Մոպեդ վարելու համար վարորդական վկայական կտրվի 16 տարեկանից. ԱԺ է ներկայացվել ճանապարհային երթևեկության բարեփոխումների փաթեթ |aysor.am|
09:56 - 10 սեպտեմբերի, 2019

Մոպեդ վարելու համար վարորդական վկայական կտրվի 16 տարեկանից. ԱԺ է ներկայացվել ճանապարհային երթևեկության բարեփոխումների փաթեթ |aysor.am|

aysor.am: Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել ճանապարհային երթևեկության ոլորտը կարգավորող օրենսդրական մեծ փաթեթ։

Օրենսդրական նախաձեռնությունը պատգամավորներին ներկայացնելիս ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը տեղեկացրեց, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում հայտնվում են նոր հասկացություններ՝ բեռնաուղևորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ, հատուկ կցորդ, տրիցիկլ, կվադրիցիկլ, կվադրոցիկլ։

Սահմանվում է նաև էլեկտրոմոբիլ հասկացությունը։ Այսուհետև հնարավոր կլինի գրանցել ու հաշվառել մոպեդները, իսկ դրանք վարելու համար պարտադիր է լինելու վարորդական վկայական ունենալը։

«Մոպեդ վարելու իրավունքի վարորդական վկայականը կարող է տրամադրվել 16 տարեկանից սկսած», - ներկայացրեց Քոչարյանը։

Կատարված մյուս փոփոխությունը վերաբերում է փաստաթղթաշրջանառության նվազեցմանը. ըստ ոստիկանության պաշտոնյայի, տրանսպորտային միջոցների հետ կապված գործարքներ կատարելու համար պարտադիր չէ անձամբ ՃՈ ներկայանալ և դրանք անել համացանցի միջոցով։ Քոչարյանն ասաց, որ այս նպատակով ծրագրային ապահովումն այժմ ավարտական փուլում է։

«Օրինագծի ընդունման արդյունքում Ճանապարհային ոստիկանությունը այլևս տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը հանելու եղանակով չի արգելի տրանսպորտային միջոցի շահագործումը։ Օրենքով սահմանված ժամկետում տեխզննություն չանցնելու, տեխզննության կամ հաշվառման կտրոնը փակցված չլինելու դեպքերում։

Դրա փոխարեն տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվելու է տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելու եղանակով, որի դիմաց վարորդին տրվելու է 10-օրյա գործողությամբ ժամանակավոր փաստաթուղթ՝ այդ ընթացքում խախտումները վերացնելու նպատակով», - ներկայացրեց Հովհաննես Քոչարյանը։

Նախագծով երթևեկության լրացուցիչ պահանջենր են սահմանվում հեծանվորդների ու մոպեդ վարողների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել