Եթե կա հանցագործությամբ ձեռք բերված գույք, այդ գույքը ենթակա է հետ վերադարձի |lragir.am|
12:26 - 28 փետրվարի, 2020

Եթե կա հանցագործությամբ ձեռք բերված գույք, այդ գույքը ենթակա է հետ վերադարձի |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ։

Տիկին Տիգրանյան, վարչապետը  հայտարարել է, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, նաև նշել է, որ թեև կոռուպցիայի դեմ պայքարի առումով նախորդ 1 տարվա ընթացքում բավականին առաջընթաց ունենք, բայց հասարակությունն ավելին է սպասում։ Մյուս կողմից հարցեր են հնչում, որ եթե հասարակությունը ավելին է սպասում, և իշխանությունը դա գիտակցում է, ի վերջո, ով է պատասխանատու, ով է մեղավոր այսպիսի իրավիճակի համար։ Եթե եղել են կամ կան դավաճաններ, նրանց դեմ հարուցված քրեական գործեր չպե՞տք է լինեին։

Կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գնահատականը տրվել է վերջերս հրապարակված «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման համաթվի տարեկան զեկույցով, որով գնահատվել է ավելի քան 170 երկիր։ Վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանը բարելավել է իր դիրքերը այդ համաթվի առումով։

Մինչև հիմա Հայաստանը 33-35 համաթիվից այն կողմ չի ունեցել ցուցանիշ, բայց 2019-ին կառավարության հակակոռուպցիոն գործունեության արդյունքում կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանում դարձել է 42։ Սա աննախադեպ թիվ է։ Սա նշանակում է, որ մենք բարելավել ենք մեր դիրքը այլ պետությունների շարքում 28 տեղով։ Հիմա պետք է ձգտենք 50-ից վերև բարձրանալ, որովհետև 50-ից մինչև 100 համաթիվ ունեցող երկրները կոռուպցիայից զերծ երկրներն են։ Բնականաբար, եթե մենք խոսում ենք համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի մասին, չէր կարող մեկ տարում կառավարության գործունեությունը տալ այն արդյունքները, որ այդ համաթիվը միանգամից 50-ի հասներ կամ հանրության ակնկալիքները ամբողջությամբ բավարարվեին։

Մյուս կողմից ուզում եմ նշել, թե հանրությունն ինչ ակնկալիք ունի. եթե մենք խոսում ենք  կոռուպցիայի դեմ պայքարի մասին, դա չի նշանակում, որ բանտերը պետք է լցնել նախկին կոռուպցիոներներով կամ կոռուպցիոն բոլոր հանցագործություններով պետք է ունենանք մի քանի տասնյակ դատական գործեր։ Որովհետև քրեական գործերի քննությունը երկարատև պրոցես է։ Մենք հիմա ունենք տասնյակ քրեական գործեր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, և այդ գործերը քննության փուլում են։ Այն քրեադատավարական ընթացակարգը, որ կա Հայաստանում, բնականաբար, ողջամիտ մարդը չպետք է ակնկալի այդ գործերի այնպիսի արագ քննություն, որ արդեն հասած լիներ դատաքննության։ Իսկ թե որքան կտևի գործը դատաքննության փուլում, դա էլ անկանխատեսելի է, որովհետև այդ փուլում կողմերը կարող են անընդհատ ներկայացնել միջնորդություններ և այդպես բուն քննությունն ավելի ուշ տեղի ունենա։ Այսինքն ցուցանիշ չէ այն, թե մենք քանի դատապարտում կամ մեղադրական դատավճիռ ունենք։ Բայց այն, որ համակարգային կոռուպցիան երկրում գլխատված է և կոռուպցիայի դեմ պայքարն իրական է, դրանում, կարծում եմ, արդեն այլևս որևէ մեկը չի կասկածում։

Վարչապետը խոսում է նախկին կոռուպցիոներների մասին, նրանց հայտնաբերման, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոչ բավարար աշխատանքների մասին։ Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է աներ իշխանությունը։

Ես չեմ կարող գնահատել քննությունից թաքնվող անձանց ուղղությամբ իրավապահ մարմինների գործունեության արդյունավետությունը։ Դրա համար կան իրենց աշխատանքը գնահատող վերադաս մարմիններ, կան անմիջապես վարչապետի ենթակայության տակ գործող մարմիններ և այդ գնահատականը կտրվի վերջիններիս կողմից։ Մյուս կողմից պետք է հասկանալ, որ երբեմն հնչում են տեսակետներ, որ այս կամ այն անձանց առաջ փակեք սահմանը, որ երկրից գնալու հնարավորություն չունենան։ Ես պատկերացնում եմ, թե նաև իրավապաշտպան կազմակերպությունները, հատկապես նորելուկ, ինչպիսի աղմուկ կբարձրացնեին, եթե մարդու ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակեին այն ժամանակ, երբ նա որևէ գործով չի անցնում ոչ որպես վկա, ոչ որպես կասկածյալ, առավել ևս մեղադրյալ։ Այս առումով իրավապահ մարմինների գործողությունների հետ կապված գնահատականները պետք է տան նրանց անմիջական աշխատանքը գնահատողները։

Այդ դեպքում ինչպե՞ս պետք է վերադարձվեին այդ գումարները, որ և վարչապետի, և հանրության սպասելիքներն արդարանան։

Եթե կա հանցագործությամբ ձեռք բերված գույք, այդ գույքը ենթակա է հետ վերադարձի։ Ցավոք, մեր հանրության մոտ կա թյուր տպավորություն, որ եթե կոռուպցիոներների թալանածը հետ է վերադարձվում, դրանից մաս է հանվում ժողովրդին։ Պետք է հասկանալ, որ թալանված գույքը գանձվում է հօգուտ պետության, իսկ թե ինչպես պետք է գանձվի, կան տարբեր տարբերակներ՝ քրեական մեղադրանքների միջոցով կամ  քաղաքացիաիրավական կարգով։

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել