Հայաստանում ստեղծվել են անվտանգ էկոլոգիական միջանցքներ
07:33 - 23 դեկտեմբերի, 2019

Հայաստանում ստեղծվել են անվտանգ էկոլոգիական միջանցքներ

Ս․թ․ դեկտեմբերի 19-ին «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) կողմից իրականացվող «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրն ամփոփեց իր արդյունքները։ Այն տեւել է 5 տարի, ֆինանսավորվել Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW Զարգացման բանկի միջոցով: Ծրագրի խնդիրն էր նպաստել կենսաբազմազանության պահպանությանը եւ հողերի կայուն օգտագործմանը՝ առանց նվազեցնելու տեղի գյուղական բնակչության եկամուտները:

Ծրագիրն իրականացվել է 3 մարզի (Արարատ, Սյունիք, Վայոց ձոր) 26 համայնքում։ Տրամադրված փոքր դրամաշնորհների շնորհիվ այդ համայնքներում լուծվել են այնպիսի սոցիալ-տնտեսական խնդիրներ, ինչպիսիք են ճանապարհների բարեկարգում, ջրագծերի անցկացում, արտաքին լուսավորության ապահովում եւ այլն։

Կայուն հողօգտագործման փորձի ներդրման համար Արարատի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի 5 համայնքի հետ կնքվել են երկարաժամկետ՝ 7-10 տարվա տեւողությամբ բնապահպանական համաձայնագրեր՝ 10 գյուղական բնակավայրերում բնապահպանական միջոցառումներ իրականացնելու համար։ Ծրագրի շնորհիվ ստեղծվել են անվտանգ միջանցքներ կենդանիների տեղաշարժի համար, ինչի արդյունքում էականորեն ավելացել է ընձառյուծների, բեզոարյան այծերի, գորշ արջերի թիվը։

Բնապահպանական համաձայնագրերը թույլ են տալիս իրականացնել բնության պահպանություն՝ միեւնույն ժամանակ աջակցելով համայնքներին իրականացնելու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումներ։ Օգտագործելով այդ միջոցները՝ համայնքները կարողանում են մասնակցել նաեւ պետական սուբվենցիոն ծրագրերի եւ լրացուցիչ միջոցներ ներգրավել այլ աղբյուրներից։ էկոմիջանցքների խթանման ծրագրի կողմից համաֆինանսավորվել են՝

  • գյուղտեխնիկայի, շինարարական եւ ուղեւորներ փոխադրող մեքենաների տրամադրում Արենիում եւ Սիսիանում,

  • արեւային ջրատաքացուցիչների տրամադրում յուրաքանչյուր տնային տնտեսությանը Արտավանում,


  • բարձրարժեք պտուղների մշակման համար ոռոգման համակարգի ներդրում Զանգակատանը,

  • մակատեղիների եւ հովվի տնակի կառուցում Հորսում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել