Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ առցանց նիստ կգումարի |hetq.am|
09:20 - 20 ապրիլի, 2020

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ առցանց նիստ կգումարի |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը ապրիլի 21-ին կվերադառնա հարկադիր արձակուրդից, որը պայմանավորված էր կորոնավիրուսի պանդեմիայի տարածմամբ։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Այդուհանդերձ, խորհրդարանը որոշել է չանցկացնել բազմամարդ նիստեր։ Խորհրդարանն իր բազմադարյան պատմության մեջ առաջին անգամ առցանց նիստ կգումարի։ 

«Համայնքների պալատը պատմական քայլ է կատարում դեպի վիրտուալ գործընթացները։ Պատգամավորները, Համայնքների պալատի 700-ամյա պատմության մեջ առաջին անգամ, կկարողանան նախարարներին հարցեր տալ Zoom-ով»,- նշվում է բրիտանական խորհրդարանի պաշտոնական կայք էջում տարածված հաղորդագրության մեջ։

Համայնքների պալատի խոսնակ Լինդս Դոյլը հայտարարել է, որ սկզբում պատգամավորները կկարողանան լսել միայն վարչապետի և կառավարության անդամների հաշվետվությունները, այնուհետև հարցեր տալ։ Այդ սովորական, ամենշաբաթյա գործընթացին առցանց կարող են միաժամանակ մասնակցել Համայնքների պալատի 650 անդամներից 120-ը։ Եվս 50 պատգամավորներ կկարողանան նստել կանաչ նստարաններով հայտնի սրահում՝ խիստ պահպանելով սոցիալական հեռավորությունը։

Թե ինչպես կազմակերպել ամբողջական աշխատանքը հեռահար կարգով, այդ թվում նաև օրենսդրական նախագծերի քննարկումը, ընդունումը, բանավեճերը և քննարկումները, Համայնքների պալատի ղեկավար կազմը դեռ չի որոշել։ Բրիտանական խորհրդարանի աշխատանքը հիմնականում թվայնացված է։ Բոլոր փաստաթղթերը օպերատիվ կերպով հայտնվում են խորհրդարանի կայք էջում, գրեթե բոլոր նիստերը և լսումները հեռարձակվում են առցանց, իսկ Hansard-ի փաստաթղթերի արխիվը հայտնի է ողջ աշխարհում։ Այդուհանդերձ, բրիտանական խորհրդարանի այս պալատում քվեարկությունը կատարվում է հին կարգով. պատգամավորները մեջք-մեջքի շարժվում են դեպի հիմնական սրահին կից սրահ, որտեղ առկա է երկու նախասրահ՝ կողմ և դեմ։ Յուրաքանչյուրը շարժվում է իր նախընտրած նախասրահի ուղղությամբ, իսկ կլերկները հաշվում են գլուխներով։

Սոցիալական հեռավորության պայմաններում նախասրահներում հավաքվել իհարկե չի կարելի, սակայն եթե Համայնքների պալատը մտածի ինչ-որ նորույթ, այն հեղափոխական կլինի կառույցի համար։

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը մարտի 26-ին մեկնել էր հարկադիր արձակուրդի։ Վերջինս պատմական իրադարձություն էր, քանի որ վերջին  300 տարիներին, երբ ստորին պալատը կազմակերպում է կանոնավոր նիստեր, այն երբեք չի կանգնեցրել իր աշխատանքը, բացառությամբ տոն օրերի, ընտրությունների և կառավարության ծրագրի նախապատրաստման ժամանակաշրջանի։ Բրիտանական խորհրդարանն աշխատել է նույնիսկ համաշխարհային պատերազմների օրերին։

Այդուհանդերձ պետք է նշել, որ աշխատանքները ոչ ամբողջությամբ են դադարեցվել։ Կանգնեցվել են միայն նիստերը, իսկ հանձնաժողովները շարունակել են աշխատել հեռահար սկզբունքով։ Օրինակ՝ ապրիլի 17-ին առողջապահության հարցերի հանձնաժողովը տեսազանգի միջոցով լսել է առողջապահության նախարար Մեթ Հենքոքին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել