«Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով քաղաքացիներից խլված գույքը պետք է վերադարձվի ապօրինի հարստացած պաշտոնյաների հաշվին.ԹԻՀԿ տնօրեն Սոնա Այվազյան |lragir.am|
10:16 - 07 հոկտեմբերի, 2019

«Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով քաղաքացիներից խլված գույքը պետք է վերադարձվի ապօրինի հարստացած պաշտոնյաների հաշվին.ԹԻՀԿ տնօրեն Սոնա Այվազյան |lragir.am|

lragir.am:  Երևանի կենտրոնի կառուցապատման ծրագրերն ընդունվել են փակ դռների հետևում մի քանի պաշտոնյաների կողմից գաղտնի համաձայնությունների արդյունքում՝ ակնհայտորեն ոչ հանուն պետության շահի: Սա պետության զավթման դասական դրսևորում է: Այս մասին Ազգային ժողովում անցկացվող «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

Նա ասաց, որ այս գործընթացի պատասխանատուն այդ տարիներին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ով երբեք չի էլ թաքցրել իր բացառիկ ոգևորությունը այդ բիզնես նախագծերի նկատմամբ: «Կարծում ենք, որ առկա փաստերը պետք է հիմք հանդիսանան քրեական գործերի հարուցման համար: Անհրաժեշտ է տալ քաղաքական գնահատական պետության զավթման այս առանձին դրսևորմանը՝ դրանով ստեղծելով հիմքեր, որպեսզի ապագայում նման գործընթացներն իսպառ բացառվեն»,- ասաց նա:

Անօրինական գործողությունների հետևանքով քաղաքացիներից խլված գույքը, ըստ Սոնա Այվազյանի, պետք է վերադարձվի նրանց: Եվ այդ ամենը պետք է արվի ապօրինի հարստացած պաշտոնյաների հաշվին:

Ըստ նրա՝ խիստ կասկածելի են եղել երկրի ղեկավարության կողմնակալ հարաբերությունները կառուցապատողների հետ: «Կառուցապատողներին մեծահոգաբար տրամադրվել էր քաղաքացիների հնարավորինս ցածր գներով բռանգրավված գույքը: Կառավարությունը չարաշահել է հողային օրենսգքրով իրեն տրված հայեցակարգային լիազորությունը և Երևանի կենտրոնի կառուցապատման մեծածավալ ու խոշոր ներդրումներ պահանջող ծրագրի իրականացման իրավունքը՝ առանց որևէ պաշտոնական հիմնավորման և առանց մրցույթի հանձնել մի քանի ընկերությունների: Համարյա բոլորն անհայտ, առանց պատմության, իսկ որոշ դեպքերում նաև կասկածելի ծագում ունեցող ընկերություններ էին դրանք»,- ասաց նա:

Ըստ Սոնա Այվազյանի՝ այս ընկերություններից մի քանիսը գրանցված են եղել օֆշորային գոտիներում և ունեն անհայտ ծագում, որոշների նկատմամբ եղել են քրեական գործեր, որոշների հիմնադիրների կազմում եղել են պետական պաշտոնյաներ կամ նրանց հետ փոխկապակցված անձինք: ՀՀ կառավարության կողմից Երևանի քաղաքապետարանին թույլատրվել է հողամասեր տրամադրել կառուցապատողներին առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով՝ այդպիսով քաղաքապետի ձեռքը տալով կոռուպցիոն լծակ՝ պայմանավորվելու նաև հնարավոր անօրինական մուծումների ու գործընթացների վերաբերյալ:

«Վիզկոն ՍՊԸ տնօրեն Պավել Անդերսոնի ցուցմունքից արդեն իսկ հայտնի է մուծված 550 հազար ԱՄՆ դոլարի մասին, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նման գործարքներ են եղել նաև մյուս կառուցապատողների հետ: Կառուցապատման իրավունք ստացած ըննկերությունները գործել են բացարձակ թողտվության պայմաններում: Եղել են դեպքեր, երբ կառուցապատող ընկերությունը չի ունեցել լիցենզիա, որոշները հարյուրավոր քաղաքացիներից խարդախությամբ հափշտակել են առանձնախպես խոշոր գումարներ և չեն կատարել իրենց պայմանագրային պարտականությունները, իսկ պետությունը որևէ քայլ չի կատարել»,- ասաց Սոնա Այվազյանը:

Այս թողտվությունն այն բանի հետևանքն է, որ, նրա խոսքով, կառուցպատողները որոշակի գործարքների մեջ են եղել պետության ինստիտուտների հետ: Իսկ Հայաստանի դատարանները բոլոր դեպքերում կայացրել են ուղղորդված որոշումներ՝ օրինականացնելով ՀՀ քաղաքացիների ապօրինի ունեզրկման գործընթացը: Դատարանների կողմից կաշառք վերցնելու դեպքերի մասին նույնպես կան հաղորդումներ ու փաստեր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել