Գործադիրը մերժեց կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը
08:26 - 15 օգոստոսի, 2019

Գործադիրը մերժեց կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է օրենքի նախագիծ: Ըստ այդմ՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվում է սահմանել, որ կառավարության նիստում առանց քննարկման և զեկուցման, քվեարկության կարգը չի կարող կիրառվել Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացվող օրենքի նախագծի նկատմամբ:

«Պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված նախագծերի քննարկման ընթացքը սահմանող իրավական ակտերով սահմանված են այնպիսի ընթացակարգեր, որ օրենքի նախագիծը, մինչև կառավարության նիստում քվեարկվելը, բավական երկարատև գործընթաց է անցնում՝ քննարկվելով տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ նախարարական կոմիտեների նիստում: Միաժամանակ, բավարար երաշխիքներ են սահմանված՝ ներկայացված նախագծի պատշաճ քննարկումն ապահովելու նպատակով, քանի որ, ի թիվս այլ հանգամանքների, կառավարության մեկ անդամի առարկության պայմաններում նախագիծը ենթակա է քննարկման»,- ասաց Բադասյանը:

Նախարարը նշեց, որ բոլոր նախագծերի համար պարտադիր քննարկման ռեժիմ սահմանելը կարող է անհարկի ծանրաբեռնել կառավարության նիստը՝ հաշվի առնելով այն, որ նախագծի վերաբերյալ ձևավորված լինի ընդհանուր դրական դիրքորոշում:

«Բացի այդ, գտնում ենք նաև, որ կառավարությունը պետք է ազատ լինի՝ որոշելու նիստի օրակարգում ընդգրկված հարցերի հետագա ընթացքի կազմակերպման կարգը, իսկ պատգամավորների կամ խմբակցության կողմից ներկայացված նախագծերը պարտադիր քննարկման ռեժիմ սահմանելը չի կարող արդարացված համարվել կառավարության անդամների գործունեության երաշխիքների ապահովման տեսանկյունից»,- ասաց Բադասյանը:

Վերջում արդարադատության նախարարը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել