ԵՄ երկրների հետ առևտուրը նվազել է 17.4%-ով |lragir.am|
14:15 - 15 հունիսի, 2019

ԵՄ երկրների հետ առևտուրը նվազել է 17.4%-ով |lragir.am|

lragir.am: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները Եվրամիության անդամ երկրների հետ անկում են ապրել: Դա են փաստում այս տարվա հունվար-ապրիլ ամիսների վիճակագրական տվյալները, ըստ որոնց՝ ԵՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17.4 տոկոսով: Ընդ որում, Հայաստանից ԵՄ անդամ երկրներ արտահանման ծավալներն առաջին չորս ամիսներին նվազել են 26.7, իսկ ներմուծմանը՝ 11 տոկոսով:

Եվրամիության անդամ առանձին երկրների հետ, սակայն, այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանն ունի արևտրաշրջանառության ծավալների զգալի աճ: Էական աճ է գրանցվել Հայաստան-Դանիա առևտրաշրջանառության ծավալներում՝ այս տարվա չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմելով 92.9 տոկոս: Ավստրիայի հետ առևտրաշրջանառությունը նույն ժամանակահատվածում աճել է 34.2, Ֆրանսիայի հետ՝ 33.3, Իտալիայի հետ՝ 18.8, Նիդերլանդների հետ՝ 24.6, Միացյալ Թագավորության հետ՝ 14.9 տոկոսով:

Նույն ժամանակահատվածում Հունաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները նվազել են 73.3, Ռումինիայի հետ՝ 74.7, Բուլղարիայի հետ՝ 35.1, Գերմանիայի հետ՝ 31.4, Շվեդիայի հետ՝ 33.9, Կիպրոսի հետ՝ 20.3 տոկոսով:

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալներն առաջին չորս ամիսներին աճել են 4.9 տոկոսով: Այս աճը, սակայն, ԵՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների աճի հաշվին է, քանի որ առանց ԵՏՄ երկրների ցուցանիշը դարձյալ բացասական է:

Հայաստան-ԵՏՄ երկրներ առևտրաշրջանառության ծավալը աճել է 5.7 տոկոսով: Այդ երկրներից առևտրաշրջանառության ծավալների էական աճ Հայաստանն ունեցել է Ղրղզստանի հետ՝ 69.0 տոկոս: Հաջորդում է Բելառուսը, որի հետ առևտրաշրջանառությունն աճել է 20.0 տոկոսով, իսկ Ռուսաստանի դեպքում աճը 5.5 տոկոս է: ԵՏՄ անդամ երկրներից Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները հունվար-ապրիլին նվազել են 28.1 տոկոսով:

ԵՏՄ անդամ երկրներ Հայաստանից արտահանման ծավալներն աճել են ընդամենը 0.7 տոկոսով, իսկ անդամ երկրներից ներմուծումը՝ 8.0 տոկոսով:

Վերոնշյալ ժամանակահատվածում ԱՄՆ հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է 20.5 տոկոսով, Արաբական միացյալ Էմիրությունների հետ՝ 39.6 տոկոսով:

Առևտրաշրջանառության ծավալներն աճել են հետևյալ երկրների հետ՝ Իրանի հետ՝ 10.0, Թուրքիայի հետ՝ 9.2, Չինաստանի հետ՝ 26.8, Ճապոնիայի հետ՝ 25.2, Իրաքի հետ՝ 49.9, Վրաստանի հետ՝ 14.1 տոկոսով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել