Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06.04․20 (թարմացվող)
00:14 - 07 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06.04․20 (թարմացվող)

23։46- Մենք ամեն ինչ անում ենք, որ ժամանակին ե՛ւ զորակոչը, ե՛ւ զորացրումն իրականացնենք։ [Նիկոլ Փաշինյան]


23։37- Մեկուսացումից դուրս է եկել 400-ից ավելի քաղաքացի:


23:11- Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երկրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 15։40-ին։  Նշյալ թռիչքով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից (ապրիլի 7-ին, ժամը՝ 09:30-ից սկսած):
Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18 [ՀՀ ԱԳՆ]


20:26- Այսօր խնդիր ենք դրել, որպեսզի առաջիկա օրերին օրական թեստերի քանակը դարձնենք 1000: Այսօր մեր օրական թեստերը տատանվում են 200-ից միչև 400-ի շրջանակում: Բայց մենք խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից, գուցե դա հնարավոր լինի վաղը մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար օրը 1000 թեստ անել:  Եվ սրա համար մենք հիմա բավականին մեծ քանակի՝ մոտավորապես 70 հազարին հասնող թեստեր ենք գնում:Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի կազամակերպենք թեստերի արտադրություն տեղում: Մասնագետները վստահեցրել են, որ դա ստացվելու է: Ստացվում է, որ այս զանգվածային թեստավորում պատրաստվում ենք իրականացնել, քանի որ օրը 1000-ը բավականին լուրջ թիվ է։[Նիկոլ Փաշինյան]


18:25- Ոստիկանության ծառայողները և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հաճախ են մարդկանց կուտակումներ տեսնում բակային տարածքներում և փորձում են համոզել քաղաքացիներին, որպեսզի նրանք չխախտեն ինքնամեկուսացման կանոնները։ Ոստիկանությունը և ԱԻՆ աշխատակիցները ամենօրյա ռեժիմով շրջայցեր են կատարում։ Մեր ունեցած ուժերի քանակի հնարավորության սահմաններում փորձում ենք նաև բակային տարածքում քաղաքացիներին համոզել, որպեսզի նրանք չխախտեն ինքնամեկուսացման կանոնները։ [Փոխոստիկանապետ Հայկ Մհրյան]


17։30- «Red Wings» ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթը ուղղություն վերցրեց դեպի Երևան: Չվերթով Երևան կժամանեն Մոսկվայում գտնվող 220 ՀՀ քաղաքացի, որոնք հիմնականում տարանցիկ ուղևորներ են և օրեր առաջ Մոսկվա են ժամանել Ռուսաստանի այլ քաղաքներից: Նրանք 14 օր կարանտինում կլինեն: |armtimes.com|

 

17։29- Կայուն պահակակետեր են տեղակայվել 27 մեկուսացված վայրերում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Պահակակետերում հերթապահող ոստիկանության աշխատակիցների քանակը կազմում է օրական 137 ծառայող, հիշյալ գործողությունն իրականացվում է 24-ժամյա ռեժիմով և կրում է շարունակական բնույթ: |shantnews.am|

 

17։20- ԱԱՏՄ Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել։ Սահմանային անցակետում ուժեղացված վերահսկողության շրջանակում աշխատակիցներն իրականացնում են ընթացիկ աշխատանքներ՝ բեռնատարների վարորդների ջերմաչափում, հասցեական քարտերի լրացում, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացում։ Վերահսկվում են ախտահանման աշխատանքները։ Այս անցակետով ներկայում թույլատրված է բեռնատարների ելումուտն ու ՀՀ քաղաքացիների վերադարձը։ [ԱԱՏՄ]

 

17։16- ՏՄՊՊՀ-ն հրապարակում է Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերի խոշոր համայնքների մի շարք առևտրային կետերում իրականացված մոնիտորինգի արդյունքները հացի, ալյուրի, շաքարավազի, ոլոռի, հնդկաձավարի, բրնձի, ձեթի գների վերաբերյալ: Ապրանքատեսակների մեծ մասի գծով գները դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր առմամբ կայուն են եղել: Հիմնականում գների բարձրացում արձանագրվել է հնդկաձավարի գծով՝ 100-320 դրամի չափով: Առանձին դեպքերում գների ավելի փոքր բարձրացում տեղի է ունեցել բրնձի, ոլոռի, շաքարավազի շուկայում: [ՏՄՊՊՀ]

 

17։05-  Այս պահին մեկուսացված է 16 ոստիկան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։ Նա նշեց, որ վեց ոստիկան էլ վարակված է կորոնավիրուսով։ Փոխոստիկանապետի խոսքով՝ ոստիկանները պրոֆիլակտիկ չեն թեստավորվում: Թեստավորվում են միայն այն ոստիկանները, որոնք, հնարավոր է, խնդիր ունենան: |aysor.am|

 

16։53-  Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն ասաց, որ 2858 անձնական տրանսպորտային միջոցներից իջեցվել են երրորդ ու ավելի ուղևոր հանդիսացող անձիք, իսկ 69 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ՝ կանոնները խախտելու համար։ Մինչ օրս արգելվել է 3007 տրանսպորտային միջոցների մուտքը մի վարչական տարածքից մյուս վարչական տարածք։ |aysor.am| 

 

16։49-  Ոստիկանությունն ապրիլի 6-ի դրությամբ ուղեկցել է Իրանից ՀՀ մուտք գործող  515 բեռնափոխադրումների իրականացնող տրանսպորտային միջոց, ինչին ներգրավված են եղել ոստիկանության 477 կարգախումբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։ Ուղեկցման ընթացքում սահմանափակվել են տրանսպորտային միջոցների վարորդների և նրանց փոխարինող անձանց երթուղուց դուրս տեղաշարժը՝ բացառելով բնակչության համար առողջապահական վտանգ ներկայացնող շփումները։ |armenpress.am|

 

16։41-  Ասկերանի շրջանային մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ և շրջանի վարչակազմի աջակցությամբ  մարտի 20-ից մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը: Ներկա դրությամբ պատրաստվել է շուրջ 2700 դիմակ: Նախատեսվում է ընդհանուր քանակը հասցնել 3000-ի, որը կպահեստավորվի և անհրաժեշտության դեպքում կտրամադրվի շրջանի հանրակրթական ուսումնական հաստատություններին և նախադպրոցական հիմնարկներին: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

16։39- Ապրիլի 6-ի լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները Զվարթնոց օդանավակայանից ԱԻՆ-ի ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մարդատար և բեռնատար ավտոբուսներով իրականացվում է քաղաքացիների և նրանց ուղեբեռների տեղափոխումը մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակավայրեր՝ ըստ անհրաժեշտության: Վարորդները համապատասխան հանդերձանք են կրում, ավտոբուսներն օրական մի քանի անգամ ախտահանվում են: Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Ծառայությունը շարունակական բնույթ է կրում: [ԱԻՆ]

 

16։21- Մրցութային հանձնաժողովն ամփոփում է Կորոնավիրուսի  տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով հայտարարարված դրամաշնորհների մրցույթի հայտերը:  Բավական հետաքրքիր նախագծեր կան։  Առավել մանրամասներ կներկայացնենք ամփոփման ու գնահատման գործընթացների ավարտից հետո: [Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան]

 

16։13- Վերջին 3 օրերին մեզ մոտ եղել է տոկոսային հետևյալ աճը՝ 4․6 տոկոս, 6․8 տոկոս և այսօր՝ 1․3 տոկոս։ Մեզ մոտ վարակվածների  թվի  կրկնապատկման արագությունը 7 օրը մեկ է, այսօր կարող եմ ասել, որ ունենք կրկնապատկման նոր տեմպ՝ 8 օրը մեկ։[Արսեն Թորոսյան]

 

15։58- Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 173 վարակակիր։ Դեպքերի նվազման տենդենց կա․ երեկ հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել։ Եթե առաջիկա օրերին դինամիկան այսպիսին լինի, ապա կարող ենք ասել, որ վարակի տարածումը մեր մարզում չեզոքացվել է։ Բայց սա, բնավ, չի նշանակում, որ կարող ենք արդեն լիովին հանգիստ լինել, տեղաշարժման սահմանափակումները շարունակվելու են խիստ ռեժիմով և, եթե մեզանից յուրաքանչյուրն իր քայլերում պատասխանատու լինի, ապա շատ արագ կհաղթահարենք վիրուսն ու քիչ-քիչ կանցնենք մեր բնականոն կյանքին։ [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]

 

15։38- Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված  Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների աշխատում են գերծանրաբերռնված գրաֆիկով՝ ինչպես աշխատանքային օրերին, այնպես էլ ոչ աշխատանքային օրերին սահմանված հերթապահությունների ժամանակ: Քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շարունակվում են 0-2 տարեկան երեխաների շրջանում պատվաստումների գործընթացը, հատկապես կապույտ հազի, պնևմակոկի դեմ պատվաստումները և այլն: Պատվաստումները կատարվում են առանձնացված, մեկուսացված և անվտանգության բոլոր կանոններին համապատասխանող սենյակներում: [Երևանի քաղաքապետարան]

 

15։36- ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը` կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայնի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։ |hetq.am|

 

15։30- «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Արմավիրի մարզի ներկայացուցիչներն այսօր մարզպետարանին են հանձնել իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված 150 պաշտպանիչ դիմավահան՝ մարզի բուժհաստատություններին աջակցելու նպատակով։ Միջազգային չափանիշներին համապատասխան դեմքի պաշտպանիչ վահանների արտադրությունը կազմակերպվել է մարզի խմբավարների միջոցով` սանիտարական բոլոր կանոնների պահպանմամբ: [Արմավիրի մարզպետարան]

 

15։09- Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 5 դեպք: Այս մասին հայտնել է մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ Վերջինս տեղեկացրել է, որ որևէ նոր աղբյուր չկա. բոլոր դեպքերը փոխկապակցված են նախկինում հայտնաբերված դեպքերի հետ: |hetq.am|

 

15։04- ԿԳՄՍՆ-ի կողմից Լոռու մարզպետարանին հատկացվել է 56 նոր պլանշետ, որոնք կտրամադրվեն մարզի թվով 24 համայնքների դպրոցների:  Վերջիններիս կողմից ժամանակավոր օգտագործման նպատակով դրանք կտրվեն հեռավար դասապրոցեսին մասնակցելու համար տեխնիկական միջոցներ չունեցող, 4 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին: Օգտագործման անհրաժեշտության ավարտից հետո պլանշետները կվերադարձվեն դպրոցներին՝ հետագա տնօրինման նպատակով: Գործընթացը կկրի շարունակական բնույթ:

 

14։53- Վանաձորում կորոնավիրուսային հիվանդության օջախներ չկան. կան հաստատված 1-2  դեպք: Այս մասին ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Քաղաքապետը նշեց, որ Վանաձորում այս պահին կասեցված են բոլոր արտադրությունները, չի գործում հանրային տրանսպորտը, գործում են միայն մթերային խանութներն ու դեղատները, աշխատում են տաքսի ծառայությունները, իրենք էլ խստորեն հետեւում են  պարետի ցուցումներին: |news.am|

 

14։33-  ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ մի քանի տնտեսվարողների պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը վեց ժամով արգելվել է:նԽոսքը հետևյալ սուպերմարկետների մասին է.
«Նունուշ» ՍՊԸ, ք. Երևան, Վ. Շենգավիթ,
«Տիգրանուհի Թևանյան» ԱՁ, է. Երևան, Վ. Շենգավիթ,
«Շոկո» ՍՊԸ, ք. Երևան, Արշակունյաց,
«Սիթի» ՍՊԸ, Կամիտաս:

 

14։31-  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրատապ ռեժիմով նախաձեռնել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի մշակում, որում, ի թիվս այլ կարգավորումների, նախատեսվում է նաև ամրագրել, որ արտակարգ դրության ժամանակահատվածում ԱԱՏՄ-ն ունենալու է լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների մասով վերահսկողություն իրականացնել: [Զարուհի Բաթոյան] 
|armenpress.am|

 

14։17- Մարտունու շրջվարչակազմում հրավիրվել է խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում ամփոփ տեղեկություններ են ներկայացվել շրջանի համայնքներում նոր կորոնավիրուսի տարածումը կանխող համալիր միջոցառումների, տեղերում այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների աշխատանքների ընթացիկ արդյունքների մասին: Նշվել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մշակված «Կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ» ուղեցույցի պահանջներով առաջնորդվելու, ինչպես նաև Ուղեցույցի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի է՛լ ավելի բարձրացման անհրաժեշտությունը:

 

14։14- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: Տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին:  Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և Ռոսպոտրեբնաձորի հետ արդյունավետ համագործակցության համար:

 

11։50-  Այսուհետ հնարավոր է ԱԳՆ-ի էլեկտրոնային հյուպատոսական համակարգի (e-consular.mfa.am) միջոցով առցանց դիմել և փոստով ստանալ նախարարության կողմից ապոստիլով հաստատվող տեղեկանքներ, որոնք պահանջվում են օտարերկրյա պետություններ (դեսպանություններ) ներկայացնելու համար։ Պատրաստի տեղեկանքը հնարավոր է ստանալ փոստով՝ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ աշխարհի ցանկացած կետում։ Դիմումը առցանց ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել ԱԳՆ էլեկտրոնային հյուպատոսական համակարգում՝ հետևյալ հղումով՝ https://e-consular.mfa.am/։ [ԱԳՆ]

 

11։25-  «Նորք» ԻԿՀ-ն շարունակում է մահճակալների ամբողջական զբաղեցվածությամբ և ծանր վիճակում գտնվող պացիենտների հետ իր աշխատանքը։ Ներգրավված են հավելյալ ուժեր, աշխատանքի օպերատիվությունը պահպանելու, պացիենտների բժշկական խնամքը ըստ միջազգային ուղեցույցների համապատասխան կատարելու համար: [«Նորք» ԻԿՀ]

 

11։23- Երեք տասնյակ համակարգիչներ՝ ամբողջական լրակազմերով այսօրվանից կբաշխվեն մեր մարզի մի քանի տասնյակ բազմազավակ ընտանիքների՝ այդ ընտանիքներում դպրոցահասակ փոքրիկների համար հեռավար դասընթացների լիարժեք հասանելիություն ապահովելու նպատակով։ Նախաձեռնությունն իրականություն դարձավ «Smart» նորարար կրթության հիմնադրամի (Smart Foundation/ «Սմարթ» հիմնադրամ) և Ucom հեռահաղորդակցային ընկերության համագործակցության արդյունքում, ինչի առիթով շնորհակալությունս եմ հայտնում մեր գործընկերներին։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

11։00- 06.04.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 833
Բուժվածներ - 62
Փաստացի բուժվողներ - 763
Բացասական թեստեր - 4096
Մահվան ելքեր - 8
24 ժամում- 11 նոր դեպք։ [ԱՆ]

 

09։55- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի համաճարակաբանները, COVID-19 տարածման և կանխարգելման հակահամաճարակաբանական աշխատանքների շրջանակներում, ստուգայց են կատարել մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներ՝ տեղում ստուգելու սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման պահանջները: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

09։03- Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին, հատկապես պատվաստանյութերին դեմ անձանց՝ անտիվաքսերին, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան պատճառ դառնալ։

  • Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից...
  • Նույնն էր աշխարհը, երբ չկար բնական ծաղիկի պատվաստանյութը և միլիոնավոր մարդիկ մահանում էին բնական ծաղիկից...
  • Նույնն էր աշխարհը, երբ չկար պոլիոմիելիտի պատվաստանյութը և հարյուր հազարավոր երեխաներ և մեծահասակներ մահանում և հաշմանդամ էին դառնում պոլիոմիելիտից...
  • Նույնը կլինի աշխարհը, եթե չլինեն այս և շատ այլ պատվաստանյութեր և մենք բոլորով չպատվաստվենք դրանցով...

Հ.Գ. սպասելով նոր՝ կյանք փրկող պատվաստանյութի... [Արսեն Թորոսյան]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07.04․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 06․04․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05.04․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել