Մարդիկ պիտի կարողանան իրենց նմաններին ապավինել, խնդիրների լուծումը գտնել կոլեկտիվի մեջ. Գայանե Այվազյան
05:30 - 18 մարտի, 2019

Մարդիկ պիտի կարողանան իրենց նմաններին ապավինել, խնդիրների լուծումը գտնել կոլեկտիվի մեջ. Գայանե Այվազյան

Արհեստակցական կազմակերպություններն աշխարհի շատ զարգացած երկրներում մեծ հեղինակություն ունեն, նրանց ձայնը լսելի է պետության կողմից, մինչդեռ Հայաստանում այն հաճախ ընկալվում է որպես «խորհրդային մնացուկ»: Վերջերս Մատենադարանի մի խումբ աշխատակիցներ ձևավորել են «Մատենադարանի աշխատողների արհմիությունը»՝ իրենց աշխատանքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար: Թեմայի շուրջ զրուցել ենք նախաձեռնության հեղինակներից մեկի՝ Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանի հետ:

- Ո՞րն է արհմիություն ստեղծելու ձեր նպատակը: Աշխատավայրում մշակութային ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում բերել:

-Արհմիությունները երկար տարիներ իրենց իսկական էությունից հեռացած կառույցներ են եղել, բայց իրականում այդ ինստիտուտը շատ լավն է: Այժմ կարևոր է, որ կարողանանք վերաարժևորել արհմիությունների դերը և ճիշտ դնենք նոր ստեղծվող արհմիությունների հիմքերը: Ավանդաբար դրանց նպատակն է աշխատողների իրավունքների պաշտպանությունը, աշխատավայրի ներքին քաղաքականությանը նրանց մասնակցելու հնարավորությունը: Բայց սա չպետք է լինի միջնորդավորված, այլ ամեն մարդ պետք է կարողանա մասնակիցը դառնալ իր հետ կապված խնդիրների լուծմանը: Մարդիկ իրականում ֆանտաստիկ թռիչքներ կարող են գործել, եթե միայն նախադրյալներ լինեն: Կարծում եմ՝ Հայաստանի ամբողջ համակարգը նախկինում շատ վերտիկալ էր: Այսինքն՝ ձևավորված էին ինչ-որ հարթակներ, որոնք վերևից վերահսկվում էին: Հիմա պետք է ստեղծվեն հարթակներ, որոնք մարդկանց հնարավորություն կտան իրացնել իրենց իրավունքները, ռեալիզացնել մտքերը, եթե դժգոհություններ, առաջարկներ ունեն, բարձրաձայնեն, ինքնաարտահայտվեն:

-Ինչու՞ հենց այս փուլում որոշեցիք ստեղծել արհմիությունը: Արդյոք այն կապ ունի՞ քաղաքական նոր իրավիճակի հետ:

-Հեղափոխությունը, անկասկած, մեծ տարածություն, հեռանկարներ է բացել նոր նախաձեռնությունների իրականացման համար: Եվ այո՛, այն ուղիղ կապ ունի արհմիություն ստեղծելու գաղափարի ոգեշնչման հետ, որովհետև բոլորս հասկանում ենք, որ հեղափոխությունը ենթադրում է մշակույթի, փոխհարաբերությունների, մտածողության փոփոխություն: Եվ եթե մենք հիմա դրանք չփոխենք, մեր հեղափոխությունը կպարտվի: Փոփոխությունները պետք է սկսենք մեր իսկ կյանքից, մեր միջավայրից: Արհմիությունը նաև այդ ձգտումով ստեղծված մի հարթակ է, որտեղ մեր խնդիրն է եղել նոր իրավիճակում ձևակերպել մեր ցանկությունները, մեր հույսերն ու երազանքները:

-Մատենադարանի մյուս աշխատակիցների կողմից ինչպիսի՞նն են արձագանքները:

-Հետաքրքրություն, արձագանքներ, իհարկե, կան՝ թե՛ դրական, թե՛ բացասական: Այս փուլում կարող ենք արձանագրել, որ կա ոչ բավարար իրազեկված լինելու, արհմիությունների դերը մինչև վերջ չպատկերացնելու խնդիր: Կա ինչ-որ մտայնություն, որ սա ներփակ, հիերարխիկ կառույց է, որ ստեղծվել է մի խումբ մարդկանց կողմից, իրենք ամենասկզբից ստեղծմանը մասնակից չեն եղել, և հետևաբար այն հերթական սխալ պրոյեկտն է: Բայց սա ինքնակազմակերպ նախաձեռնություն է, և, բնականաբար, բոլորին նախապես ներգրավել հնարավոր չէր: Երբ մարդիկ Մաշտոցի պուրակի համար պայքարում էին, ի վերջո մի խումբ ինքնակազմակերպվեց, չէ՞, իսկ հետո նրանց միացան այլ համակիր խմբեր: Արհմիությունների մասին օրենքն էլ ասում է, որ նույնիսկ երեք աշխատակիցներ կարող են միավորվել ու ստեղծել արհմիություններ: Մասնակցությունն այստեղ կամավոր է՝ ի տարբերություն մինչ այժմ եղած ավանդական արհմիությունների: Եվ հարցն ամենևին էլ անձերը չեն. պետք է միանալ ոչ թե մարդկանց, այլ գաղափարին: Այստեղ պաշտոններ չեն բաժանվում, ոչ ոք չի վճարվում այս աշխատանքի համար, և եթե կան այլ մարդիկ, ովքեր կիսում են նույն նպատակները, կարող են ուղղակի գալ ու միանալ:

-Ի՞նչպես եք փորձում բարձրացնել իրազեկվածության մակարդակը:

-Ֆեյսբուքյան էջ ունենք, որտեղ «արհմիութենական այբուբենը» հեշթեգով գրառումների շարք ենք ներկայացնում, աշխատանքային իրավունքներից, օրենսգրքերից հատվածներ տեղադրում: Նախատեսում ենք ընթերցումներ, ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, ինչպես նաև թարգմանություններ: Բայց այնպես չէ, որ մենք արհմիութենական դպրոց ենք անցել, եկել ենք՝ մարդկանց սովորեցնելու: Մասնակիցն ինքը կարդում է, սովորում, կիսում իր գիտելիքը:

- Ի՞նչ միջոցներով է գոյանում ձեր բյուջեն:

-Որպեսզի արհմիությունները լինեն անկախ կառույցներ, կարևոր է, որ բյուջեն գոյանա աշխատակիցների անդամավճարներով: Եթե ինչ-որ ծրագրեր իրականացնելու համար գումար անհրաժեշտ լինի, հնարավոր է նաև, որ դիմենք ինչ-որ դրամաշնորհային ծրագրերի: Իսկ ղեկավարությունից բացարձակ ոչ մի ֆինանսավորում չունենք:

-Ղեկավարությունը կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ արհմիության գործունեության վրա: Ի՞նչ հարաբերություններ ունեք Մատենադարանի տնօրենության հետ:

-Եթե արհմիությունը իսկական է, այսպես ասած «դեղին արհմիություն» չէ, այն ձևավորում են միայն աշխատողները: Տնօրենությունը դրա հետ կապ չի ունենում, նրանք նաև չեն կարող անդամակցել արհմիությանը: Բայց չի նշանակում, թե արհմիությունը ղեկավարության թշնամին է, ընդհակառակը՝ կարող է իրենց էլ օգտակար լինել: Օրինակ՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը մեր՝ արհմիություն ստեղծելու հայտարարությամբ կիսվել էր: Այսինքն՝ մարդը հասկանում է, որ սա դրական նախաձեռնություն է, որովհետև եթե աշխատողները աշխատավայրում հարթակ չունեն լավագույնս ինքնադրսևորվելու նրանց աշխատանքի որակն էլ է տուժում: Այս պահին մեր տնօրենությանը որևէ հարցով չենք դիմել, իրենցից որևէ արձագանք չենք ստացել, բայց կարծում եմ՝ կկարողանանք համատեղ աշխատել:

-«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր օրենքի նախագիծ, ըստ որի՝ տնտեսության տարբեր ճյուղերում աշխատողները հնարավորություն կունենան միավորվել մեկ արհմիության մեջ, սակայն այն հավանության չարժանացավ: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախագծին:

-Հետևել եմ այդ նախագծի քննարկումներին: Այս կուսակցությունը բիզնես հետաքրքրություններ հետապնդող կուսակցություն է, և հասկանում ենք, որ մի բիզնեսմենը կամ գործատուն կարող է մի քանի տարբեր ոլորտներում աշխատող հիմնարկներ ունենալ, և ինձ թվում է՝ ճիշտ չէ, որ տարբեր ոլորտների աշխատակիցները միավորվեն մեկ արհմիության մեջ: Մարդկանց աշխատանքային միջավայրերն ու խնդիրները տարբեր են: Եվ բացի այդ, սա կարող է վտանգահարույց լինել հենց արհմիությունների անկախության տեսակետից:

-Ի՞նչ դեր պետք է ստանձնի պետությունը անկախ արհմիությունների ստեղծման գործընթացում:

-Այսօր արհմիությունների ձևավորման ցանկությունը կա պետական ամենաբարձր մակարդակով: Մենք լսեցինք վարչապետի կոչը, որ ստեղծեք արհմիություններ, պաշտպանեք ձեր աշխատանքային իրավունքները, բայց ցանկությունը դեռ քիչ է, պետական պատկան մարմինները պետք է վերանայեն նախկին քաղաքականությունը: Պետական սխալ քաղաքականության պատճառով են ժամանակին ջախջախվել արհմիությունները Հայաստանում, դարձել անգործունակ կամ հեռացել իրենց սկզբնական առաքելությունից: Այժմ պետությունը պետք է համապատասխան ծրագրերով բարձրացնի դրանց դերը, ձայնը լսելի դարձնի, որպեսզի ինքնանպատակ չլինի մարդկանց գործունեությունը, և նրանք չհիասթափվեն:
Մարդուն տարիներ շարունակ միայնակ են թողել իր խնդիրների հետ, բայց հիմա նրանք պիտի կարողանան իրենց նմաններին ապավինել, ներգրավվել կոլեկտիվի մեջ և այնտեղ գտնել իրենց խնդիրների լուծումը: Միայնակ մարդկանց հասարակությունը վտանգավոր հասարակություն է: Մարդիկ պետք է հավատան, որ կարող են ազդել քաղաքականության վրա: Դրանից միայն պետությանը մեծ օգուտ կլինի: Պետք է թույլ տալ, որ մարդիկ շարունակեն հեղափոխությունը և այն կրեն իրենց ներսում:

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել