Խորհրդարանը վավերացրեց Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիրը |hetq.am|
06:58 - 10 սեպտեմբերի, 2019

Խորհրդարանը վավերացրեց Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիրը |hetq.am|

hetq.am։ Խորհրդարանը միաձայն վավերացրեց «Ռազմական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև» կնքված համաձայնագիրը։ Այն ընդունվեց 109 կողմ ձայնով։

Հիշեցնենք, որ համաձայնագիրը խորհրդարանում ներկայացրել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Ըստ համաձայնագրի` կողմերը փոխադարձ համաձայնությամբ միմյանց տարածքներում կարող են հիմնել ռազմական կցորդի գրասենյակներ և ներկայացուցչություններ՝ ազգային օրենսդրությանը համապատասխան:

Կողմերի լիազորված մարմինները կարող են ռազմական ոլորտում մշակել երկկողմ համագործակցության տարեկան և երկարաժամկետ պլաններ, որոնք կսահմանեն այդ համագործակցության հեռանկարային ուղղությունները և կներառեն համագործակցության միջոցառումների անվանումները, վայրը և ժամկետները, մասնակիցների քանակը:

Կողմերի միջև համագործակցությունը ներառում է անվտանգության և պաշտպանական քաղաքականություն, ռազմական արդյունաբերություն, ռազմական գիտատեխնիկական հետազոտություններ, նյութատեխնիկական ապահովման աջակցություն, ռազմական բժշկություն և առողջություն, ռազմաիրավական պատրաստություն, ռազմական սպորտ և այլն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել