Բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ hափշտակության գործը դատարանում է
12:03 - 18 փետրվարի, 2020

Բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ hափշտակության գործը դատարանում է

2018 թ. օգոստոս ամսին Երևան քաղաքի Կիևյան փողոցում գտնվող բանկոմատից կատարվել էր հափշտակություն, ինչի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ, որին հետագայում միացվել են նույն ընկերության Երևան քաղաքի տարբեր փողոցներում գտնվող բանկոմատներից կատարված հափշտակությունների, ինչպես նաև՝ նույն խմբի անդամներից մեկի կողմից մեկ բնակարանից կատարված գողության և մեկ այլ բնակարանից գողության փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:  

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են, ընկերներ՝ ծնված 1986 և 1979թթ.:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս, տեղեկանալով, որ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ բանկի համակարգչային համակարգում ներբեռնված վնասաբեր ծրագրի գործարկման միջոցով, հնարավոր է բանկոմատներից ապօրինի գումարներ ելքագրել, գործով դեռևս ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնության են եկել՝ միասնական դիտավորությամբ բանկից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությունը համատեղ իրականացնելու շուրջ, կատարել դերաբաշխում և բանկից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 34.800.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, պարզվել է, որ 1979 թ. ծնված տղամարդը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու շուրջ նախնական համաձայնության է եկել քննությամբ ինքնությունը չպարզված անձի հետ, որից հետո վերջինիս հետ միասին հարմարեցված գործիքի միջոցով բացել են Երևան քաղաքի Նոր Նորք զանգվածի բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել բնակարան և գաղտնի հափշտակել 2 400 000 ՀՀ դրամ գումար, 120 ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ ընդհանուր 700 000 ՀՀ դրամ արժողության ժամացույցներ ու զարդեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3 157 740 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այնուհետև՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել է Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել բնակարան, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով՝ բնակարանում գումարի և թանկարժեք իրերի բացակայության պատճառով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1979թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն)3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի (գողության փորձ)3-րդ մասի 1.1-րդ կետով և 38-181-րդ հոդվածի (hափշտակութան կազմակերպում, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ վերջինիս՝ 1986թ. ծնված ընկերոջը՝ 181-րդ հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով:

Երկու մեղադրյալի գործով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Գործով դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել