Գյումրիում «Ո՛չ բռնությանը» կարգախոսով խաղաղ ակցիա անցկացվեց |armenpress.am|
16:25 - 09 մարտի, 2020

Գյումրիում «Ո՛չ բռնությանը» կարգախոսով խաղաղ ակցիա անցկացվեց |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների կոալիցիա»-ի նախաձեռնությամբ, մարտի 9-ին, «Ո՛չ բռնությանը» կարգախոսով խաղաղ ակցիա անցկացվեց: Ակցիայի մասնակիցները «Վարդանանց» հրապարակից շարժվեցին Գյումրու Պռոշյան փողոց, դեպի այն տունը, որտեղ մարտի 5-ին դաժան ծեծի հետևանքով մահացել էր 43-ամյա կինը և ծանր վիրավորվել նրա 12-ամյա  դուստրը: «Մենք այսօր հավաքվել ենք, որ մերժենք բռնությունը, մերժենք առհասարակ լռությունը հասարակության կողմից: Մեր պարտքն է իրազեկել, որ կանայք մեղավոր չեն, եւ նրանք չպետք է լռեն: Կնասպանությունն այլեւ տեղ չունի այս կյանքում:

Մենք պետք է հասնենք այս գաղափարի իրականացմանը»,- նշեց «Կանանց իրավունքների տուն» հկ նախագահ Կարինե Դավթյանը: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց հետագա գործողությունները կուղղվեն իրավական հարթակ՝ հարուցված քրեական գործը մեղմ պատիժ է սահմանում 28-ամյա երիտասարդի համար: Ըստ երթի կազմակերպիչների՝ 2020 թվականի հունվարից մինչ օրս Հայաստանում կնասպանության 5 դեպք է արդեն արձանագրվել:

Մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «տրավմային շոկով, գանգուղեղային փակ վնասվածքով» Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով:

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ:  Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել էր նախաքննությունն իրականացնող մարմնին:

Ծեծի ենթարկված 13-ամյա անչափահասը մարտի 5-ին Գյումրիում վիրահատվել է, այնուհետև տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել