«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման ավարտը նախատեսված է տարեվերջին |armenpress.am|
14:57 - 21 հունվարի, 2020

«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման ավարտը նախատեսված է տարեվերջին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի և Իրանի միջև «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի համար, որի շրջանակում Հայաստանը հարևան երկրին մատակարարում է էլեկտրաէներգիա` փոխարենը ստանալով կապույտ վառելիք, երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ավարտը նախատեսված է 2020-ի տարեվերջին: Այս մասին ՀՀ ազգային ժողովին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ծրագիր կա, որը ենթադրում է երրորդ գծի կառուցումը, որովհետև խողովակատարը, ընդհանուր առմամբ, օգտագործվում է առավելագույնը 20 տոկոսով: Եթե այդ գործարքը երկու կողմին ձեռնտու է, ինչո՞ւ ավելի շատ գազ չենք ստանում, որ ավելի շատ էլեկտրաէներգիա տանք: Պատճառն այն է, որ երկու բարձրավոլտ էներգագծերի տարողությունը թույլ չի տալիս: Ահա թե ինչու՝ արդեն քանի տարի է տևում երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որը դանդաղեց պատժամիջոցների (Իրանի նկատմամբ-խմբ) պատճառով: Իրանական կողմը զգալի ներդրում պետք է ունենա, սակայն քանի որ իր մոտ խնդիրներ էին առաջացել, դա ձգձգվեց: Այնուամենայնիվ, նախատեսվում է, որ մինչև այդ տարվա վերջը դա կավարտվի, և ծավալները կընդլայնվեն»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ հնարավոր կիրառվող պատժամիջոցներին` Քոչարյանը նշեց, որ Հայաստանը հարուստ փորձ ունի` համագործակցելու հարևանի հետ` պատժամիջոցների պայմաններում: Մինչև միջուկային համաձայնագրին հասնելը, Իրանի նկատմամբ կային պատժամիջոցներ` այդ թվում ՄԱԿ-ի կողմից սահմանված: Բայց Հայաստանն այդ պայմաններում աշխատել է: «Եվ ես կարող եմ ասել այն կարմիր գիծը, որին ԱՄՆ-ն հետևում է, որ որևէ երկիր չանցնի: Դա Իրանի հետ տարադրամով գործարք անելն է` որևէ գործարք, որից Իրանը տարադրամ կստանա: Այդ տեսակետից մեր «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը փայլուն է, քանի որ այդտեղ տարադրամ չկա: Ահա թե ինչու այս փուլում առ այսօր կարողանում ենք դա պահել ճնշումներից դուրս»,-ասաց Քոչարյանն ու նշեց` իհարկե դա նաև համապատասխան աշխատանք է ենթադրում, ամերիկյան կողմի հետ այդ ուղղությամբ անընդհատ աշխատանքի մեջ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել