ՀՀ-ն պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր, եւ ոչ թե հումք մատակարարող․ վարչապետը համակարծիք է քաղաքացու դիտարկմանը
19:34 - 06 ապրիլի, 2020

ՀՀ-ն պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր, եւ ոչ թե հումք մատակարարող․ վարչապետը համակարծիք է քաղաքացու դիտարկմանը

Քաղաքացիներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում է՝ ի՞նչ քայլեր է պատրաստվում նախաձեռնել կառավարությունը՝ արտակարգ դրությունից հետո տնտեսութայն արագ վերականգման և ստեղծված նոր իրավիճակում համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի դիրքերի ամրապնդման համար, ի՞նչ ուղղությամբ է գնալու ՀՀ կառավարությունը և ո՞րն է տնտեսության զարգացման հեղափոխական տեսլականը՝ արդեն իսկ ստեղծված իրավիճակում։

Նա նաեւ հարցրել է՝ արդյո՞ք պետք չէ զարկ տալ մեր ներքին պաշարների՝ հանքարդյունաբերության զարգացմանը և կարճ ժամանակամիջոցում հումքի փոխարեն պատրաստի արտադրանք արտահանել սկսելը։

Փաշինյանը նկատեց՝ ոչ միայն հանքարդյունաբերության, այլեւ տնտեսության զարգացման առումով քաղաքացու դիտարկումը կառավարության ռազմավարական պատկերացումն է այն տեսանկյունից, որ ՀՀ-ն պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր, եւ ոչ թե հումք մատակարարող․

«Դա ցանկացած երկրի տնտեսական զարգացման կարեւոր գրավականն է։ Հիմա նույն հանքաքարը, որ արտահանում ենք, պատկերացրեք՝ ՀՀ-ում դրանից ստանանք ձեւալկտորներ, դրանից էլ՝ պատրաստի արտադրանք։ Սա նշանակում է նոր աշխատատաեղեր, նոր տեխնոլոգիաներ, նշանակում է, որ տնտեսական այդ հումքի շրջանառությունը հնարավորինս երկար է պտտվում, եւ մենք ուենում ենք ավելացված արժեքի հնարավորինս բարձր մակարդակ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կան մի քանի նախագծեր, եւ իրենք նպատակադրված են, որպեսզի երկրում նաեւ մետալուրգիա լինի, եւ, ընդհանրապես, զարգանա մշակվող արդյունաբերությունը։

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ 2019-ի տվյալներով մենք վերջին տասնամյակի համար աննախադեպ տնտեսական աճ ունեցանք, մշակվող արդյունաբերությունը դարձավ մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղը․ «Ձեր մտահոգությունը կամ առաջակն արդեն իսկ կառավարության կողմից որդեգրված քաղաքականություն է»,- դիմելով քաղաքացում՝ վստահեցրեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է այն նախագծերին, որոնց նպատակը Հայաստանում մետալուրգիական ձեռնարկություններ ստեղծելն է, վարչապետը նկատեց՝ այս հարցի հետ կապված լինելու են բնապահպանական բանավեճեր, բայց ինքը հարցի վերաբերյալ տեսնում է երկու կարեւոր սահման եւ բեւեռ․

«ՀՀ-ն, իհարկե, ասել ենք, պետք է բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխանի, բայց բնապահպանությունը եւս պետք չէ բացարձակ դարձնել։ Որովհետեւ բոլոր շենքերը իրենց մեջ հակաբնապահպանական տարր են պարունակում, այստեղ կարող էին լինել ծառեր, կենդանիներ, այսինքն քաղաքակրթության ցանկացած դրսեւորում հակաբնապահպանական ինչ-որ տարր ունի, այլ բան, որ պետք է քաղաքակարթության եւ բնապահպանության մեջ ճիշտ բալանս գտնենք։ Ժամանակակից աշխարհում բնապահպանությունը ամենաառաջնային խնդիրներից մեկն է, եւ ՀՀ-ի համար, մեր կառավարության համար նույնպես առաջնային խնդիր է, բայց մենք բնապահպանությունը չենք հակադրում տնտեսության զարգացմանը, մենք կարծում ենք, որ մեր տնտեսությունը, արդյունաբերությունը պետք է զարգանան՝ հաշվի առնելով այն բնապահպանական կանոնները, որոնք գոյություն ունեն ժամանակակից աշխարհում»։

Իսկ ինչ վերաբերում է ճգնաժամը հաղթահարելու տեսլականին՝ Փաշինյանն ասաց, որ այստեղ ունեն կարճաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրներ։

«Կարճաժամկետ խնդիր ենք դնում այս տարի հնարավորինս արագ եւ հնարավորինս մեծ ծավալներով իրականացնել կապիտալ ներդրումներ, որովհետեւ դրանք ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ներդրումներն են։ Խոսքը պետական կապիտալ ներդրումների մասին է, եւ պետական կապիտալ ներդրումներն իրենց հետեւից քաշում են տնետսության այլ ճյուղեր։ Իսկ երկարաժամկետ առումով՝ կարծում ենք մեր հիմնական ներդրումը պետք է լինի մարդկային ռեսուրսի զարգացումը, տեխնոլոգիայի եւ գիտելիքի զարգացումը։ Գիտելիք, հմտություն ունեցող մարդիկ են, որ հաջողակ են»,- ասաց գործադիրի ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել