Թող ձեզ առաջնորդեն սեփական համոզմունքները և խիղճը. ՀՀ ԱԺ նախագահը՝ Մամուլի ազատության օրվա առթիվ
18:03 - 03 մայիսի, 2020

Թող ձեզ առաջնորդեն սեփական համոզմունքները և խիղճը. ՀՀ ԱԺ նախագահը՝ Մամուլի ազատության օրվա առթիվ

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է լրագրողներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ ԱԺ նախագահը  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Հարգելի' լրագրողներ,

Շնորհավորում եմ ձեզ մամուլի ազատության օրվա կապակցությամբ։

 

Ազատ մամուլը ժողովրդավարության կարևոր հիմնասյուներից է, հասարակության զարգացման և առաջընթացի գրավականներից մեկը։ Իզուր չէ, որ մամուլն ընդունված է համարել երկրի չորրորդ իշխանությունը։

Մեր բոլորի համատեղ խնդիրն է ապահովել ազնիվ, անաչառ և անկախ մամուլի գոյությունը Հայաստանում։ Մամուլ, որը կկատարի իր իրական առաքելությունը՝ ապահովել մարդկանց տեղեկացված լինելու իրավունքի իրացումը, նպաստել իշխանությունների թափանցիկությանը, հարկ եղած դեպքերում հակակշռել, քննադատել իշխանություններին։ Մամուլը, որը մաս կլինի ընդհանուր հանրային բարիքի ստեղծմանը և Հայաստանում տեղի ունեցող խորքային ժողովրդավարական փոփոխություններին։

Ավելորդ չէ թերևս ընդգծել, որ մամուլի ազատությունը, անկախությունը, անաչառությունը չեն սահմանափակվում միայն իշխանություններից ազատությամբ և անկախությամբ։ Այն կամ համակողմանի և ամբողջական է, կամ այդ պարզապես չկա։

Սիրելի' գործընկերներ,

Ըստ այդմ մաղթում եմ, որ ձեր աշխատանքում ձեզ առաջնորդեն մեր հայրենիքի և հասարակության առջև առաքելության և պատասխանատվության զգացումը, ձեր սեփական համոզմունքները և խիղճը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել