Ճգնաժամը հաղթահարելու համար կառավարությունը չի բացառում պարտքի ավելացումը |civilnet.am|
17:14 - 03 ապրիլի, 2020

Ճգնաժամը հաղթահարելու համար կառավարությունը չի բացառում պարտքի ավելացումը |civilnet.am|

civilnet.am: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը չի բացառում, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառած տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար կառավարությունն ավելացնի պարտքային բեռը:

«Կառավարությունը նախատեսում է ֆինանսական ծախսերի ավելացում, այդ թվում նաև՝ անհրաժեշտության պարագայում պարտքի ավելացման հաշվին», - ասաց նա՝ պատասխանելով Սիվիլնեթի հարցին:

Միևնույն ժամանակ, նախարարի կարծիքով, պարտքի ավելացման քաղաքականությունը պետք է լինի խելամտության սահմանում: 

«Պարտքային բեռը ևս մեր հասարակությունը և ժողովուրդն է վերադարձնելու», - նկատեց նախարարը՝ անդրադառնալով կառավարության հակաճգնաժամային քաղաքականության քննադատների՝ պարտքային բեռի ավելացման ու հարկային արձակուրդների տրամադրման մասին պնդումներին:

Քննադատները կարծում են, որ կառավարությունը ճգնաժամի հետևանքների մեղմման համար պետք է գործի դներ ոչ թե վարկային, այլ հարկային գործիքակազմը՝ տրամադրելով հարկային արձակուրդներ ճգնաժամից առավել տուժած ոլորտներին: Դրանք են զբոսաշրջությունը, ծառայություններն ու հանքարդյունաբերությունը:

Նրանց կարծիքով, վարկային գործիքներից բիզնեսը չի հասցնի օպերատիվ օգտվել և իրացվելիության համար միջոցներ ներգրավել, իսկ ուշացումները կարող են ճակատագրական լինել՝ անշրջելի որոշումների կայացման տեսանկյունից:

Կառավարության «կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրի» ընդհանուր բյուջեն կազմում է 150 մլրդ դրամ, որից 25 մլրդ դրամն ուղղվելու է ճգնաժամից տուժած ոլորտներին աջակցելու, նույնքան գումար էլ հատկացվելու է սոցիալապես անապահով խավերին: Շուրջ 80 մլրդ դրամ էլ կառավարությունը տրամադրելու է զարգացման ծրագրերին, որոնք, վարչապետ Փաշինյանի ձևակերպմամբ, ուղղված կլինեն «հետկորոնավիրուսային աշխարհի» փոփոխությունների նախապատրաստվելուն:

Միևնույն ժամանակ վարչապետն ու կառավարության անդամներն այս պահին հստակ պատրեկացում չունեն, թե ինչպիսին է լինելու «հետկորոնավիրուսային աշխարհը»: Սակայն այդ նպատակի համար հատկացնում են զգալի ֆինանսական միջոցներ: Շուրջ 20 մլրդ դրամ կառավարությունը պահում է որպես ռեզերվային միջոց՝ ըստ անհրաժեշտության օգտագործելու համար:      

Նախարար Խաչատրյանն այնուամենայնիվ կարծում է, որ անհրաժեշտության դեպքում պետությունը դիտարկում է հավելյալ պարտքային միջոցներ ներգրավելու հնարավորությունը: Նպատակը սակայն կապիտալ ծախսերի ավելացումն է, ոչ թե հնարավոր հարկային արձակուրդները կոմպենսացնելը։

Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ պարտքի ավելացման վերաբերյալ առաջիակայում քննարկումներ ու պարզաբանումներ կլինեն:

Ավելին՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել