Ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի. Արմեն Գրիգորյան |civilnet.am|
11:03 - 12 նոյեմբերի, 2019

Ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի. Արմեն Գրիգորյան |civilnet.am|

civilnet.am: Աշխարհի մի շարք երկրներում ժողովրդավարությունն անկում է ապրել, քանի որ ժողովրդավարական ուժերը բավարար ջանք չեն գործադրել ժողովրդավարությունը պաշտպանելու համար: Հակաժողովրդավարական ուժերը ժողովրդավարությանը տրված հնարավորություններն օգտագործել են հակաժողովրդավարական արժեքներ տարածելու, հանրային համերաշխությունը խաթարելու, իսկ այնուհետև ավտորիտար կամ տոտալիտար համակարգ ստեղծելու համար։ Հակաժողովրդավարական ուժերը լուրջ մարտահրավեր են ոչ միայն սահմանադրական կարգի, այլ նաև անվտանգության համակարգի համար։

Պատմությանը հայտնի են ժողովրդավարության մի շարք անկումներ։ Դրա ցայտուն օրինակ է Վայմարյան հանրապետության անկումը և Հիտլերի իշխանության գալը։ Քաղաքական այս գործընթացը վառ օրինակ է, թե ինչպես հակաժողովրդավարական ուժերը, չարաշահելով ժողովրդավարական ինստիտուտները, կարողացան վախեր սերմանել հասարակության մեջ և, օգտագործելով այդ վախերը, տապալել երկրի սահմանադրական կարգը։ Վայմարյան հանրապետության անկումը հուշում է, թե ինչու պետք է կանխել հակաժողովրդավարական ցանկացած գործողություն հենց իր ակունքներում։

Գերմանիայի սահմանադրական դատարանն իր պատմության այդ էջից քաղած դասերից եկել է եզրահանգման, որ պետական իշխանության գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերն ունեն բավարար իշխանություն և պարտավորություն պաշտպանելու ժողովրդավարությունը այն խմբերից, որոնք ցանկանում են վերացնել այն։ Այս մոտեցման հիմքում ընկած է այն գաղափարը, որ չի կարելի թույլ տալ, որ հակաժողովրդավարական ուժերը, օգտագործելով ժողովրդավարական կանոնները, ստեղծեն ավտորիտար կամ տոտալիտար հասարակարգ ՝ դրանով իսկ խախտելով սահմանադրական կարգը։

Սա ոչ միայն անցումային փուլում գտնվող, այլ նաև կայուն ժողովրդավարություններին անհրաժեշտ քաղաքական և իրավական դոկտրին է, որը հայտնի է թարգմանաբար «մարտունակ ժողովրդավարություն» անվամբ (militant democracy):

Կարծիքի, խոսքի, գաղափարների քարոզչության ազատությունը, որը վիրավորում է մարդու արժանապատվությունը, ինչն անօտարելի իրավունք է կամ միտում ունի պարբերաբար վերածվելու ֆիզիկական բռնության ակտի, ողջամտորեն կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների՝ այլ անձանց հիմնարար իրավունքները պաշտպանելու նպատակով։ Օրինակ՝ ժողովրդավարական երկրներում ահաբեկչության քարոզն արգելված է, որովհետև այն ոչ միայն պառակտում է հասարակությունը և երկարաժամկետ վտանգ ներկայացնում մարդկանց կյանքին, այլ նաև սպառնալիք է ժողովրդավարական ինստիտուտներին։

Հայաստանում որոշ մեդիաներ, հաճախ չարաշահելով խոսքի ազատության իրավունքը, «ֆեյք նյուզ»՝ կեղծ լուրեր են տարածում։ Նրանք, թաքնվելով ազատ մամուլի ինստիտուտի հետևում, լուրջ մարտահրավեր են նետում ժողովրդավարական գործընթացներին, այլ ոչ թե խթանում հասարակական դիսկուրսը։ Ավելին՝ նրանք կեղծ լուրերի միջոցով փորձում են հասարակության մեջ պառակտում մտցնել։ Իհարկե, խոսքի ազատության սահմանը շատ նուրբ է։ Միշտ էլ կեղծ լուրեր տարածողների դեմ օրինական գործողությունները կարող են որակվել որպես ազատ խոսքի սահմանափակում, բայց կարևոր է, որ պետությունն անպաշտպան չթողնի իր քաղաքացիներին «ֆեյք նյուզի» դեմ և անվտանգության երաշխավոր հանդիսանա։

Նույն խնդիրը գոյություն ունի կուսակցությունների դեպքում։ Վերջերս Հայաստանում գրանցվում են կուսակցություններ, որոնք ծայրահեղական գաղափարախոսություն են տարածում։ Նման նախաձեռնությունների հետևում կանգնած խմբերը կուսակցությունը չեն դիտարկում որպես միջոց ընտրապայքարին մասնակցելու և քվեներ ստանալու համար։ Կուսակցությունն այդ խմբերի կողմից դիտարկվում է որպես միջոց ժողովրդավարական ինստիտուտները քայքայելու, հասարակության մեջ պառակտում մտցնելու և հանրային համերաշխությունը խաթարելու համար։

Նման իրավիճակներում ևս պետությունը գործ ունի անելու. պաշտպանել ժողովրդավարության արժեքները և ինստիտուտները։ Վայմարյան հանրապետության անկումը տեղի ունեցավ ծայրահեղ և ոչ ժողովրդավարական ուժերի անարգել գործունեության պատճառով, ինչի հետևանքով Գերմանիան մեծ ողբերգություն է ապրել։

Ժողովրդավարական ինստիտուտների չարաշահման մեկ այլ վառ օրինակ է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը։ Հրայր Թովմասյանը, որն ակտիվ մասնակցություն է ունեցել 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին և դրա դիմաց իր մասնաբաժին պաշտոնն է ստացել, այսօր, չարաշահելով ժողովրդավարության սկզբունքները, փորձում է շարունակել պաշտոնավարումը։ Բոլորի համար հստակ էր, որ Սահմանադրության փոփոխությունը վերարտադրության գործընթաց է, և Թովմասյանը մասնակցում էր այդ գործընթացին իր մասնաբաժինը ստանալու համար։ Եվ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալուց առաջ Թովմասյանին վերադարձրեց պարտքը՝ վերջինիս նշանակելով ՍԴ անդամ, այնուհետև՝ նախագահ։ Թովմասյանը այսօր գերի է վերցրել այդ կառույցը և լուրջ խոչընդոտ դարձել Հայաստանի կայուն ժողովրդավարացման ճանապարհին։

Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի, ու իշխանությունն ունի և՛ լիազորություններ, և՛ պարտավորություններ ժողովրդավարական արժեքները և ինստիտուտները պաշտպանելու համար։ Հասկանալի է, որ ժողովրդավարության պաշտպանության և ավտորիտար գործողությունների միջև նուրբ սահման կա: Այդ ուղով գնալը նման է ածելիի ծայրով քայլելու փորձին, սակայն այդ ուղով գնալը նաև անհրաժեշտ է ժողովրդավարության կայացման համար։

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն է


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել