Կառավարությունում տեղի կունենա խորհրդակցություն․ կքննարկվի արտակարգ դրություն հայտարարելու հարցը․ Նիկոլ Փաշինյան
09:15 - 16 մարտի, 2020

Կառավարությունում տեղի կունենա խորհրդակցություն․ կքննարկվի արտակարգ դրություն հայտարարելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

Մեր թեստի պատասխանները ստացվեցին գիշերը, բարեբախտաբար բացասական էին։ Առավոտից աշխատանքի վայրում եմ։ Այսօր կարևոր հարցեր պիտի քննարկենք և կարևոր որոշումներ պիտի կայացնենք՝ վերլուծելով առկա իրավիճակը։ Մասնավորապես, պիտի պատասխանենք հարցին, թե արդյոք կարիք կա Հայաստանում կամ հանրապետության առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ձեզ կոչ անել, որ շարունակեք հետևել այն բոլոր հորդորներին, որոնք հրապարակվել են կառավարության, ԱՆ-ի կողմից։ Երեկվանից նոր տվյալներ չունենք կորոնավիրուսի վերաբերյալ, միակ նորությունն այն է, որ կորոնավիրուսի դեպք արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, բայց նա երեկվա վարակվածներից մեկն է։ Երեկ 28 թիվն եմ հրապարակվել, դրանից հետո վարակված չկա։  Գիշերը աշխատանքներ են տարվել ձեռնարկության աշխատակիցների շրջանում՝ հասկանալու համար՝ ովքեր են կոնտակտավորները, որ նրանց մեկուսացնենք»,- կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ ասել է վարչապետը։ 

Վերջինս նշել է, որ մեկ ու կես- երկու ժամվա ընթացքում կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն։ Եթե խորհրդակցության արդյունքներով որոշվի, որ անհրաժեշտ է հանրապետությունում կամ նրա առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարել, կկայացվի նաև այդ որոշումը։

«Եթե նույնիսկ արտակարգ դրություն հայտարարվի, շատ բանով չի փոխի մեր կյանքը, ընդամենը համաճարակային առավել ռիսկային գոտիներում առավել խիստ հսկողություն կսահմանվի, ինչպես երեկվանից մենք դա անում ենք Էջմիածնում։Կորոնավիրուսը վտանգ պարունակում է 70 և ավելի տարիք ունեցողների համար, նրանց նկատմամբ լինենք ուշադիր։ Մյուսների պարագայում միակ վտանգն այն է, որ մենք կվարակենք ուրիշներին։ Տարիքով մեծ և խրոնիկ հիվանդություններ ունեցող մեր հայրենակիցներին խնդրում եմ և կոչ եմ անում տանը մնալ»,-  հավելեց Փաշինյանը։ 

Իր խոսքի վերջում Փաշինյանն ընդգծեց, որ պարենի խնդիր չկա և հորդորեց մեծաքանաակ գնումներ չկատարել։

«Պարենի հետ կապված խնդիր չունենք, եթե լինի, մենք այդ հարցն էլ կկարգավորենք։ Խնդրում եմ չափազանցված գնումներ չանել, ավելորդ աժիոտաժ չտարածել, վստահել միայն կառավարության և պետական մարմինների կողմից տարածվող լուրերին»,- եզրափակեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել