ՀՅԴ-ն ուզում է վերակենդանանալ, բայց վատնելու է իր ունեցած վստահությունը. Ալեն Սիմոնյան |tert.am|
09:00 - 04 դեկտեմբերի, 2019

ՀՅԴ-ն ուզում է վերակենդանանալ, բայց վատնելու է իր ունեցած վստահությունը. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: ՀՅԴ-ն քաղաքական նպատակներ է հետապնդում, ուզում է վերակենդանանալ, բայց ընդհակառակը՝ վատնելու են իրենց ունեցած վստահությունը, որովհետև շինծու օրակարգերով և նման գործելաոճով որևէ արդյունքի չի հասնելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախօրեին ԿԳՄՍ նախարարության դիմաց տեղի ունեցած ակցիային:

«Մանկապարտեզային գործողություն էր կատարվում: 2-3 տասնյակ երիտասարդների խնդրում են, բացատրում են, որ ճանապարհ փակելը ճիշտ չէ, բացում են, չեն տանում ոստիկանություն, հետո նորից գալիս, փակում են: Եվ ինչ-որ նախկին իշխանավորներ գալիս են, երիտասարդների ֆոնին փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ իշխանությանն ինչ-որ բանի մեջ մեղադրելով: Երիտասարդներին հանել փողոց, սնել ինչ-որ գաղափարներով, հետո գալ այդ մարդկանց ֆոնին նկարահանվել և փորձել քաղաքական դիվիդենտներ շահել, ես դա համարում եմ... բառեր չասեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ իր ասածը չի վերաբերում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներ Արման Աբովյանին և Անի Սամսոնյանին, որոնք այցելեցին Ոստիկանության կենտրոնի բաժին՝ ծանոթանալու իրավիճակին. «Ես էլ նույնը կանեի նման իրավիճակում, բայց չարեցի, որովհետև ի տարբերություն մեր ընդդիմադիր պատգամավորների, վստահ էի, որ օրինականության հետ խնդիր չի կարող լինել»:

«Վստահեցնում եմ՝ այդ գործելաոճը ժողովրդի մոտ որևիցե աջակցություն չի գտնելու, որովհետև չի կարելի այդպես դեմ տալ, հետո գալ, դեմքի լուրջ արտահայտությամբ ասել՝ դե, տեսաք՝ ինչ արեցին մեր երիտասարդներին»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե նախարար Արայիկ Հարությունյանի՝ ՀՅԴ երիտասարդների հանդիպման պահանջը չի՞ հանդարտեցնի իրավիճակը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նախարարը եթե ճիշտ գտնի, կհանդիպի: Նախարարն արդեն մի քանի հանդիպում է անցկացրել: Ինչ վերաբերում է այդ օրվա հանդիպմանը, այդ օրը նպատակ չի եղել հանդիպելը, նպատակ է եղել մտնել կառավարական շենք և այնտեղ ակցիա անցկացնել, բայց դա քողարկվել է իբր հանդիպման պահանջով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել