Կոնդի բնակիչները բողոքի ակցիայից հետո հանդիպել են Արթուր Մեսչյանի հետ |news.am|
12:05 - 17 մայիսի, 2019

Կոնդի բնակիչները բողոքի ակցիայից հետո հանդիպել են Արթուր Մեսչյանի հետ |news.am|

news.am: Կոնդի բնակիչները այսօր՝ մայիսի 17-ին, բողոքի ակցիա են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի առաջ` պահանջելով իրենց տների համար նոր չափագրում անել:
Նրանք պնդել են, որ խախտվել է իրենց սեփականության իրավունքը, քանի որ իրենք անձնական միջոցներով չափագրումներ են արել, բայց Կադաստրի կոմիտեն այն չի ընդունում ու որպես սեփական տարածք չի գրանցում: Բնակիչները պահանջում են նոր չափագրումներ կատարել` դրանք համաձայնեցնելով թե´ Կադաստրի, թե´ Երեւանի քաղաքապետարանի հետ:

Կոնդի բնակիչներին ընդունել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Դուք, որպես բնակիչներ, մեզ լավ բացատրեք, թե ինչ ապագա եք տեսնում Կոնդում, տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, որովհետեւ կարող է լինեն բնակիչներ, ասեն՝ տվեք մեզ բնակարաններ կամ գումար, կգնանք Կոնդից: Բնակիչներ կան, որ այնքան խորը արմատներով են նստած Կոնդում, որ երբեւէ չեն ցանկանա դուրս գալ: Շատ տարբերակներ կան, դրա համար եկեք հասկանանք»:

Բնակիչներից մի կին Մեսչյանի խոսքին արձագանքեց՝ նշելով, որ իր սրտից է խոսում. «Իմ դիակը իմ տնից պիտի հանեն»:

Մեսչյանը շեշտեց՝ մինչեւ վերջնական չհասկանան՝ որն է լինելու իսկապես հանրային օգուտը, գերակա շահի վերաբերյալ խոսակցություն լինել չի կարող. «Պետք է սկզբից հասկանանք՝ որն է լինելու Կոնդի բնակիչների օգուտը, որի հետեւանքն արդեն կլինեն ճարտարապետական լուծումները, ճանապարհները եւ այլն»:

Բնակչուհիներից մեկը նշեց, որ 2011 թվականից մինչ օրս իրենք դիմումներ են ուղարկում քաղաքապետարան, որ թերի չափագրումները հանեն. «Մեզ հայտնի է, որ նախկինում հրաման է եղել՝ կոնդեցիների տները միտումնավոր թերի չափագրեն, քանի որ այն իրացման գոտի է հայտարարված: Մենք էլ միշտ պայքարել ենք, որովհետեւ բնիկ երեւանցիներ ենք եւ թույլ չենք տա, որ մեր թաղամասը Հյուսիսային պողոտայի ճակատագրին արժանանա: Մենք ավելի լավ է՝ մեր տները պայթեցնենք, քան թողնենք՝ ինչ-որ մեկը գա»,-ասաց բնակչուհին:

Ի վերջո, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հանդիպումները կշարունակվեն բնակիչների հետ: Մեսչյանը խոստացել է, որ խնդիրն ուսումնասիրելու համար հանձնաժողով կձեւավորվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել