Իրանը պատրաստ է Հայաստանի հետ ընդլայնել գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները
08:13 - 01 հոկտեմբերի, 2019

Իրանը պատրաստ է Հայաստանի հետ ընդլայնել գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները

Իրանը պատրաստ է Հայաստանի հետ ընդլայնել գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները և խորացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում․ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ այսօր Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Ռոհանին Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը և ընդլայնումը` որպես բարեկամի և հարևանի: Մենք պատրաստ ենք Ձեր կառավարության հետ շարունակել աշխատանքները` նոր ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով, ընդլայնել գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները: Միաժամանակ, պատրաստակամ ենք Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը: Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ»,- Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Ռոհանին:

Իրանի նախագահի խոսքով` իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում` Հայաստանում տարբեր ճանապարհաշինական ծրագրերում ներգրավվելու գործում:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է իրանական կողմի պատրաստակամությունը` ընդլայնելու գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը: Հայաստանի վարչապետը և Իրանի նախագահը երկու երկրների կառավարությունների պատասխանատուներին հանձնարարել են սեղմ ժամկետներում մշակել և ներկայացնել նշված ոլորտում համագործակցության ընդլայնման առաջարկություններ:

Կողմերն անդրադարձել են նաև երկաթուղային բնագավառում, բարձր տեխնոլոգիաների, մաքսային, գիտության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հասան Ռոհանին ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորած թիմի` Հայաստանի կառավարության ղեկավարումը ստանձնելուց հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են, իսկ համատեղ ծրագրերը շարունակում են հաջողությամբ կյանքի կոչվել:

Իրանի նախագահը հավելել է, որ իրենք պատրաստակամ են քննարկել նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը, ընդլայնելու երկկողմ կապիտալ ներդրումների, ազատ առևտրի գոտիների միջոցով առևտրաշրջանառության ծավալները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Պարսից ծոցը Սև Ծովին միացնելու տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից, և Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր իրականացնել այդ նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին` ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում պահպանելու համար:

Իր հերթին Հասան Ռոհանին կարևորել է հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով` հաշվի առնելով հակամարտող բոլոր կողմերի դիրքորոշումներն ու կարծիքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել