Հայաստանի եւ Իտալիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ուղենշվել են համագործակցության ընդլայնման քայլերը
20:04 - 30 ապրիլի, 2020

Հայաստանի եւ Իտալիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ուղենշվել են համագործակցության ընդլայնման քայլերը

Ապրիլի 29-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ:

Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից զորակցություն է հայտնել Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ համավարակով պայմանավորված մարտահրավերներն արդյունավետ հասցեագրելու և այն շուտափույթ հաղթահարելու գործում:

Նախարար Մնացականյանն իր իտալացի գործընկերոջը ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և վերջինիս սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և իրականացվող ծրագրերը: 

Համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման համատեքստում ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային համագործակցության նոր նախաձեռնությունների շուրջ: 

Անդրադառնալով երկկողմ օրակարգի հարցերին՝ ԱԳ նախարար Մնացականյանը ընդգծել է, որ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս հայ-իտալական քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում արտգործնախարարները դրական գնահատել են Հայաստանի և Իտալիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Ուղենշվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել