ՀԿ-ները պարտավորվելու են ամեն տարի գործունեության հաշվետվություն ներկայացնել |armtimes.com|
16:01 - 03 փետրվարի, 2020

ՀԿ-ները պարտավորվելու են ամեն տարի գործունեության հաշվետվություն ներկայացնել |armtimes.com|

armtimes.com:   Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին. այն ընդունվեց 4 կողմ, 3 ձեռնպահ, 1 դեմ քվեարկությամբ: Ինչպես ներկայացրեց ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, նախագծով առաջարկվում է հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում կատարել փոփոխություն, ըստ որի՝ կազմակերպությունները պարտավոր են օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացնել գործունեության տարեկան հաշվետվություն:

Այժմ գործող օրենքով հաշվետվություն ներկայացնում են միայն այն ՀԿ-ները, որոնք ֆինանսավորվում են հանրային միջոցներից, իսկ այն ՀԿ-ները, որոնք ունեն մասնավոր ֆինանսավորման միջոցներ, ազատված են այդ պարտականությունից:

«Առաջարկվող փոփոխությամբ ընդլայնվել է կազմակերպությունների կողմից ներկայացվող տվյալների ծավալը, հաշվետվությունն էլ բաղկացած է պայմանական 2 մասից՝ ընդհանուր տվյալներ կազմակերպության մասին, որոնք լրացվում են ինքնաշխատ եղանակով, եւ գործունեության մասին հաշվետվողականություն»,- ասաց Հովհաննիսյանը:

Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, բազմաթիվ ՀԿ-ներ ունեին մտահոգություն, առաջարկ, թե ինչո՞ւ միայն ողջամիտ կասկածի դեպքում չբերել բացարձակ թափանցիկությունը, եւ գույքի հաշվետվության դեպքում սահմանը ո՞րն է, պե՞տք է գրանցել նաեւ տետրերն ու գրիչները:

«Պահանջվում են այնպիսի տեղեկություններ, որոնք ընդհանուր պատկեր կապահովեն կազմակերպության գործունեության վերաբերյալ: Եթե կազմակերպությունը սեփական գույքի ծախսման միջոցների վերաբերյալ ներկայացնի որեւէ հաշվետվություն որեւէ իքս գումարի ծախսման մասով, կգնահատվի՝ տվյալ կազմակերպության համար դրանք ողջամիտ են, թե ոչ: Դա յուրաքանչյուր կազմակերպության մասով անհատական է: Այսինքն՝ ողջամի՞տ է արդյոք տվյալ կազմակերպության համար իքս աշխատակիցներ ունենալու պարագայում իքս քանակի գրիչ եւ տետր ունենալը, թե՞ ոչ»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Զոհրաբյանը հավելեց նաեւ, որ ՀԿ-ների մոտ մտավախություն կա, թե սա կարող է դառնալ ճնշման գործիք ՊԵԿ-ի կամ պետության ձեռքին:

«ՊԵԿ-ը բացարձակ նպատակ չունի անհիմն տեղեկությունների կամ չճշտված հանգամանքների հիման վրա որեւէ ՀԿ-ի նկատմամբ ճնշում գործադրել: Մտավախություն ունենալ, որ այդ հանգամանքից որեւէ ՀԿ-ի իրավունք կխախտվի, ես ուղղակի չեմ տեսնում»,- ասաց Հովհաննիսյանը:

Այս նախագծով, եթե հաշվետվությունն ուշացվում է կամ պարունակում է ոչ պատշաճ եւ ոչ ստույգ տեղեկատվություն, ապա կազմակերպությունը ենթարկվում է վարչական տուգանքի՝ մոտ 50,000 դրամի չափով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել