ԲՏԱՆ-ն ունի թոքերի  արհեստական օդափոխման վերականգնված 10 սարք և պատրաստ է տրամադրել ԱՆ-ին․ Հակոբ Արշակյան
13:40 - 08 ապրիլի, 2020

ԲՏԱՆ-ն ունի թոքերի արհեստական օդափոխման վերականգնված 10 սարք և պատրաստ է տրամադրել ԱՆ-ին․ Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս պահին ունի թոքերի  արհեստական օդափոխման 10 վերականգնված սարքեր, որոնք պատրաստ է տրամադրել Առողջապահության նախարարությանը: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը:

«Անդրադարձ կատարելով թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ մեր վերջին կոչերին, ուզում եմ ասել, որ շատ լավ արձագանքներ ենք ստացել, 280-ից ավելի նամակներ ենք ստացել, որոնք արդեն ուսումնասիրվել ու դասակարգվել են վերջին երկու օրերի ընթացքում։ Տարբեր տեղերից հայտնաբերված և տեղեկատվական արդյունաբերության նախարարությանը տրամադրված 10 սարք ունենք այս պահին, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման։ Անհրաժեշտության դեպքում այն կտրամադրենք ԱՆ-ին»,- նշեց Արշակյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ նամակներ են ստացել նաև արտերկրից՝ Լիբանանի, ՌԴ-ի, Գերմանիայի, ԱՄՆ-ի մեր հայրենակիցներից, որոնք անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնել Հայաստանի ինժեներներին՝ միջազգային փորձանմուշներ ստանալու, մասնագիտական խորհրդատվության հարցում։

«Վերջերս տասնյակ նյութեր են շրջանառվում տարբեր մարդկանց և խմբերի կողմից  թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ, որոշներն, իհարկե, լուրջ սարքեր են, բայց մեծամասնությունը 3D պրինտերով տպած սարքեր են, որոնք, ըստ էության, չեն լուծում այն խնդիրները, որոնք դրված են»,- ասաց ԲՏԱ նախարարն ու պարզաբանեց, որ այդ սարքերն իրականում պետք է ունենան արձագանքման համակարգեր, տարբեր տեսակի սենսորներ, որոնք գնահատում են պացիենտի վիճակը և ըստ դրա են գործում։

«Այդ սարքը միայն պոմպի դեր չի կատարում, օդ մղում ու արտամղում, այլ ամբողջապես փոխարինում է շնչառական համակարգին, և անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի կամ որևէ ինդիկատոր միանա, բժիշկներին տեղեկացնի իրավիճակի մասին։ Այդպիսի սարքերիի նախագծումը բավական բարդ պրոցես է, կխնդրեմ ու կոչ կանեմ, որ այս հարցին լուրջ վերաբերվենք, դա մեկ շաբաթում կամ նույնիսկ ամսում լուծվող հարց չէ»,- ասաց Հակոբ Արշակյանը։


Նախարարի խոսքերով՝ Հայաստանում առկա արտադրական հզորությունները՝ գործարանները, ինժեներական կայացած ընկերություններ, գիտահետազոտական խմբեր, համալսարաններ պատրաստակամություն են հայտնել միանալու թոքերի օդափոխման սարքերի նախագծման, տեստավորման, լաբորատոր փորձարկումների, պահեստամասերի արտադրության կամ ներկրման գործին։ 

Արշակյանն անդրադարձավ նաև լրագրողներից մեկը դիտարկմանը, թե ինչու՞ պետական գույք համարվող սարքերը սարքին վիճակում չեն գտնվել։ «Պնդումը, թե անսարք վիճակում գտնվող սարքերը պետական սեփականություն են, այդպես չէ, դրանք պետական սեփականություն չեն, համենայնդեպս, իմ տեղեկություններով։ Դրանք տարբեր ժամանակներում դուրս գրված, որևէ տեղ գտնվող սարքավորումներ են։ Միգուցե շուրջ երկու տասնյակ սարք արդեն վերանորոգվել է, նրանք, որոնք պետական կամ որևէ կլինիկայի սեփականություն են հանդիսացել, վերանորոգվել ու վերադարձվել են իրենց տերերին»,- ասաց նա։

Նախարարը պարզաբանեց, որ այն 10 հատը, որոնց մասին խոսում էր, ուղղակի սարքեր են, որոնք տարբեր անհատների ու ձեռնարկությունների կողմից դուրս են բերվել ու տրամադրվել են վերանորոգման համար, և դա առանձին պատմություն է։

«Հիմա աշխատում ենք թոքերի օդափոխման սարքերի արտադրության նախագծի վրա, որ հստակ մոդելավորենք՝ ինչպես ենք գնում դրան։ Քայլ առ քայլ՝ սկզբում նախագծում, հետո արտադրություն, և թե ովքեր պիտի դա անեն։ Փորձելու ենք մրցակցային մեխանիզմներ կիրառելով անել, բայց հաշվի ենք առնելու, որ ժամանակային մեծ շռայլություն չպետք է թույլ տանք։ Առաջիկա օրերին արդեն լուծումները կունենանք»,- ասաց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։

Նա նշեց, որ թոքերի արհեստական օդափոխման համակարգեր գնելու ու ներմուծելու հետ կապված բարդություններ կան, պարետատունն է այդ հարցով զբաղվում։ «Գիտեմ, որ որոշակի խմբաքանակներ գնվել են ու կբերվեն Հայաստան, ընդ որում, ոչ միայն արհեստական օդափոխության համակարգեր, այլև թթվածնի մատակարարման սարքեր, որոնք այլ կատեգորիայի են պատկանում։ Դրանք այս պահին տեղափոխվում են Հայաստան»,- ասաց նախարարը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել