Հանրապետությունում ունենք գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողեր, որոնք չեն օգտագործվում նպատակային․ Նիկոլ Փաշինյան |factor.am|

10:15 - 23 հունվարի, 2020

factor.am: Ներքին որոշումն արդեն կայացրել ենք՝ կապված չօգտագործվող հողերի, դրանք վարձակալության վերցնելու և այլ մեխանիզմների հետ, և արդեն հստակ այդ գաղափարներն իրագործելու ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսօր խնդիր ունենք՝ հանրապետությունում ունենք գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողեր, որոնք չեն օգտագործվում նպատակային, և այդ հողերի շատ մեծ մասի սեփականատերերը նույնիսկ Հայաստանում չեն ապրում, որպեսզի մենք այդ մարդկանց հետ խոսենք, խնդրենք, համոզենք, որ վարձակալության տան այդ հողերը նրանց, ովքեր պատրաստ են մշակել:

Հիմա մենք մտածում ենք այսպիսի մեխանիզմ ներդնել, որ ըստ մարզերի և հողի կատեգորիաների՝ սահմանենք հողի վարձակալության պետական գին, ունենանք օրենսդրական կարգավորում, որ երբ մի հող երկար ժամանակ չի օգտագործվում՝ և՛ այն դեպքում, երբ սեփականատերը ՀՀ-ում է, և՛ այն դեպքում, երբ սեփականատերը ՀՀ-ում չէ, մենք օրենքի ուժով այդ հողը վերցնենք մարդուց վարձակալության համար, իրեն վճարենք վարձակալության վճար, և պետությունը վարձակալությամբ հանձնի այն տնտեսվարողին, ով պատրաստ է դա օգտագործել:

Այսինքն՝ սրա արդյունքում մենք չմշակվող հողը դարձնում ենք մշակվող՝ այդ ընթացքում սեփականատիրոջը վճարելով որոշակի վարձակալության վճար»,- ասաց նա: Վարչապետը, միաժամանակ, նշեց, որ այդ առումով կադաստրի հետ կապված որոշակի խնդիրներ կան: «Այսօր մենք հանրապետությունում հողերի սեփականաշնորհման որոշ հետևանքների հետ ենք բախվում, որոնք ռեալ խոչընդոտում են տնտեսության զարգացմանը»,- ասաց վարչապետը: Նա պարզաբանեց, որ հողերն ահավոր կտրտված են և, օրինակ, քսան հեկտար հող չկա: «Այս կարգի լուրջ խնդիրներ կան, որոնք մանրակրկիտ, նյարդային աշխատանք են պահանջում»,- ասաց նա՝ այս հարցում կարևորելով հանրության հետ մշտական երկխոսությունը:

«Ես կարծում եմ, որ այս պրոցեսները պետք է արվեն 100 տոկոս թափանցիկ, երբ փակ քննարկումների արդյունքում 0 պայմանական տեղեկացվածությունից հասնում ենք 100 տոկոս տեղեկացվածության, և այդ քննարկումներով կիսվում ենք հանրության հետ, առաջին ռեակցիան սուր է լինում»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ սա տասնյակ հազարավոր մարդկանց շահերի հետ է կապված և պետք է փոխզիջում գտնել, բայց նաև պետք է հասկանալ, որ դժվար լուծումների անհրաժեշտություն ունենալու են:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել