Հայկ Մարությանը հանդիպել է պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրեններին
07:39 - 19 մարտի, 2019

Հայկ Մարությանը հանդիպել է պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրեններին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, քաղաքապետը առանձնակի կարևորել է պատշաճ բուժծառայության մատուցումն ու բնակիչների հանդեպ հոգատար վերաբերմունքը:

«Պետք է բոլոր դրական կողմերը մենք մեզ համար հանենք, բացասականները հասկանանք և տեսնենք, թե ինչպես պետք է շտկենք այդ բացասական կողմերը, որպեսզի արդեն այդ շտկումների միջոցով ավելի լավ արդյունքներ ստանանք: Ես կցանկանայի, որ մենք եղած պայմաններում առավելագույն լավ արդյունք տանք և մեր բնակչության հանդեպ լավ վերաբերմունք ցուցաբերենք»,- ընդգծել է քաղաքապետը:

2019-ին կրկնապատկվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման համար համայնքային բուժհաստատություններին տրամադրվող բյուջեն, ինչն աննախադեպ ցուցանիշ է: 70 մլն դրամի փոխարեն, այս տարի 146 մլն դրամ է հատկացվել այդ նպատակին: Ընթացիկ տարում 150 մլն դրամ էլ նախատեսված է բուժհիմնարկների վերանորոգման համար:

Արդեն իսկ կայացած մրցույթներում տնտեսած միջոցների հաշվի Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շուրջ 90 մլն դրամ էլ հատկացվել է շտապբուժօգնության ենթակայանների վերանորոգմանը: «Ոլորտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ իրատեսական ու իրագործելի միասնական ծրագիր»,- նկատել է քաղաքապետն ու հավելել, որ ծրագրի իրագործման համար պետք է ցուցաբերվի հետևողական մոտեցում:

«Այստեղ մեկ հարց կա, որը մենք մեզ պետք է տանք. Պատրա՞ստ ենք ծանր աշխատելու, այսինքն՝ մենք մեզ զոհաբերելու, որ 5-10 տարի հետո լավ արդյունք ունենանք: Եթե պատրաստ ենք, մենք ունենալու ենք այդ արդյունքը, եթե աշխատենք այս նույն տեմպով՝ միգուցե և չստանանք: Ես ձեզանից ակնկալում եմ այս մոտեցումը, այլապես մենք չենք կայացնի մեր համայնքում այս համակարգը:

Ես նաև կպահանջեմ, որ այն մարդիկ, որոնք չեն ցանկանալու այս ծանր աշխատանքը վերցնել իրենց վրա՝ շուտ հայտնեն դրա մասին»,- նշել է Հայկ Մարությանը: 

Երևանի քաղաքապետարան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել