Դավիթ Սանասարյանը իր ապացույցները ուներ, բայց դրանք անտեսվում էին, շպրտվում մի կողմ |armtimes.com|
07:28 - 29 ապրիլի, 2019

Դավիթ Սանասարյանը իր ապացույցները ուներ, բայց դրանք անտեսվում էին, շպրտվում մի կողմ |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Պետական վերահսկողության ծառայության պետ, մեղադրյալ Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը:
Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ այն քննարկման փուլում է:

Պաշտպանական կողմը միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է վերացնել Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը, եւ գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտից ուղարկել այլ քննչական ծառայություն:

Դավիթ Սանասարյանի եւ նրա ենթակա աշխատակիցների՝ Սամվել Ադյանի, Գեւորգ Խաչատրյանի եւ «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանի շուրջ աղմուկը չի դադարում: Ազգային անվտանգության ծառայության կողմից Դավիթ Սանասարյանին առաջադրած մեղադրանքից հետո սոցցանցերում սկսվեցին ակտիվ քննարկումներ ի աջակցություն պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող Սանասարյանի:

Նրա լիազորությունները մեղադրանքի առաջադրումից հետո ժամանակավորապես կասեցվել են։ Նրա պաշտպաններն էլ պնդում են, որ գործը կարված է ու սարքված:

Նշենք, որ այսօր Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը կազատվի կալանքից:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ նրա կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ադյանը կալանավորվել էր փետրվարի 27-ին, կալանքի ժամկետը լրանում է այսօր՝ ապրիլի 25-ին:
Այս գործով բացի Ադյանից փետրվարին կալանավորվել էին նաեւ ՊՎԾ աշխատակից Գեւորգ Խաչատրյանը եւ «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը: Նրանք նույնպես ազատ են արձակվել: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանց ազատման պատճառը Սանասարյանի դեմ տված ցուցմունքներ են, ինչը, սակայն, դեռ ո՛չ հերքվում է, ո՛չ հաստատվում:

Սանասարյանը չի հերքել, որ քրեական գործի շրջանակում ինքն ու Սամվել Ադյանը առերեսվել են: Նշենք, որ ըստ քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասի՝ քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում:

Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը պատասխանել է մեր մի քանի հարցերին:

- Տիկին Պետրոսյան, գլխավոր դատախազին միջնորդել եք նաեւ, որպեսզի գործը ԱԱԾ վարույթից փոխանցվի այլ քննչական ծառայություն, ինչո՞ւ:

- Որովհետեւ անվստահություն կա կոնկրետ Դավիթ Սանասարյանի գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննելու մասով, քանի որ որոշակի հանգամանքներ տեղի ունեցան այդ օրերի ընթացքում, որոնք մեզ հիմք տվեցին կասկածելու նրանց անաչառության մեջ:

- Ի՞նչ հանգամանքերի մասին է խոսքը:

- Խոսքը վերաբերում է նրան, որ երբ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավեցին, նրա նկատմամբ ընտրեցին խափանման միջոց ստորագրություն, 7 օրվա ընթացքում նրանք պետք է որոշեին մեղադրանք առաջադրելու կամ չառաջադրելու հարցը, մինչդեռ այնպիսի շտապողականություն էր դրսեւորվում, որ էլ որեւէ հանգամանք նշանակություն չուներ վարույթն իրականացնող մարմնի համար:

Ամեն ինչ պատրաստ էր, մեղադրանքի ծավալուն որոշումը արդեն թղթապանակում դրված էր եւ իրենք անտեսեցին, որ մենք՝ Դավիթ Սանասարյանի պաշտպաններս, միջնորդություն ներկայացրինք վկաներին հարցաքննելու վերաբերյալ, որոնք նաեւ հստակ ապացույց էին եւ նման պայմաններում չէր կարող Սանասարյանին մեղադրանք առաջադրվել: Բացի այդ, այլ ապացույցներ նույնպես ներկայացրինք, բայց դրանք ուղղակի շպրտվեցին մի կողմ:

- Վկաները ՊՎԾ աշխատակիցնե՞ր էին:

- Այո, նաեւ: Այսինքն՝ ակհայտ էր մեզ համար, որ այստեղ ուղղորդված մոտեցում կա եւ քննություն անել էլ չեն ցանկանում, այսինքն՝ միակողմանի, միայն որպեսզի ցուցմունքներ կորզեն ինչ-որ անձանցից եւ դրանով բավարարվեն: Բայց այն, որ Սանասարյանն էլ իր ապացույցները ուներ ներկայացնելու դա անտեսվում էր, ուղղակիորեն մի կողմ էր շպրտվում:

- Կասկածանք առաջադրելուց հետո 7 օրվա ընթացքո՞ւմ են մեղադրանք առաջադել, թե՞ անմիջապես հետո:

- Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերն են մեղադրանք առաջադրել: Ժամը 17:00-ին գնացել ենք քննչական, ժամը 00:05-ին մեղադրանք են առաջադրել:

- Դուք նշում եք, որ ուղղորդված է, ո՞ւմ կողմից:

- Ամեն դեպքում իրենք չեն ցանկանում, որ նա լինի ՊՎԾ պետի պաշտոնում, որովհետեւ ակնհայտ է, որ հնարավոր է այնպիսի ստուգումներ, մշտադիտարկումներ եւ այնպիսի գործողություններ, որոնք ուղղակի ձեռնտու չեն շատ տարբեր մարդկանց:

 

Ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել