Նախարարությունն ակնկալում է ներգնա զբոսաշրջության 15 տոկոսով աճ |armenpress.am|
10:54 - 14 հունվարի, 2020

Նախարարությունն ակնկալում է ներգնա զբոսաշրջության 15 տոկոսով աճ |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում նախորդ տարվա 9 ամիսների արդյունքով ներգնա զբոսաշրջության աճ ապահոված երկրների եռյակում են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ակնկալում է, որ 2019-ի արդյունքներով ներգնա զբոսաշրջության աճի ցուցանիշը կլինի 15 տոկոս:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«9 ամսվա արդյունքներով ունենք ներգնա զբոսաշրջության 14.4 տոկոս աճ: Շատ կարևոր է, որ այդ աճը մեծ չափով այնպիսի երկրներից Հայաստան այցելողների հաշվին է տեղի ունեցել, որտեղից այցելությունները գերազանցում են 30-40 տոկոսը: Օրինակ՝ Գերմանիայից այցելուների քանակն աճել է 45 տոկոսով, Ֆրանսիայից՝ 21 տոկոսով, Նիդերլանդներից Հայաստան այցելած անձանց քանակն աճել է 23 տոկոսով։ Սպասում ենք, որ 2019-ը կամփոփվի 15 տոկոս ներգնա զբոսաշրջության աճի թվով»,- ասաց Խաչատրյանը:

2019-ի ընթացքում Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով Զբոսաշրջության կոմիտեն Հայաստան է հրավիրել ավելի քան 50 ԶԼՄ ներկայացուցիչների աշխարհի տարբեր կողմերից, բլոգերների՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Իսրայելից, Լեհաստանից: Այցերի արդյունքում ապահովվել է Հայաստանի մասին 5 մլնից ավելի դիտում և 50-ից ավելի հոդվածների հրապարակում:

«Սա այն հիմքն է, որը մեզ թույլ է տալիս մտածել, որ 2020-ի ընթացքում մենք կունենանք ոչ պակաս ներգնա զբոսաշրջության ցուցանիշների աճ, ինչը, իր հերթին, ազդում է հատկապես զբոսաշրջության հետ կապ ունեցող ծառայությունների ոլորտի զարգացմանը: Կարծում ենք, որ 2019-ի ընթացքում հանրային սննդի և կացության ոլորտում ծառայությունների աճը 30 տոկոսը գերազանցող չափով է աճած լինելու»,-ասաց նախարարը:

2019-ի 9 ամիսների կտրվածքով Հայաստան է այցելել 1 մլն 459 հազար 200 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել