանակերտի նոր ձևավորված վաշտում էր, որի հրամանատարը Վիլենն էր, բոլորով` Սամվել Կարապետյան և այլոք, բոլորը մասնակցում էին այդ օպերացիային: Ընդհանուր պատասխանատուն ես էի, որ հաշվետու էի Ռոբերտ Քոչարյանին և Վազգեն Սարգսյանին:

Գիտեք` Շուշիի մասին ոտքի վրա խոսելը մի քիչ դժվար է, բայց նորից կրկնում եմ, հաստատապես կրկնում եմ, որ Շուշին, Շուշիի օպերացիան, Շուշիի հաջողությունը կանխորոշեց շատ բան:- Շուշիի ազատագրումը Ձեր սերնդինն էր, մեր սերունդը, թերևս, պետք է այն պահպանի, բայց առանց Ձեր սերնդի այն պահպանել հնարավոր չէ: Պարոն Սարգսյան, Դուք հաճախ եք լինում Արցախում, ի՞նչ ծրագրեր ունեք, ընդհանրապես-Գիտեք, թող սենտիմենտալություն չլինի, բայց ես կարոտում եմ առաջին հերթին այն տղաներին, ովեքր մեր գոյամարտի ընթացքում զոհվել են:

Ես շատ եմ կարոտում Վազգենին, իհարկե` Ավոյին, ով ավելի շատ հայտնի է որպես Մոնթե Մելքոնյան, կարոտում եմ ասկոլկային` Աշոտին, կարոտում եմ Յուրային` փոքր Յուրային, կարոտում եմ Նորիկին` Մարտակերտի հրամանատարին, կարոտում եմ Դուշման Վարդանին, կարոտում եմ Տոնար Լյովային, շատ- շատերին եմ կարոտում: Այս քանի օրերի ընթացքում ես կաշխատեմ այցելել մեր տղաներից մի մեծ շարքի շիրիմներին` գոնե ինչ-որ չափով իմ հարգանքը վերահաստատելու:

Ակնհայտ է, որ առանց ավագ սերնդի դժվար է շատ լուրջ հաջողությունների հասնել: Անկասկած, երիտասարդների դերակատարությունը շատ մեծ է, բայց մենք էլ` այն ժամանակվա երիտասարդներս, մենք էլ չէինք կարող պատվով դուրս գալ այդ փորձությունից, հաղթահարել այդ մարտահրավերները, եթե մեր պապերն ու հայրերը Երկրորդ աշխարհամարտի` Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ իրենց այդպես փայլուն չդրսևորեին:

- Պարո’ն Սարգսյան, կան արդյո՞ք Արցախի հետ կապված ինչ-որ ծրագրեր:

- Ծրագրերի պակաս միշտ էլ չի եղել: Տեսնենք: Մտադիր եմ այցելել նաև Ամարաս` հասկանալու համար, թե ինչ վիճակում է գտնվում Ամարասը, որովհետև առանց Ամարասի, առանց Գանձասարի, առանց մեր այդ դարերի իմաստությունն իրենց մեջ կուտակած հուշարձանների, անհնար է հայրենիքը պատվով պաշտպանել:
Շնորհակալ եմ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել