Կառավարությունն արտոնություններ և թույլտվություններ տվեց մի շարք ընկերությունների
08:19 - 26 սեպտեմբերի, 2019

Կառավարությունն արտոնություններ և թույլտվություններ տվեց մի շարք ընկերությունների

Կառավարությունը թույլտվություն տվեց «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում հիմնել ֆոտովոլտաիկ պանելների արտադրություն։

Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 137 հազար 500 դոլարից հասցնել 11 մլն 880 հազար դոլարի: Նախատեսվում է արտադրված արևային պանելների առնվազն 75%-ն արտահանել ԱՄՆ, իսկ մնացածը՝ վաճառել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Իրանում:

Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 2,6 մլն դոլար: Կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 300 հազար դրամ միջին աշխատավարձով:

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «Գլորիա» կարի ֆաբրիկա ՍՊ ընկերությանը:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության համար:
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի վերանորոգման համար: Ներկայումս առկա է 1100 աշխատատեղ, իսկ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 200-250 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 10 մլրդ դրամ, որից 500 մլն դրամի արտադրանքը իրացվելու է ՀՀ տարածքում, 3.5 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 6 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 8 մլրդ 325 մլն 143 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 752 մլն 798 հազար դրամ:

Կառավարությունը բավարարեց «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են սանտեխնիկայի արտադրության համար (զուգարանակոնքեր, լվացարաններ, աղբամաններ և այլն)։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 14 մլրդ 491 մլն 272 հազար դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 31 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 150 նոր աշխատատեղ` 265,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 23 մլրդ 575 մլն դրամ, որից 2 մլրդ 105 մլն դրամի արտադրանքը իրացվելու է ՀՀ տարածքում, 16 մլրդ 23 մլն 320 հազար դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ 920 մլն 680 հազար դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում և մոտ 2.5 մլրդ դրամի արտադրանքը նախատեսվում է պահեստավորել:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14 մլրդ 491 մլն 272 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1 մլրդ 141 մլն 894 հազար դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել