Կանայք կուսակցություններում պետք է զբաղեցնեն որոշումներ կայացնող պաշտոններ, քանի որ նրանք կազմում են բնակչության կեսը. Լենա Նազարյան
10:00 - 18 հոկտեմբերի, 2019

Կանայք կուսակցություններում պետք է զբաղեցնեն որոշումներ կայացնող պաշտոններ, քանի որ նրանք կազմում են բնակչության կեսը. Լենա Նազարյան

Ազգային ժողովում կուսակցությունների ներքին ժողովրդավարության, ներառականության հիմնախնդիրից խոսելիս Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը նշեց, որ կուսակցությունների համար պետք է օրենքով որոշակի ընդհանուր և պարդադիր կանոններ և սկզբունքներ ամրագրվեն, քանի որ կուսակցությունները միակ մեխանիզմն են, որոնցով քաղաքական ուժերը մասնակցում են ընտրություններին, կազմակերպում տեղական ինքնակառավարում, ձևավորում խորհրդարան և կառավարություն:

«Կներեք, բայց ես չեմ հավատում, որ այն կուսակցությունը, որը չունի ներքին ժողովրդավարության կանոններ և փորձ, ստանձնելով երկրի կառավարումը, կարող է երկիրն առաջնորդել ժողովրդավարության ճանապարհով, որովհետև այդ կուսակցությունն իր ներսում չունի պատկերացում, թե ինչ է ժողովրդավարությունը, և ինչի համար է այն պետք»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

Լենա Նազարյանը երկու առաջարկ ներկայացրեց: Առաջին առաջարկը վերաբերում էր կանանց ներկայացվածությանը կուսակցություններում:

«Առաջարկում եմ, որ կուսակցությունների ղեկավար կազմի ձևավորման ժամանակ գործի սեռերի ներկայացվածության ապահովման սկզբունքը, և դա կարող է լինել երկու տարբերակով. կա՛մ օրենքով պարտադրել, որ ղեկավար կազմում կամ կոլեգիալ խորհրդում լինի սեռերի ներկայացվածություն, ասենք՝ առնվազն երեք տոկոս ներկայացվածություն, կա՛մ, այլընտրանքային մոտեցում, օրենքով պարտադրել, որ սեռերի ներկայացվածության սկզբունքը ամրագրվի կուսակցությունների կանոնադրության և ծրագրի մեջ»,- նշեց նա՝ հավելելով, որ կանայք պետք է զբաղեցնեն որոշումներ կայացնող պաշտոններ, քանի որ նրանք կազմում են բնակչության կեսը:

Հաջորդ առաջարկը վերաբերում էր կուսակցությունների ղեկավար կազմի ընտրությանը: Լենա Նազարյանի խոսքով՝ հաճախ կուսակցության առաջնորդն է միաձայն որոշում, թե ով լինի կուսակցության ղեկավար կազմում, ղեկավար կազմը տարիներով կարող է չփոխվել, կուսակցության ղեկավարը կամ ղեկավար կազմը որոշում է ընտրական ցուցակը, ինչի հետևանքով կուսակցությունները կոռումպանում, լճանում, վերածվում են բիզնես կազմակերպությունների, կուսակցության ամդամները սկսում են առաջնորդվել նեղ անձնական և խմբային շահերով՝ անտեսելով հանրային շահը:

«Առաջարկում եմ, որ կա՛մ օրենքով պարտադրվի կուսակցություններում ղեկավար կազմի կոլեգիալության և ժողովրդավար մեթոդներով ընտրության սկզբունքը, կա՛մ նորից, որպես այլընտրանքային տարբերակ, կարող ենք նախատեսել, որ կուսակցություններն իրենց կանոնադրություններում ամրագրեն իրենց ղեկավար կազմերի ձևավորումը ժողովրդավար սկզբունքներին համապատասխան, իսկ դա ներքին ընտրությունն է՝ փակ քվեարկությամբ»,- ասաց նա: 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել