Մեծ ու դժվար ճանապարհի սկիզբը. ո՞ւր կհասնեն Հայաստանը եւ Ուկրաինան |acnis.am|
09:27 - 08 հունիսի, 2019

Մեծ ու դժվար ճանապարհի սկիզբը. ո՞ւր կհասնեն Հայաստանը եւ Ուկրաինան |acnis.am|

acnis.am։ 2019թ․ ապրիլին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթեց Վլադիմիր Զելենսկին։ Շատ փորձագետներ վերջին ամիսներին Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական զարգացումները եւ, մասնավորապես, Պետրո Պորոշենկոյի պարտությունն ու Վլադիմիր Զելենսկու հաղթանակը համեմատեցին հեղափոխական մի նոր ալիքի հետ, որը եկել է փոխարինելու ուկրաինական՝ 2013-2014 թվականների հեղափոխությանը:

Ի տարբերություն Եվրոմայդանի, որը հստակ ընդգծված հակառուսական ուղղվածություն եւ առաջնահերթորեն երկրի ինքնիշխանությունը վերականգնելու խնդիր ուներ, ուկրաինական «թավշյա» այս փոքր հեղափոխության սլաքները միտված են երկրի ներքին կյանքի արմատական վերափոխմանը։

Զելենսկու՝ ազատ ընտրությունների միջոցով ձեւավորված վարչակազմի ձեռամբ երկրում կատարվել է քաղաքական մի նոր ուղեգծի հիմնարկեքը։ Հայաստանում 2018-ին տեղի ունեցած հեղափոխության նման այն փորձում է հնարավորինս հեռու մնալ արտաքին քաղաքական կողմնորոշումների ցուցադրությունից՝ շեշտը դնելով Ուկրաինայում ներքին կյանքի բարելավման, պետական ինստիտուտների կայացման ու հատկապես օլիգարխիան, մենաշնորհներն ու կոռուպցիան արմատախիլ անելու հրամայականի վրա։

Սակայն մայիսի 20-ին՝ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունից անմիջապես հետո, պարզ դարձավ, որ Ուկրաինայում ներքաղաքական կյանքի բնականոն ընթացքն անհնար է. իշխանության բոլոր ճյուղերում անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ, որոնք անխուսափելիորեն ուղեկցվելու են քաղաքական ցնցումներով։

Պարզ դարձավ նաեւ, որ առանց իրավական հիմնավոր կարգավորումների, առանց օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների համակարգային բարեփոխումների, հնարավոր չէ երկրում նշանակալի հաջողության հասնել օլիգարխիայի, կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարում։

Մայիսի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր ստորագրեց գործող խորհրդարանը՝ Գերագույն ռադան, արձակելու մասին, որի մեծամասնությունն իր հերթին ոչ միայն հրաժարվեց բարեփոխել Ուկրաինայի ընտրական օրենսդրությունը, այլեւ վիճարկեց Զելենսկու հրամանագիրը Սահմանադրական դատարանում։

Նախքան Սահմանադրական դատարանում գործի քննությունը, ինչպես նաեւ հուլիսի 21-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, երկրի ներքաղաքական կյանքը նոր վայրիվերումներ ապրեց։

Հունիսի 3-ին Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա ներկայացրեց պաշտոնյաների կոռուպցիոն ակտիվները քաղաքացիական դատավարության կարգով բռնագրավելու եւ ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվությունը վերականգնելու մասին օրենքի նախագիծը:

Հարկ է նկատել, որ նախորդ նախագահ Պորոշենկոն հասցրել էր պաշտոնից հեռանալուց առաջ չեղարկել անօրինական հարստացումը քրեականացնող օրենքը, որպեսզի պատասխանատվությունից ազատի իր վարչակազմի բոլոր այն անձանց, ովքեր կարող էին մեղադրվել ժողովրդի հարստահարման եւ պետության թալանի մեջ։

Այդ նպատակով փետրվար ամսին Ուկրաինայի ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել քրեական օրենսգրքի՝ անօրինական հարստացման համար պատասխանատվություն սահմանող հոդվածը։ Դա Զելենսկու կառավարությանը զրկել էր նախորդ վարչակազմի անօրինականությունները բացահայտելու եւ պատժելու քրեադատավարական համապատասխան գործիքակազմից։

Ուստի սպասելի էր, որ նոր մեխանիզմի ներդրումը շատ չէր ուշանա։ Այդ պատճառով փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել էր այն հարցը, թե ինչպիսի գործիքակազմ կընտրի Ուկրաինայի նոր նախագահը՝ հաղթահարելու համար նախորդ համակարգի դիմակայությունը։

Զելենսկու ներկայացրած օրինագիծը հնարավորություն է տալիս կիրառել պաշտոնյաների ակտիվները բռնագրավելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու նոր մեխանիզմ՝ կախված վերջիններիս մոտ եղած անօրինական ակտիվների չափերից։

Այն է՝ ֆիզիկական անձանց մոտ մինչեւ 380 հազար եվրո կազմող անօրինական ակտիվներ բացահայտվելու դեպքում դատաքննական վարույթը կիրականացվի քաղաքացիական դատավարության ընձեռած կարգով, եւ կոնկրետ անձանց չհիմնավորված ակտիվները կպետականացվեն դատարանի որոշման հիման վրա, սակայն առանց մեղադրական դատավճիռ արձակելու։ Իսկ 380 հազար եվրոն գերազանցող անօրինական ակտիվների համար անձինք կենթարկվեն արդեն քրեական պատասխանատվության։

Այս փաստաթղթի արդյունավետությունն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կիրառվում են ավելի պարզեցված՝ քաղաքացիադատավարական մեխանիզմներ։ Սա թույլ է տալիս գործերը քննել արագացված կարգով՝ առանց մեղադրանքն ապացուցող լրացուցիչ փաստերի, առանց անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանման, եւ այդ ամենի հետ մեկտեղ՝ օրենքի իրավազորությունը տարածելով նախկինում կատարված արարքների վրա։

Իսկ քրեական պատասխանատվության դեպքում խստացվում է սոսկ պատժի չափը՝ այն պայմանավորելով պետությունից հափշտակված միջոցների էական չափերով։

Այսօր շատերն են նկատում, որ Ուկրաինայում եւ Հայաստանում առաջանցիկ կերպով տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, որոնք ինչ-որ առումով կանխորոշում են հետխորհրդային տարածքի մյուս պետությունների ապագան։ Ընդ որում, երկու երկրներում տեղ գտնող ժողովրդավարացման այդ ալիքներն ընդգրկում են պետական գրեթե բոլոր ոլորտներն ու ինստիտուտները։

Առանձին դեպքերում՝ ինչպես օրինակ, նախկին մետրոպոլիայից ձերբազատվելու եւ ինքնիշխանության հաստատման հարցում Ուկրաինան դրոշակակրի դեր է կատարում։ Սակայն շատ այլ հարցերում հայաստանյան գործընթացները նախորդում են ուկրաինական զարգացումներին։ Ի տարբերություն Հայաստանի, որը կես տարի առաջ լուծեց նոր խորհրդարանի ձեւավորման հարցը, Ուկրաինայում խորհրդարանական ճգնաժամի հաղթահարումը սպասվում է առաջիկա ամիսներին։

Հայաստանում սկսված դատական բարեփոխումների գործընթացն իր զուգահեռն ունի նաեւ Ուկրաինայում։ Արդեն այժմ անօրինական հարստացման դեմ Զելենսկու ներկայացրած օրինագծով առաջարկվում է, որ չհիմնավորվող ակտիվներին վերաբերող գործերը քննվեն Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանում, որը Ուկրաինայի դատական իշխանության նոր ձեւավորված կառույցներից է:

Ընդ որում, կարելի է վստահորեն պնդել, որ տվյալ օրինագծի տարածումը նաեւ դատավորների ակտիվների վրա, ինչպեսեւ Սահմանադրական դատարանի կողմից Գերագույն ռադայի արձակման գործի քննությունը խթան են հանդիսանալու, որ Ուկրաինայում եւս դատական իշխանության շուրջ գործընթացներն ընթանան սուր առճակատման պայմաններում։

Թե ուր կհասնի Ուկրաինան՝ առայժմ դժվար է ասել։ Հեղափոխական այս նոր ալիքը նրան փորձում է ազատել քրեաօլիգարխիկ կլանների թելադրանքից։ Սակայն, ինչպես Հայաստանում, դեռեւս հարց է մնում, թե ապամոնտաժված օլիգարխիկ համակարգի փոխարեն ինչ համակարգ է կառուցվելու նրա տեղում։ Թե ինչով կլցվի քաղաքական այդ դատարկությունը, տակավին անհայտ է։

Պետության իրավական կարգը մշտապես քաղաքական համակարգի հետ սերտ փոխազդեցության մեջ է գտնվում։ Չունենալով կայացած կուսակցություններ, չունենալով ցանկություն հիմքից՝ Սահմանադրությունից սկսել քաղաքական դաշտի առողջացման ու պետական նոր համակարգի կառուցմանը գործընթացը՝ պետականաստեղծ հանրությունները վտանգի մեջ են պահում իրենց ժողովրդավարական հիմնական ձեռքբերումը՝ ազատ ընտրությունները։

Ճանապարհի կեսից կանգ առնելը հակացուցված է յուրաքանչյուր գործընթացի համար։ Պետական շինարարության մեջ հաջողությունն ուղեկցում է միայն նրանց, ովքեր ի վիճակի են կենսակոչելու առավել թարմ, առաջադիմական գաղափարներ եւ պահպանել զարգացման առաջանցիկ տեմպեր։ Թե՛ Ուկրաինան, թե՛ Հայաստանը դեռ մեծ ու դժվար ճանապարհ ունեն անցնելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել