Արմեն Սարգսյանը մասնակցել է Horasis-ի ամենամյա գլոբալ հանդիպմանը
06:20 - 08 ապրիլի, 2019

Արմեն Սարգսյանը մասնակցել է Horasis-ի ամենամյա գլոբալ հանդիպմանը

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Horasis վերլուծական կենտրոնի ամենամյա գլոբալ հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը: 

Նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս ելույթ է ունեցել «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող քննարկման շրջանակում:

Քննարկման մասնակիցները խոսել են ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու դրանց լուծման տարբերակների մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ցանկացած երկիր տարբեր կերպ է մոտենում ի հայտ եկող խնդիրների լուծմանը: «Հայաստանի դեպքում բանաձևը շատ պարզ է։ Փոքրը գեղեցիկ է։ Եվ փոքրը կարող է շատ հաջողակ լինել՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում այսօր աշխարհում»։

Հանրապետության նախագահն անդրադարձել է չորրորդ ինդուստրիալ հեղափոխությանը` նշելով, որ գործ ունենք մշտական հեղափոխության ու էվոլյուցիոն զարգացման երկարատև գործընթացի հետ: «Գիտական նորույթների և տեխնոլոգիական նվաճումների հսկայական քանակը, համատեղած մարդկանց այն մեծ թվի հետ, որոնք ներգրավված են ստարտափների ու նորարարական այլ գործընթացների մեջ, խոսում են այն մասին, որ այս գործընթացները լինելու են շատ դինամիկ և դրամատիկ։

Մենք առաջիկայում ականատեսն ենք լինելու, թե ինչպես են աճելու քվանտային մոդելավորման, նոր տեխնոլոգիաների ու մեծ տեղեկատվության կառավարման ծավալները, և իհարկե, այս ամենի գագաթնակետում լինելու է արհեստական բանականությունը, որը, կարծում եմ, կիրառություն է գտնելու ամեն տեղ»,- նշել է Սարգսյանը։

Նախագահը համոզված է` չպետք է վախենալ արհեստական բանականությունից։ «Սա նույն պատմությունն է, ինչ 30-40 տարի առաջ, երբ մարդիկ վախենում էին տեղեկատվական տեխնոլոգիաներից, մտածում էին, թե համակարգիչների ի հայտ գալով կկորցնեն աշխատանքը։ Բայց ոչ, արհեստական բանականության շնորհիվ նոր աշխատատեղեր կստեղծվեն։

Այն, ինչը փոխվելու է, լինելու է մարդկանց գործունեության որակը և տեսակը։ Մենք շարժվում ենք դեպի ավելի նորարար աշխարհ»,- ընդգծել է նա։
Արմեն Սարգսյանը նշել է, որ այս հեղափոխությունը տեղի է ունենում ոչ միայն տնտեսության ու տեխնոլոգիաների մեջ, այլև մեր մարդկային վարքագծում. «Սա բացարձակ նոր աշխարհ է, որը ես անվանում եմ քվանտային աշխարհ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել