Արտոնյալ վարկերը սահմանում են 6 ամիս արտոնյալ ժամկետ, այդ 6 ամիսների ընթացքում շահառուն որևիցե մարում չի անում․ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյան
12:45 - 01 ապրիլի, 2020

Արտոնյալ վարկերը սահմանում են 6 ամիս արտոնյալ ժամկետ, այդ 6 ամիսների ընթացքում շահառուն որևիցե մարում չի անում․ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառումը, որը միտված է ՓՄՁ-ների աջակցմանը։

«Կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության ոլորտներում, որոնց 2019 թ․ շրջանառությունը եղել է 24-ից 500 մլն դրամի շրջանակում, և 2019 թ․ յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը ամբողջ տրվա շրջանառության 10 տոկոսից ավել է, ունեն բարվոք հարկային հարկային և վարկային պատմություն։ Այս ՓՄՁ-ները կարող են դիմել՝ ստանալու անտոկոս վարկեր»,- ասաց նա։

Նաիրա Մարգարյանը նշեց, որ անտոկոս կամ արտոնյալ վարկերը 36 ամսով տրամադրվող վարկեր են, որոնք առաջին երկու տարվա՝ 24 ամիսների համար գործում են անտոկոս պայմանով։ Երրորդ տարվա համար վարկը գործում է 12 տոկոսով։ Վարկ տրամադրվում է միայն անկանխիկ միջոցով և կարող է ծախսվել աշխատավարձի, հարկերի, վարձակալության, հումքի, կոմունալ վճարների ուղղությամբ։  

«Վարկերը սահմանում են 6 ամիս արտոնյալ ժամկետ, այսինքն՝ այդ 6 ամիսների ընթացքում շահառուն որևիցե մարում չի անում։ 7-րդ ամսից սկսած՝ հավասարաչափ մարումներ են նախատեսված մինչև վարկի պայմանագրի ավարտը։ Զբոսաշրջային ծառայությունների և կացության ոլորտների համար կա լրացուցիչ պայման․ եթե շահառուն այդ 2 ոլորտից է և իր վերցրած վարկը չի գերազանցում 10 միլիոնը, ապա 7-ից 12-րդ ամիսներին նորից մարման գրաֆիկը սահմանվում է հավասարաչափ, բայց ոչ ավել, քան ամսական 70 հազար դրամ, որից հետո՝ 13-րդ ամսից մինչև պայմանագրի ավարտը, նորից հավասարաչափ մարումներ են տեղի ունենում»,- ասաց նա։ 

Նաիրա Մարգարյանի խոսքով՝ այս վարկերի վաղաժամ մարումներ հնարավոր են և նաև խրախուսվում են։ Հայտ ներկայացնելու համար նրանք, ովքեր համապատասխանում են 3-րդ միջոցառման պահանջներին, պետք է այցելեն isc.am կայք և լրացնեն կայքում տեղադրված առցանց դիմումը։ Էկոնոմիկայի նախարարությունը հայտերն ընդունում է միայն առցանց տարբերակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել