Կորոնավիրուսով վարակվածների հետ շփված տասը քաղաքացի մեկուսացվել է․ Արսեն Թորոսյան
11:43 - 12 մարտի, 2020

Կորոնավիրուսով վարակվածների հետ շփված տասը քաղաքացի մեկուսացվել է․ Արսեն Թորոսյան

Այս պահին նոր կորոնավիրուսով վարակի 4 գրանցված դեպք ունենք։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ինչպես արդեն նշեցիք, երեկ հաստատվել է ևս 3 դեպք, ունենք փաստացի արձանագրված չորս դեպք։ Պացիենտներից երեքն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն։ Միայն մեկն այս պահին ունի գանգատներ և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, ջերմում է և ստանում է սիմպտոմատիկ բուժում։ Մյուսները որևէ բուժում չեն ստանում»,-նշեց Արսեն Թորոսյանը։

Նախարարը հիշեցրեց, որ երեք պացիենտները ժամանել են Իտալիայից, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մասնագետների հսկողության տակ թե՛ տնային այցերի, թե՛ հեռախոսային կապերի միջոցով, և գանգատների ի հայտ գալուն պես հոսպիտալացվել են։

«Մյուս կանխարգելիչ միջոցառումներից են այդ մի քանի օրերին պացիենտների հետ կոնտակտի մեջ եղած անձանց հայտնաբերումը և մեկուսացումը։ Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ մենք ունենք ևս 31 հոգի։ Ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում, բավական մեծաթիվ մարդկանց։ Հնարավոր է՝ նրանց միջից նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահման վայրում՝ օրվա ընթացքում։ Երկուսը Հայաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Իտալիայի»,-հավելեց Թորոսյանը։

Արսեն Թորոսյանի խոսքով օդանավակայանում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները։ Հատուկ քարտերի լրացում և տնային հսկողություն է լինում այն երկրներից ժամանակծների համար, որտեղ դեպքերը շատ են՝ եվրոպական մի քանի երկրներ, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և այլն։

«Յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ կարևոր է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար։ Իրականացվում են աշխատանքներ ամբողջ երկրում կանխարգելման նպատակով, »,-նշեց նախարարը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց՝ մարտի 15-ին տեղի է ունենալու մեկ չարտերային թռիչք Հռոմից դեպի Երևան, որը կազմակերպվում է կառավարության, «Արմենիա» օդանավակայանի և հայկական ավիափոխադրողի կողմից։ Փոխվարչապետը նշեց, որ նիստի փակ հատվածում կքննարկեն հետագա քայլերը  այդ թռիչքի հետ կապված։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել