Մարզային բժշկական կենտրոնները հզորացնելու փոխարեն, հիվանդներին ուղղաթիռով տեղափոխում են Երևան․ առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյան
11:29 - 08 հուլիսի, 2019

Մարզային բժշկական կենտրոնները հզորացնելու փոխարեն, հիվանդներին ուղղաթիռով տեղափոխում են Երևան․ առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ, «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանի հետ զրուցել ենք առողջապահության որակի, դրա հետ կապված խնդիրների ու այդ խնդիրների լուծման ուղիների մասին։

Ի՞նչ հիմնական խնդիրներ կան Հայաստանում՝ բուժծառայությունների որակի հետ կապված։ Որո՞նք կառանձնացնեք։

Բուժծառայությունների որակի հետ կապված առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք շատ հաճախ բարձրաձայնվում են թե՛ ժողովրդի և թե՛ զանազան լրատվամիոցների կողմից, սակայն այդ բողոքները ուղղված են բուժանձնակազմին, քանի որ արդեն ավանդույթ է դարձել ամեն ինչում մեղադրել հենց բուժանձնակազմին:

Բուժօգնության որակը ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ բաղկացուցիչ մասեր և ճիշտ չի լինի առանձնացնել որևէ մեկը կամ մի քանիսը, քանի որ բուժծառայությունների որակի խնդիրը տարբեր բաղկացուցիչ մասերից կազմված մի համակարգ է, որի լուծումը ևս պահանջում է համակարգային մոտեցում և ռազմավարական ու կշռադատված լուծումներ:

Որո՞նք են այդ խնդիրների պատճառները։ Արդյոք կա՞ն օրենսդրական բացեր, թե՞ խնդիրները կապված են բուժհաստատությունների աշխատանքի հետ։

Խնդիրների պատճառները հենց օրենսդրական բացերն են, ինչպես նաև միջազգային կապերի ոչ ճիշտ կիրառումը: Օրենսդրական բացերից է բխում գործելակարգերի և պետության կողմից հաստատված կլինիկական ուղեցույցների բացակայությունը: Օրենսդրական բացերից են բժիշկների իրավունքների և պարտականությունների անհամաչափությունը, ինչպես նաև բուժաշխատողի մասնագիտական ռիսկի ապահովագրական համակարգի բացակայությունը և այլն։

Բուժօգնության որակի անփոխարինելի բաղկացուցիչ մաս է նաև գիտական մոտեցումը մասնագիտությանը: Սխալ է  բուժօգնության որակը դիտարկել միայն բուժաշխատողների աշխատանքի կոնտեքստում:

Լուծման ի՞նչ ճանապարհներ կան այդ խնդիրների համար։

Լուծման ճանապարհներից մեկն առաջին հերթին գործելակարգերի, ստանդարտների և կլինիկական ուղեցույցների ներդրումն է, որը հիմնված է ապացուցողական բժշկության հենքի վրա և  որը բուժօգնության որակի հիմնական գրավականն է: Այս գործընթացը ժամանակի ընթացքում կհանգեցնի բուժօգնության նույն որակին ինչպես Երևանի հիվանդանոցներում, այնպես էլ մարզային բժշկական կենտրոններում:

Որպես լուծման երկրորդ կետ պետք է նշել բժիշկների մասնագիտական ռիսկի ապահովագրությունը: Այսօր բուժաշխատողները, շատ դեպքերում մտահոգվելով հիվանդի բուժման ռիսկերի հետևանքով առաջացող աղմուկով,  խուսափում են բուժառուներին բուժօգնություն տրամադրել և ուղեգրում են նրանց մայրաքաղաքի զանազան բժշկական կենտրոններ:

Գործելակարգերի, կլինիկական ուղեցույցների ներդրումը և մասնագիտական ռիսկի ապահովագրությունը կհանգեցնեն մարզային հիվանդանոցներում բուժօգնության որակի բարելավմանը:

Երրորդ կետը բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումն է և բժշկական կենտրոնների հագեցվածությունը: Շատ բժիշկների ֆինանսական առումով հասանելի չեն արտերկրում վերապատրաստման ծրագրերը, իսկ Հայաստանում շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումները խիստ անհավասարաչափ են բաշխված թե՛ ըստ մասնագիտությունների և թե՛ ըստ մարզերի: Այսպես, օրինակ, 2018 թվականին այրվածքաբանների համար իրականացվել է 1 գիտաժողով, իսկ ընտանեկան բժիշկների համար՝ 57:

Գնալով խորանում է մարզային առողջապահության թուլացումը՝ մարզային բժշկական կենտրոնները և մասնագետներին հզորացնելու փոխարեն, հիվանդներին ուղղաթիռով տեղափոխում են Երևան: Նման պայմաններում անարդար է և հնարավոր չէ պահանջել բուժօգնության որակ:

Ի՞նչ գործառույթներ ու պարտականություններ ունի այստեղ Առողջապահության նախարարությունը և ի՞նչ պարտավորություններ ունեն մյուս օղակները։

ՀՀ առողջապահության նախարարությունը քաղաքականություն մշակող մարմին է և իր պարտականությունն է հենց առողջապահության զարգացման ուղղությունը, այդ նշանակետին հասնելու ռազմավարական և մարտավարական քայլերը, իսկ այդ ամենի իրականացումը արդեն պետք է լինի այլ կառույցների ենթակայության տակ։ Սակայն այսօր Առողջապահության նախարարությունը փորձում է ոլորտային իշխանությունը  կենտրոնացնել իր հարկի տակ՝ պիտակավորելով, փնովելով և չընդունելով տարակարծությունը:

Նման փակ աշխատաոճ և անհանդուրժողական վերաբերմունք դեռևս չի եղել մեր երկրում՝ երբ նախարարը սկսում է սպառնալ աշխատանքից ազատելով և վարույթներ հարուցել ցանկացած մեկի դեմ, ով որևէ կերպ հակադարձում է իր՝ իմ կողմից որպես սխալ գնահատվող քաղաքականությանը:

Բժշկական հանրությունը նման կերպով տարանջատելով նախարարությունից՝ հնարավոր չէ ապահովել բուժօգնության որակ։

Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է․

  • Զարգացնել և լիազորություններ տալ բժշկական միավորումներին և մասնագիտական ասոցիացիաներին, որոնք կյանքի կկոչեն մշակված քաղաքականությունը: Առողջապահության նախարարությունը թե՛ մարդկային ռեսուրսների առումով և թե՛ իրավասության առումով կաշկանդված է քաղաքականության իրականացման հարցում:
  • Նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրերում ընդգրկել նաև ուղեցույցների և գործելակարգերի ստեղծումը, քանի որ անվճար հիմունքներով դրանց որակյալ մշակումն անհնար է:
  • Հենց նախարարությունը նախաձեռնի օրենքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթացը, որպեսզի մեր երկրում բժշկը լինի մասնագիտական ռիսկից  ապահովագրված և անկաշկանդ կերպով կարողանա բուժօգնություն տրամադրել:

Բուժօգնության բարձր որակ ապահովելու համար անելիքները շատ են և մոտակա տարիների ընթացքում անհրաժեշտ է հստակ ռազմավարություն ունենալ և շարժվել այդ ռազմավարությամբ: Մենք պետք է հասկանանք, որ ՀՀ կառավարության նախընտրական ծրագրի դրույթներով, ինչպես նաև նախարարության ներկայացված միջնաժամկետ ծախսային ծրագրերի կետերով, մենք չենք կարողանալու ապահովել բուժօգնության որակի բարելավում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել