Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը
13:41 - 03 հունիսի, 2019

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը

Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը և դաշնային ծառայության պատվիրակությունը հունիսի 3-5-ը Հայաստանի Հանրապետությունում է:

Ինչպես հայտնեցին ՀՀ հարկադիր կատարման ծառայությունից, այցի նպատակն է տեղում ծանոթանալ և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ռուս գործընկերների հետ: Ողջունելով գործընկերներին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն իր խոսում նշել է. «Մենք բարձր ենք գնահատում երկու երկրների գործընկեր կառույցների միջև կառուցողական հարաբերութունները և հույս հայտնում առավել ջերմ ու բազմակողմանի գործակցության»:

Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է.

«Մենք ուրախ ենք գտնվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում:

Այստեղ հայ գործընկերների հետ առավել առարկայական քննարկումների, գործնական շփումների ու փորձի փոխանակման լայն հնարավորություն է ընձեռնված: Վստահ ենք, որ մեր երկու գործընկեր կառույցների միջև ձևավորված ջերմ գործակցությունը առավել կխորացնենք»:

Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում պարտապանի գույքի իրացման մեխանիզմները, մասնավորապես՝ Հարկադիր կատարման ծառայությունում ներդրված հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և իրականացման գործընթացը: Քննարկվել են նաև հարկադիր կատարման ոլորտին առնչվող մի շարք այլ ընդհանուր հարցեր ու հիմնախնդիրներ:

Աշխատանքային քննարկումից հետո հյուրերը շրջել են Ծառայության տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնում, քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակում, եղել են նաև Ծառայության թանգարանում, որտեղ Դմիտրի Արիստովը գրառում է կատարել հուշամատյանում:

Աշխատանքային քննարկումները կշարունակվեն նաև վաղը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել