Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 08.04․20 (թարմացվող)
00:52 - 09 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 08.04․20 (թարմացվող)

0։49- Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց COVID19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը
Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ՝ արդեն ժպտում է։ [ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան]


0։34- Մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Իրանից և Թուրքիայից հետո։


23։05- Կորոնավիրուսով վարակվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ադմինիստրատիվ բաժնի մեկ աշխատակից։ Քաղաքացու շփման շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ [Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան] |tert.am|


22։59- Հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ 758 պացիենտ ստանում է բուժում:
Բացասական արդյունք է արձանագրվել 4571 թեստավորման դեպքում:


22։52- Նախորդ ամսից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է աջակցություն տրամադրել Հայաստանում սոցիալապես անապահով եւ թիրախային առաջին խմբում գտնվող անձանց: Գործընթացը շարունակվում է:

Խմբերը, որոնց աջակցություն է տրամադրվել եւ շարունակվելու է, նախարարության կողմից դասակարգվել են ըստ խոցելիության աստիճանի: Առաջին երկու թիրախային խմբում միայնակ տարեցներն ու հաշմանդամություն եւ տեղաշարժման խնդիր ունեցող անձինք են: |armtimes.com|


21։39- Սյունիքի մարզում այս պահին կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի կա, բուժվել է 2 քաղաքացի, ունենք 106 ինքնամեկուսացվածներ։ 
Շուրջ 1 շաբաթ առաջ ունեինք 25 վարակված, հիմա արդեն ունենք 2 բուժված, նրանք  դուրս են գրվել ԲԿ-ներից։ 23 վարակվածների առողջական վիճակը լավ է. ծանր հիվանդներ չկան։ նրանցից 4-ը այս պահին գտնվում են Երեւանում, մնանացածը Կապանի եւ Մեղրու բկ-ներում են։ [Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայան] |news.am|


21։29- «Իմ քայլը» հիմնադրամը 100.000.000 ՀՀ դրամ է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում կենսական նշանակության բժշկական պարագաների ձեռքբերմանը:


21։21- Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքներին աջակցության նպատակով։ Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն  աջակցությանը, ինչպես նաև կորոնավիրուսային բռնկման հետևանքներից տուժած  սոցիալական և հումանիտար օգնությանը: 


21։08- Չինաստանից Հայաստան բերվող ծանրոցների վրա այսպիսի գրություն է․ «Թող մեր ընկերությունն ավելի երկար լինի, քան Յանցզի գետն է, եւ ավելի բարձր, քան Արարատ լեռն է»։


20։42- Կառավարության ընդունած 9 հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում՝ այս պահի դրությամբ բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ: [Նիկոլ Փաշինյան]


20։30- Գեղարքունիքի մարզում այս պահի դրությամբ կա 287 ինքնամեկուսացված քաղաքացի, այս օրերի ընթացքում կորոնավիրուսով վարակման կասկածանքով թեստավորվել են 6 քաղաքացի, որոնց մոտ եղել բացասական պատասխան։ Գեղարքունիքի մարզում օրեր առաջ ինքնամեկուսացված քաղաքացիների թիվը հասավ 344-ի, հիմա պակասել է հաշվի առնելով կարանտինային՝ 14-ից 15 օրվա ռեժիմը։ Ինքնամեկուսացվածների մեծ մասը դրսից են եղել։


20։21- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։ 


20։02- Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը.

120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
2 թթվածնի մատակարարման կայան,
60 000 հատ թեստ,
60 000 հատ բժշկական դիմակ,
280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,
100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:


19։37- Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած տնտեսական միջոցառումների կատարման մասին: Նշվել է, որ առաջին միջոցառման շրջանակում տնտեսվարողներից ստացվում են բազմաթիվ վարկային հայտեր, արդեն իսկ բավարարվել է 1 մլրդ 433 մլն դրամի հայտ: 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է գյուղատնտեսական 194 հայտ, որի ընդհանուր ծավալը կազմում է 1 մլրդ 119 մլն դրամ: 3-րդ տնտեսական ծրագրի շրջանակում հաստատվել է 290 մլն դրամի 27 ՓՄՁ ծրագիր: Ծրագրերից օգտվելու հայտերի քննարկումները լայնածավալ կերպով շարունակվում են։


19։34- Կոտայքի մարզում, մասնավորապես դիտարկված Աբովյան, Հրազդան, Եղվարդ, Չարենցավան համայնքներում հացի, ալյուրի, շաքարավազի, ոլոռի, հնդկաձավարի, բրնձի, ձեթի գների գծով գնային փոփոխություններ չեն արձանագրվել:

Պատկերն այլ է Լոռու մարզում: Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան համայնքներում հնդկաձավարի գինը բարձրացել է 1 կգ-ի հաշվով 70-250 դրամի չափով, 500-650 գրամ կշռով հացի գինը՝ 10-20 դրամով (Ստեփանավանում գնային փոփոխություն տեղի չի ունեցել), միևնույն ժամանակ 1 կգ ալյուրի գինը նվազել է 20-90 դրամով, շաքարավազինը՝ 20-40 դրամով:

Դիտարկվող ժամանակահատվածում 1 կգ բրինձը Վանաձորում թանկացել է 50, Ստեփանավանում՝ 80 դրամով: Ալավերդի համայնքում 20 դրամի չափով աճել է 1 լիտր ձեթի գինը: [ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով]




19։15- ՉԺՀ կառավարության և Չինաստանի ժողովրդի անունից անկեղծ աջակցությունս ու համերաշխությունս եմ հայտնում ՀՀ կառավարությանն ու Հայաստանի ժողովրդին, բոլոր հիվանդներին մաղթում շուտափույթ ապաքինում: 
Չինական կողմը վճռականորեն պաշտպանում է կորոնովիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանի ջանքերն ու պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել: Պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել մեր երկու երկրների առողջապահական ոլորտներում համագործակցության ամրապնդման համար՝ համատեղ պաշտպանելով մեր երկրների ժողովուրդների կյանքն ու առողջությունը։ [ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված պատասխան նամակում]


19։09- Սիսիան համայնքի երկու բնակիչներ 2020թ. ապրիլի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սիսիան-Երևան ավտոճանապարհին գտնվող անցակետում խախտել են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին, որի համար հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին: Իմանալով ոստիկանության բաժին հրավիրվելու մասին՝ ոստիկանության Սիսիանի բաժնի վարչական շենքի դիմաց են հավաքվել նրանց մտերիմները: Վերջիններս տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկաններին քաշքշելով և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթևեկությունը խոչընդոտելով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ [ՀՀ Քննչական կոմիտե]


18։54- Հայաստանի այն բժշկական հաստատություններում, որտեղ գտվում են COVID-19-ով հիվանդ պացիենտներ, սննդի մատակարարումը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության եւ տարբեր կազմակերպությունների միջոցով։ Դրսից ուտելիք չի թույլատրվում։ [ԱՆ] |armtimes.com|


18։48- Կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ տարվող միջոցառումներում, ինչպես նաև հաստատված պացիենտների բուժման գործընթացում այս պահին ներգրավված են մոտ 3000 հոգի միայն բժշկական մասով, որոնցից մոտ 300-ը մեկուսացման վայրերում գտնվող մեր քաղաքացիների հետ աշխատանքներում, 1700-ը բժշկական կենտրոններում և 1000-ը հակահամաճարակային միջոցառումներում:
Նրանք մեկ ամսից ավելի է՝ այլ կյանքով են ապրում, որպեսզի հիվանդությունը չտարածվի մեծ թվով մարդկանց շրջանում: Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին:

Նրանք սակայն անզոր կլինեն, եթե մենք բոլորս, մեզնից յուրաքանչյուրն իր անհատական ջանքը ներ չդնի այս գործում:
Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս հիվանդության տարածման կանխման պատասխանատվությունը մեզնից յուրաքանչյուրինն է: [Արսեն Թորոսյան]




18։30- Արարատի մարզում վերջին տվյալներով կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը 175 է։ 
Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Հիմա առավել, քան երբևէ պետք է լինենք պատասխանատու և համախմբված։ Տանը մնալով՝ օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը։ [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]


18։14- Ապրիլի 8-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Արտգործնախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ ընգծելով փոխգործակցության, փոխօգնության և տեղեկատվության փոխանակման կարևորությունը:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Լավրովն անդրադարձ կատարեցին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, համագործակցությանը միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում: [ՀՀ ԱԳՆ]


18։11- «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակներում «Որոշում» քաղաքացիական նախաձեռնությունը Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը տրամադրել է հասարակական կազմակերպության կամավորների կողմից պատրաստված նոր տիպի կորոնավիրուսի վարակից պաշտպանվելու համար նախատեսված 25 հատ հակավիրուսային դեմքի պաշտպանիչ վահան և 100 հատ դիմակ:
Նախաձեռնության հեղինակները առաջիկայում դեմքի հակավիրուսային պաշտպանիչ վահանների և դիմակների ևս 1 խմբաքանակ կտրամադրեն ոստիկանությանը: [ԱՀ ոստիկանություն]


18։08- Համաճարակի առաջին իսկ օրերից դեսպանությունը փորձել է կապ հաստատել ՀՀ քաղաքացիների հետ, և առաջին հերթին Իսպանիայում գործուղման մեջ գտնվող, կրթական ծրագրերով կամ հարազատներին այցելության ժամանածների հետ։ Դեսպանության կայքում և ֆեյսբուքյան էջում տեղադրվել են 24 ժամ գործող թեժ գծի և դեսպանության այլ հեռախոսահամարների, ինչպես նաև էլեկտրոնային փոստի տվյալներ։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմել են ՀՀ դեսպանություն, ցուցակագրվել են և հաշվառվել: [Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյան] |civilnet.am| 


17։58- Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել այդ կանոններին:
[ՊԵԿ]


17։41- ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետներն իրականացրել են դիտարկման աշխատանքներ Սիսիանի մեծ ու փոքր տնտեսվարողների շրջանում։ Իրականացվող աշխատանքների վերջնական նպատակը տուգանելը չէ, այլ տնտեսվարողների կողմից խախտումների, խնդիրների կանխարգելումն ու կարգավորում, ինչը բխում է ինչպես աշխատողի, այնպես էլ տնտեսվարողի շահից։ ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին' խստորեն պահպանել Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի նորմերը: [ԱԱՏՄ]


17։10-  Կորոնավիրուսով վարակված զինծառայողների վիճակը լավ է։ Այս մասին  ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշեց, որ թիվը չի փոխվել, 6 զինծառայող են։ Զինծառայողներից 1-ը թեթեւ ջերմություն ունի, իսկ 5-ի մոտ ամեն ինչ նորմալ է։ Թեթեւ ջերմություն ունեցող զինծառայողի մոտ այլ խնդիր չկա, եւ նրա վիճակը եւս նորմալ է։ |armtimes.com|

 

16։45- ԱՀ ԳՆ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը հերթական ստուգայցն իրականացրել են մայրաքաղաք Ստեփանակերտի գյուղատնտեսական շուկաներում` պարզելու տնտեսավարողների կողմից նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը: Պատասխանատուներին տրվել են վարակի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

16։37- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ ապրիլի 3-ին կայացած ԵՏՀ խորհրդի հերթական նիստի N 33 որոշմամբ հաստատվել է կրիտիկական ներմուծման ապրանքները ցանկը, որոնց նկատմամբ սակագնային արտոնություն է սահմանվում 2020 թ․ ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ` երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս մաքսատուրքերից ազատման տեսքով: Ցանկում ներառվել են մի շարք գյուղատնտեսական եւ պարենային ապրանքներ, մասնավորապես՝ կարտոֆիլ, սոխ, սխտոր, կաղամբ, գազար, պղպեղ, տարեկան, բրինձ, հնդկաձավար, հյութեր եւ մանկական սննդի համար պատրաստի մթերքներ, ինչպես նաև որոշ դեղամիջոցներ եւ բժշկական նշանակության պարագաներ:

 

16։34- ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ ապրիլի 6-ին և 7-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել ՀՀ տասը մարզերում և Երևանում՝ ընդհանուր առմամբ 527 հանրային վայրերում: Դրանցից 326-ն առևտրային կազմակերպություններ են: Բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ամենօրյա վարակազերծման են ենթարկվում շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:  [ԱԻՆ]

 

16։02- Արագածոտնի մարզպետարանի վերահսկողությամբ՝ մարզի համայնքներում ամենօրյա ռեժիմով շարունակում են իրականացվել հանրային տարածքների ախտահանման աշխատանքներ: [Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյան]

 

15։41- ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային վարակի տարածումից խուսափելու նպատակով «Կենտրոնական ավտոկայան» ՓԲ ընկերության հարակից տարածքում մարտի 17-ից գործում է տրանսպորտային միջոցների ախտահանման կայան, որից կարող են անվճար օգտվել ցանկացողները։ Մարտի 29-ից ապրիլի 5-ը ներառյալ, ախտահանվել է 228 տրանսպորտային միջոց, որից 219-ը՝ ավտոբուս, 9-ը՝ թեթև մարդատար ավտոմեքենա։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

14։37- ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից ապրիլի 7-ից՝ ժամը 09:00-ից, մինչև ապրիլի 8-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 134 տրանսպորտային միջոց։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

13։53-  Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով: [Նիկոլ Փաշինյան]

 

13։46-  Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը ՊԲ-ի բոլոր զորամասերում շարունակվում է ամբողջ թափով: Կանխարգելիչ միջոցառումներն առավել բարձր որակով կյանքի կոչելու նպատակով ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում հավաք-պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում են հակամաճարակային միջոցառումների առանձնահատկություններին, կատարում փորձի փոխանակում, ձեռք բերում նոր գիտելիքներ: Մշտական կանխարգելիչ միջոցառումների, խիստ վերահսկողության և հրամանատարության ու համապատասխան ծառայությունների արդյունավետ համագործակցության շնորհիվ, առայսօր հաջողվել է խուսափել նոր տիպի կորոնավիրուսի՝ ՊԲ ներթափանցելու դեպքերից: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

13։36- Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին մարտի 31-ին` օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը, սակայն եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել: Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով: Նախքան նրա մասնակցությունը քվեարկությանը, գյուղում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից 50-ն արդեն քվեարկել էին. օրվա երկրորդ կեսին մասնակցել է ընդամենը 20 քաղաքացի, այդ թվում՝ հետագայում մեկուսացված քաղաքացին: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

11:32- Արտաշատի բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]



11:19- ՌԴ-ից ՀՀ բերված շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ /PCR/ անալիզ: Նշված կոմպլեքսը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը: [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]


11:11- Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:  Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:  Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին: 

Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ: [Նիկոլ Փաշինյան]


11:00-  Թարմացվել է 08.04.2020թ․ 
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 881
Բուժվածներ - 114
Փաստացի բուժվողներ - 758
Բացասական թեստեր - 4571
Մահվան ելքեր - 9 [ՀՀ ԱՆ]


10:55- ԱՀ Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչներն, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են:

Վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն, ներկա պահին անհանգստացնող բան չկա: Ինքնամեկուսացված քաղաքացիներից որևէ մեկը վարակին հատուկ ախտանիշներ չունի։ [ԱՀ ԱՆ]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել