Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը․ մտահոգություններ, կարծիքներ, սպասումներ
06:16 - 22 ապրիլի, 2019

Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը․ մտահոգություններ, կարծիքներ, սպասումներ

Մոտ երկու ամիս առաջ՝ փետրվարի 26-ին, մամուլում տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:

Լրատվամիջոցները հավելեցին նաև, որ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և ծառայության երկու վարչությունների պետերի դեմ քրեական գործ հարուցելու համար։

Հայտնի դարձավ, որ այդ օրերին ՊՎԾ ուսումնասիրություն է իրականացնում Գրիգոր Լուսավորիչ բկ-ում՝ կապված հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման, գնումների գործընթացի հետ։

Նույն ժամանակահատվածում Առողջապահոթյան նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ձեռքի տակ ունեցած տեղեկություններն ԱԱԾ-ին է փոխանցել, որովհետև վտանգ է տեսել, որ հեմոդիալիզի ծառայությունները հիվանդանոցներում կարող են ընդհատվել, ինչն էլ վտանգի տակ կդնի պացիենտների կյանքը։ 

Արդեն փետրվարի 28-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ կալանավորվել են ՀՀ ՊՎԾ երկու պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչը։ Հաղորդագրությունում ասված էր․
«...ՀՀ պետական վերահսկողության ծառայության 2 պաշտոնատար անձինք (Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը խմբ․) և նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տ.Ա-ն (Տարոն Ավետիսյան խմբ․) ձերբակալվել են: 2019 թվականի փետրվարի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատարանի կողմից որպես խափանման միջոց նշված երեք անձանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը»։

Ապրիլի 16-ին մամուլում նորից չճտված տեղեկություններ տարածվեցին՝ այս անգամ արդեն ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին։ Սկզբում ԱԱԾ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում էր տեղեկությունը։ Սանասարյանն ինքը որևէ մանրամասն չէր ներկայացրել՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է և գործին չվնասելու համար չի կարող որևիցե տեղեկություն տալ։ Սանասարյանը հավելել էր, որ ԱԱԾ-ին ևս կոչ է արել նախաքննության փուլում զգույշ լինել և գործին չվնասել։

«Կսպասենք մինչև ԱԱԾ-ն պաշտոնական տեղեկատվութուն հայտնի։ Ես շահագրգռված եմ, որ ամբողջությամբ այս գործը բացահայտվի և որ մեղավորները պատասխանատվությնա ենթարկվեն»,-ասել էր Սանասարյանը։

Երկու օր անց, սակայն, ԱԱԾ հաղորդագրություն  տարածեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ, որում մասնավորապես նշված էր․

«ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով․․․
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը»։

Նույն հաղորդագրությունում նշված էր նաև, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:

Այս լուրը հանրության շրջանում ոչ միանշանակ ընդունվեց, քննարկումներ սկսվեցին մի քանի խնդրահարույց կետերի վերաբերյալ։ Դիտարկենք մտահոգություններն ու հարցադրումներն (1 2 3 4 5 6 7 8 9) այս գործի վերաբերյալ։

Խափանման միջոցի փոփոխություն։ ԱԱԾ վերոնշյալ հայտարարությունից օրեր առաջ պարզ դարձավ, որ ՊՎԾ գնումների գործընթացի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվել է։ Մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Գևորգ Խաչատրյանն սկսել է համագործակցել նախաքննական մարմնի հետ, ցուցմունք տվել և նշել, որ անօրինական գործողությունները կատարվել են Դավիթ Սանասարյանի գիտությամբ։

«Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «ԱԱԾ-ի նման փակ և ցածր հանրային հաշվետվողականությամբ կառույցում կարող են մարդուն ասել «շեֆիդ (Սանասարյանի) դեմ ցուցմունք տուր ու խափանման միջոցդ կփոխենք, կալանքից դուրս կգաս»: Այս պայմաններում Հաայստանում իրավապահների նկատմամբ հանրային վստահության բարձրացում չենք ունենալու»՝ հավելելով․ «չեմ պնդում, որ նման բան ասվել է, բայց պնդում եմ, որ կարող էր ասվել և, այո, հիմքեր կան կասկածելու, որ ասվել է»։

ՊՎԾ-ն միակ կառույցն է, որն իրավունք ունի ստուգելու ԱԱԾ-ին։ Համացանցում տարածվեցին մտահոգություններ, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելը կարող է կապված լինել ՊՎԾ-ի՝ լայն լիազորություններ ունենալու հետ, որը թույլ է տալիս վերահսկել անգամ ԱԱԾ-ին։ 

Մեղադրանք առաջադրելու հաջորդ օրը լրագրողների հետ ճեպազրույցում, այն հարցին, թե ինքն ու՞մ է խանգարում ու ի՞նչ նպատակ ունի այս գործընթացը, Սանասարյանը պատասխանել էր․ «ՊՎԾ-ն ունի այնպիսի ֆունկցիաներ, որ շատերի ոտքերը կարող է տրորի, իհարկե, օրենքի շրջանակներում։ Այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ սկզբունքային, մաքուր, որևիցե գործարքների մեջ չմտած մարդ լինի»։

ՊՎԾ-ն ուժային կառույցներից միակն է, որի ղեկավարը նախկին համակարգից չէ։ Իրավիճակի բազմաթիվ վերլուծություններ կապված էին Դավիթ Սանասարյանի՝ հեղափոխության ամենաակտիվ դեմքերից մեկը լինելու հետ։ Մատնանշվում է, որ Դավիթ Սանասարյանը ուժային կառույցներից միակն է, ով նախկին համակարգից չէ։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նախկին համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք են։

«Ինչ-որ առումով՝ օրինականության վերահսկման ֆունկցիաներ ունեցող միակ մարմինը, որը ղեկավարվել է մի անձի կողմից, որ տարիներ շարունակ պայքարել է կոռուպցիայի դեմ փողոցում, որն իր կյանքի մի էական հատված նվիրել է կոռուպցիոն իշխանության դեմ, Հայաստանում այդ փտած կոռումպացվածության դեմ պայքարին, դա ՊՎԾ-ն է»,-նշել էր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում։

Ինչու՞ է գործը վարում ԱԱԾ-ն, ոչ թե ՀՔԾ-ն։ Սա ևս համացանցում տարածված մտահոգություններից մեկն էր։ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Ինչու՞ է բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ կապված գործը քննում ԱԱԾ-ն և ոչ թե ՀՔԾ-ն, որի կարևոր գործառույթներից մեկը հենց սա է»։ 

Այս հարցադրման հիմնավորումն այն էր, որ ՀՔԾ-ն ստեղծվել է հենց բարձրաստիճան պաշտոնական անձանց վերաբերող գործերը վարելու համար, ինչը և պետք է լիներ այս դեպքում։

Աշխարհաքաղաքական համատեքստ։ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու փաստը դիտարկվեց նաև աշխարհաքաղաքական համատեքստում։ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, օրինակ, հարցազրույցներից մեկում նշել էր, որ մեղադրանքը կարող է կապված լինել կա՛մ Սանասարյանի՝ ժամանակին «հակառուսական» ցույցերի հետ, կա՛մ այնպիսի ծրագիր է կազմվում, որին Սանասարյանը կարող է խոչընդոտել. «Դավիթ Սանասարյանը հանդես է եկել հակառուսական դիրքորոշմամբ: Նույն Ապրիլյան պատերազմի ժամանակ միասին ցույցեր էինք անում, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները, զենք չվաճառի Ադրբեջանին: Այդ ցույցերը հասարակության մեջ տարածվեցին որպես հակառուսական, թեև դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանույան համար ցույցեր էին: Բայց, ամեն դեպքում Դավիթ Սանասարյանը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամաբ կոշտ հայտարարություններով»,-ասել էր նա։

Նման տեսակետ էր հայտնել  նաև «Սասնա Ծռեր» կուսակցությունը՝ այս գործին վերաբերող հայտարարության մեջ․ «Դավիթ Սանասարյանի հետապնդումը ռևանշի նոր փուլի սկիզբն է։ ՀՀ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը Հայաստանը կախյալության մեջ պահող կրեմլակենտրոն նորգաղութային համակարգի ռևանշի որակապես նոր փուլի սկիզբն է: Եվ Դավիթ Սանասարյանին իրականում հետապնդում են համակարգին չենթարկվելու ու նրան դիմադրելու համար»,-ասված էր հայտարարությունում։

ԱԱԾ-ն միակ կառույցն է, որում բացահայտումներ չեն եղել հեղափոխությունից հետո։ «Մեկ տարվա ընթացքում ԱԱԾ-ի ներսում գեթ մեկ, կրկնում եմ գեթ մեկ կոռուպցիոն շղթա չի հայտնաբերվել: Հարց, պե՞տք է ենթադրենք թե ԱԱԾ-ն ամբողջությամբ զերծ է մնացել համակարգային կոռուպցիայի մեջ ներգրավվածությունից, թե ոչ: Թե՞, պետք ենթադրել, որ ԱԱԾ-ում է հենց գործում «ախպերական» մոտեցումը՝ «սվոիխ նե սդայոմ» սկզբունքով»,-գրել էր Արթուր Սաքունցը։ 

Այս հարցադրումն անողները մատնանշում էին այն հանգամանը, որ բոլոր կառույցներում բացահայտումներ քիչ թե շատ եղել են, օրինակ՝ ոստիկանություն, ՊՆ և այլն․ բացառություն է միայն ԱԱԾ-ն։

Բացի մտահոգություններից կային նաև կարծիքներ, որ կատարվողը բնական գործընթաց է։

Պետք է սպասել նախաքննության ավարտին։ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ նշել էին, որ թեև վստահում են Դավիթ Սանասարյանին, բայց պետք է չխանգարել նախաքննությանն ու սպասել մինչև այն կավարտվի։

«Ես առաջնորդվում եմ անմեղության կանխավարկածով և անձամբ ճանաչելով Դավիթ Սանասարյանին՝ շատ եմ ուզում պարզվի, որ իրականում չկա նման բան։ Ես ինչպես անմեղության կանխավարկածով վերաբերվում եմ Դավիթ Սանասարյանին, այնպես էլ որևէ հիմք չեմ տեսնում կասկածելու մեր իրավապահ մարմինների աշխատանքին, այսինքն ես չեմ տեսնում ոչ մի հիմք՝ մտածելու համար, որ կարող է շինծու կամ սարքած գործ է, բայց այս փուլում պետք է բոլորս էլ սպասենք՝ տեսնենք գործն ինչ ընթացք է ստանում և քննության արդյունքներն ինչ ցույց կտան»,-ասել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Բացառվում է, որ նոր Հայաստանում իրավապահները որևէ մեկին շինծու մեղադրանք առաջադրեն։ Նմանատիպ կարծիք հայտնեցին «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ Լենա Նազարյանը և Մարիա Կարապետյանը։ Կարապետյանը նշել էր նաև՝ իր ներքին համոզմունքն է, որ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը կանխամտածված կամ չարամտությամբ չէր կարող վնաս պատճառել պետությանը։

Կոռուպցիայի դեմ պայքարում մարդկանց չենք բաժանելու  յուրայինների և օտարների: Ասել էր Լենա Նազարյանը։ Նույն տրամաբանության մեջ էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, ով   նշել էր․ «Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական․․․» 

Դավիթ Սանասարյանը ևս խոսել էր այս գործի մասին՝ ասելով,  որ իր դեմ իրականացվողը շինծու է։ Հայտարարություն էր տարածել նաև նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը․ «Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Նրա դեմ, ցավոք, գործ են սարքել և կարում են այդ գործը՝ օգտագործելով հին մեթոդները, որոնք տասնյակ տարիներ ի վեր իրականացրել է հայտնի կառույցը․․․»,-նշել էր Պետրոսյանը՝ հավելելով․ «Հուսով եմ, որ պարոն Փաշինյանը թույլ չի տա, որ իրեն մոլորության մեջ գցեն և հետամուտ կլինի գործի օբյեկտիվ քննության համար, որը, կարծում եմ, ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի կարող իրականացվել»։

Մարգարիտա Ղազարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել