Մեզ համար առաջնային է հնարավորինս շուտ ունենալ էթիկայի հանձնաժողով. Լ.Մակունցը՝ Գ. Ծառուկյանի հարցի քննության մասին |tert.am|
14:11 - 17 մայիսի, 2019

Մեզ համար առաջնային է հնարավորինս շուտ ունենալ էթիկայի հանձնաժողով. Լ.Մակունցը՝ Գ. Ծառուկյանի հարցի քննության մասին |tert.am|

tert.am։ Սխալ է էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի տեսքով հարցերի քննությունը, մեզ համար առաջնային է հնարավորինս շուտ ունենալ էթիկայի մշտական հանձնաժողով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հարցին:

Նրա խոսքով՝ Ծառուկյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին խմբակցությունում քննարկում չի եղել, բայց իրենց դիրքորոշումը հստակ է՝ սխալ է էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի տեսքով հարցի քննությունը:

«Մեզ համար առաջնային է հնարավորինս շուտ ունենալ էթիկայի մշտական հանձնաժողով, որպեսզի նման հարցերը որևէ կերպ քաղաքական որոշման հետևանք չլինեն, այլ իրենք միանգամից բոլոր նմանատիպ հարցերը քննեն՝ կվերաբերեն դրանք «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», թե «Իմ քայլը» խմբակցություններին»»,- ասաց նա:

«Օլիգարխների հետ կապված ասել ենք, որ չկա փոքրամասնության կողմից ճնշում մեծամասնության վրա: Խոշոր ձեռնարկատեր լինելու հետ կապված որևէ մեկը բացասական կարծիք չի հայտնել կամ չի ասել, որ Գագիկ Ծառուկյանը խոշոր ձեռնարկատեր չէ: Մենք խոսում ենք օլիգարխիայի մասին և այն մասին, թե իշխանության վրա կարող է ազդեցության լծակներ ունենալ, այս առումով՝ ոչ, չի կարող ազդեցություն ունենալ»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցերով իրավապահների կողմից քրեական գործեր չհարուցելու փաստին, Լիլիթ Մակունցն ասաց. «Օրենսդիր կամ գործադիր մարմնի կողմից չի կարող որևէ միջամտություն լինել դատական և իրավապահ մարմինների աշխատանքներին: Իրավապահների եզրակացություններին քաղաքական որոշումներ վերագրելը բացասական արձագանք է ունենալու: Դա մեզ համար գերագույն ժողովրդավարական արժեք է, և նման բան տեղի չի ունենա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել