Հայաստանի և Արցախի միջև ռոումինգի ելքային զանգի առավելագույն սակագինը կդառնա 27, մուտքայինը՝ 13 դրամ |armenpress.am|
05:51 - 20 սեպտեմբերի, 2019

Հայաստանի և Արցախի միջև ռոումինգի ելքային զանգի առավելագույն սակագինը կդառնա 27, մուտքայինը՝ 13 դրամ |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի և Արցախի շարժական կապի օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների առավելագույն սակագինը 2020-ի հունվարից էականորեն կնվազի: Ելքային զանգերի սակագինը կնվազի շուրջ 25 տոկոսով, այնուհետև՝ 30 տոկոսով՝ հասնելով ընդհուպ 27 դրամի: Իսկ մուտքային զանգերինը կնվազի 40 տոկոսով, այնուհետև 45 տոկոսով՝ հասնելով 13 դրամի:

Այս մասին խոսեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը:

Ելքային զանգերի առավելագույն սակագինը(դրամ/րոպե) 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 հուլիսի 1-ը 38 դրամից կդառնա 29 դրամ, հուլիսի 1-ից մինչև 2021-ի հունվարի 1-ը՝ 28 դրամ, իսկ 2021-ի հունվարից հետո՝ 27 դրամ: Մուտքային զանգերի 25 դրամը 2020 թվականի հունվարի մեկից մինչև 2020 հուլիսի 1-ը նվազի՝ դառնալով 15 դրամ, ապա հուլիսի 1-ից մինչև 2021-ի հունվարի 1-ը՝ 14 դրամ, իսկ 2021-ից հունվարից հետո՝ 13 դրամ:

Նույն հաջորդականությամբ կնվազի նաև տվյալներից փոխանցման և ինտերնետ հասանելիության սակագինը (դրամ/ՄԲ)՝ 45 դրամից դառնալով 22, ապա՝ 17 և կհասնի 15 դրամի: Կարճ հաղորդագրությունների (SMS) (դրամ/sms) սակագինը 40 դրամից կնվազի՝ դառնալով 15 դրամ, ապա՝ 10 դրամ:

Գևորգյանը շեշտեց՝ սրանք առավելագույն թվերն են, օպերատորներն ազատ են այդ թվերից ավելի ցածր գներ սահմանելու:

«Սպասվող նվազեցումները տեղի ունեցան ոչ միայն մեր և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների աշխատանքի արդյունքում, ներգրավված էր նաև մասնավոր հատվածը՝ Արցախի և Հայաստանի օպերատորները: Ռոումինգ ծառայության վճարները կարգավորման ենթակա չեն, և պարզապես բանակցությունների շնորհիվ, հաշվի առնելով նաև ապագայի կանխատեսումները, ծառայությունների էլաստիկությունը, հնարավոր եղավ այս արդյունքին հասնել»,-ասաց Գևորգյանը:

Նախկինում պարբերաբար ևս եղել են նվազեցումներ: Գևորգյանը նկատեց՝ ռոումինգ ծառայությունների վճարներն ուղղակիորեն կախված են նաև նրանից, թե որքան են ներքին սակագները:

Նա նկատեց՝ եթե ավելի ցածր սակագներով մատուցվի ռոումինգը, քան ներքին ծառայություններինը, ապա բաժանորդները բոլորը կօգտվեն ռոումինգ ծառայություններից, այլ ոչ թե տեղական օպերատորից: «2020-ից սպասվող նվազեցումներին հնարավոր եղավ հասնել նաև Արցախի օպերատորի նախորդ տարվա ներքին գների նվազեցումների շնորհիվ»,-ասաց Գևորգյանը:

Հարցին, թե արդյոք կրկին նվազեցումներ կլինեն, նա նշեց՝ գների իջեցումը որոշակի պարբերականություն է նախատեսում, որպեսզի օպերատորները կարողանան գնահատել սպառողական վարքագիծը, ծառայությունների ծավալները:

«Եթե տեղ, հնարավորություն լինի, ինչու ոչ, միգուցե նորից բանակցենք, և գներն իջեցվեն»,-ասաց Գևորգյանը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել