Թուրքիայի հայերը, ասորիները եւ հույները ենթարկվել են ցեղասպանության աստիճանական արշավանքի |news.am|
07:35 - 20 մայիսի, 2019

Թուրքիայի հայերը, ասորիները եւ հույները ենթարկվել են ցեղասպանության աստիճանական արշավանքի |news.am|

news.am: Թուրքիայի հայերը, ասորիները եւ հույները, որոնք տարածաշրջանում գերակշռում էին մինչեւ այն թյուրք մուսուլմանների կողմից գաղութացնելը, 1894-1924 թվականներին ենթարկվել են ցեղասպանության աստիճանական արշավանքի, ինչը հանգեցրել է բնակչության մեջ նրանց թվի կրճատման՝ 20 տոկոսից հասնելով մինչեւ ոչ պակաս, քան 2 տոկոսի:

Այսպիսի եզրակացություն են կատարել իսրայելցի գիտնականներ Բենի Մորիսը եւ Դրոր Զեւին:

Նրանք նշում են, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի եւ ԱՄՆ արխիվները, ինչպես նաեւ հունական, գերմանական եւ ավստրոհունգարական «որոշ աղբյուրներ» հաստատում են նաեւ, որ «Թուրքիայի հայկական, հունական եւ ասորական համայնքները վերացել են ցեղասպանության հետեւանքով, որը սկսվել է 1894 թվականին նրանց հարեւան մուսուլմանների կողմից»:

Ընդհանրացնելով իրենց՝ «Երեսնամյա ցեղասպանություն, Թուրքիան ոչնչացնում է իր քրիստորեական համայնքները, 1894–1924 թթ.» գրքի եզրահանգումները՝ Մորիսը եւ Զեւին պարզել են «երեք տասնամյակում էթնո-կրոնական չարագործությունների ցնցող հետեւողական պատկեր»՝ իրագործված թուրքական կառավարության, բանակի, ոստիկանության եւ բնակչության կողմից «Փոքր Ասիայի քրիստոնեական փոքրամասնության դեմ, որոնք ընդարձակում են ողբերգականորեն հայտնի 1915-16 թվականների Հայոց ցեղասպանության սահմանները, որը դեռեւս ժխտում է թուրքական կառավարությունը»:

«Արյունահեղությունը մեծապես պայմանավորված էր կրոնական թշնամանքով»,- գրում են իսրայելցի գիտնականները: «Թուրքերը, որոնց օգնում էին նույնպիսի մուսուլմաններ, ինչպես քրդերը, չերքեզները, չեչենները եւ արաբները, կոտորածի ժամանակ սպանել են մոտ 2 միլիոն քրիստոնյաների, որը կազմակերպել են երեք հաջորդական կառավարություններ՝ անմիջապես նախքան Առաջին համաշխարհային պատերազմը, պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո»,- պարզաբանում են նրանք:

«Այս կառավարությունները նաեւ 1,5-ից մինչեւ 2 միլիոն քրիստոնյաների վտարել են, հիմնականում դեպի Հունաստան»:

Մորիսը եւ Զեւին նշել են, որ քրիստոնյաների դեմ ագրեսիան հաճախ կրել է սեքսուալ բնույթ՝ մեջբերելով ամերիկացի գլխավոր հյուպատոս Ջորջ Հորթոնի վկայություններն այն մասին, որ անատոլիական Զմյուռնիա քաղաքում թուրքական բռնաճնշումների «ակնառու հատկանիշներից» մեկը «կանանց եւ աղջիկների իրավունքների զանգվածային խախտումն էր»:

«Մենք հայտնաբերել ենք, որ այդ ժամանակահատվածում տասնյակ հազարավոր քրիստոնյա կանայք ենթարկվել են բռնաբարությունների, առեւանգումների եւ ստիպողական կրոնափոխության (իսլամի), ինչպես նաեւ կատարվել են նրանց ամուսինների, որդիների եւ հայրերի զանգվածային սպանություններ ու վտարում»,- գրում են գիտնականները:

«Գերմանիայի ժողովուրդը եւ կառավարությունը վաղուց են ճանաչել Երրորդ ռեյխի իրագործած ցեղասպանության սարսափները, վճարել են ֆինանսական տուգանքներ, արտահայտել են խորը զղջում եւ ջանացել են հրաժարվել ռասիզմից: «Բայց 1924 թվականից սկսած թուրքական յուրաքանչյուր կառավարություն շարունակում է ժխտել իր ցավոտ պատմությունը»,- գրում են նրանք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել