Կառավարությունը հավանություն տվեց արևային կայաններ կառուցելու խոշոր ներդրումային ծրագրին |lragir.am|
13:31 - 26 դեկտեմբերի, 2019

Կառավարությունը հավանություն տվեց արևային կայաններ կառուցելու խոշոր ներդրումային ծրագրին |lragir.am|

lragir.am: Կառավարությունը հավանություն տվեց «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս ծրագրի հիմքում ընկած է «Մասդար» ընկերության և Հայկական պետական հետաքրքրությունների ֆոնդի դեռևս այս տարվա հուլիսի 12-ին կնքված հուշագիրը:

Նրա խոսքով՝ հուշագրով նախատեսվում է արդյունավետ համագործակցություն արևային ֆոտովոլտային, հողմային և լողացող արևային էլեկտրակայանների կառուցման ուղղություններով: «Հետագայում այս երկու ընկերությունների միջև կնքվել է համաձայնագիր, որով առաջարկվում է երկու փուլով իրականացնել 400 մգվտ արևային կայանների կառուցման մի ծրագիր: Առաջին փուլով նախատեսվում է մինչև 2023 թվականի դեկտեմբեր իրականացնել 200 մգվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի ու այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների, շենքերի, շինությունների կառուցում, միացում հաղորդման ցանցին և գործարկում: Նաև մեկ կվտ-ի համար արժեքը կազմելու է 2,99 ցենտ: Սա մեր մոտ գործող ամենացածր սակագնից ավելի ցածր է մոտ 30 տոկոսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ավինյանը՝ ավելացնելով, որ երկրորդ փուլով մինչև 2024 թվականի դեկտեմբերը նախատեսվում է իրականացնել ևս 200 մգվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում՝ 2,95 ԱՄՆ ցենտ սակագնով:

Նախագծով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ծրագրի յուրաքանչյուր փուլի համար հրապարակային հրավերի միջոցով հայտարարել միջազգային մրցույթ՝ հնարավորություն ընձեռելով այլ կազմակերպությունների ներկայացնել ծրագրի տվյալ փուլի համար ՀՀ կառավարության աջակցության համաձայնագրի նախագծով առաջարկված սակագնից առավել ցածր սակագնով ծրագիրն իրականացնելու հայտ:

Ծրագրի յուրաքանչյուր փուլի համար հրապարակային հրավերի միջոցով իրականացվող միջազգային մրցույթի արդյունքներն ամփոփել ու հաղթողին հայտարարել ոչ ուշ քան 2020 թվականի հոկտեմբերի 15-ը՝ առաջին փուլի և 2021 թվականի հոկտեմբերի 15-ը՝ երկրորդ փուլի համար:

«Արվել են հստակ հաշվարկներ, թե մինչև 2030 թվականը որքան արևային կայանների կլանման հնարավորություն ունի էներգետիկ համակարգը և որքան է ցանկալի չափը, որ պետք է կառուցենք: Ըստ հաշվարկների, մինչև 2030 թվականը կառուցելու ենք մինչև 1000 մգվտ հզորության արևային կայաններ»,- ասաց փոխվարչապետը:

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ի՞նչ իրավիճակ ունենք. միջազգային ներդրողը գալիս, ասում է՝ ես ուզում եմ 500 մլն դոլարի ներդրում անել և կառուցել արևային կայաններ Հայաստանի Հանրապետությունում, պատրաստ եմ այդ արևային կայանի էլեկտրաէներգիան վաճառել էներգետիկ համակարգին այս սակագնով: Մենք նայում ենք, տեսնում ենք, որ շատ ցածր սակագին է, դրական վերաբերմունք ենք արտահայտում, բայց քանի որ գործ ունենք սահմանափակ ռեսուրսի հետ, և որպեսզի հարց չծագի, թե ինչու այս ընկերությանը տրվեց նման հնարավորություն, այլ ընկերության չտրվեց, մենք հրապարակային հայտարարում ենք, ասում ենք՝ մենք այսինչ ընկերությունից ունենք այսպիսի առաջարկ, որը մեզ համար հետաքրքիր և ընդունելի է: Եթե որևէ մեկն ունի ավելի լավ առաջարկ, եկեք դրանք ասեք: Եթե ի հայտ կգա ավելի լավ առաջարկ, մենք մի կողմից կապահովենք մրցակցությունը, մեր երկրի շահերը, մյուս կողմից չենք նեղացնի մեր պոտենցիալ ներդրողին»: Վարչապետի համոզմամբ՝ այդ կանոնը ներդրողն ընդունում է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել