Արցախում կորոնավիրուսից առողջացել է 2 քաղաքացի․ Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյան
19:07 - 15 ապրիլի, 2020

Արցախում կորոնավիրուսից առողջացել է 2 քաղաքացի․ Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյան

Այսօրվա 16 թեստերի պատասխանները բացասական են, ունենք առողջացման 2 դեպք եւ ունենք մեկ օջախի լրիվությամբ ավարտ, խոսքը Քաշաթաղի շրջանի օջախի մասին է։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ օրեր անց նույնիսկ կարող են այնտեղի սահմանափակումները չեղարկել, բայց ապահովության համար եւս մեկ անգամ կանցկացնեն ախտահանման աշխատանքներ։

Այս պահին Արցախում արվել է 75 թեստ, կա 6 վարակակիր, 2 առողջացած։ Այսօր թեստավորված 16 քաղաքացիներից 12-ը Քաշաթաղի օջախի հետ են կապված, երկուսը՝ Քարվաճառի օջախի հետ, մյուս երկուսը կապ չունեն այդ օջախների հետ, բայց ապահովության համար թեստավորվել են։ 

Անդրադառնալով հեռավար կրթության հնարավորություններին՝ պարետը նշեց, որ Արցախի գրեթե բոլոր համայնքներն ապահովված են համացանցով, ցանցի օպերատորն աշխատում է ինտերնետի որակի բարելավման ուղղությամբ։ ԿԳՆ-ն միջոցներ է ձեռնարկում, որպեսզի տեխնիկական հագեցվածության հարցերը որոշակի լուծում ստանան։ 

Ի դեպ՝ Արցախի պաշտպանության բանակում մինչ այս պահը կորոնավիրուսի դեպք չկա։ Մարտիրոսյանն ասաց, որ բանակում խստացված է ռեժիմը, մշտապես կապի մեջ են նախարարի հետ՝ տարբեր տեխնիկական, նյութական աջակցությւոն ցուցաբերելու նպատակով, պարբերաբար իրականացվում են ախտահանման, բժշկական զննության աշխատանքներ։ ՊԲ բժշկական ծառայությունն արդյունավետորեն իրականացնում է այդ աշխատանքները։  

Իսկ այս պահին Հայաստանից բուժաշխատողներ հրավիրելու անհրաժեշտություն չկա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել