Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները դատական հայց կներկայացնեն վարչապետի խոսնակի դեմ
18:13 - 01 մայիսի, 2020

Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները դատական հայց կներկայացնեն վարչապետի խոսնակի դեմ

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահԱրթուր Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը հաղորդագրություն են տարածել՝ նշելով, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել վարչապետի խոսնակի դեմ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երեք օր առաջ, կեսգիշերին Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ, որում անդրադարձ կա նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, թե իբր. «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։

Վարչապետի մամուլի խոսնակը նաև հարկ է համարել հայտարարությամբ վարչապետի «ցուցումը» փոխանցել ՀՀ իրավապահ մարմիններին, թե «ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը եւ Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»։

Հայտարարում ենք, որ վարչապետի խոսնակի հայտարարության մեջ տեղ գտած այս տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Անթույլատրելի ու զարհուրելի ենք համարում պետության ղեկավարի խոսնակի միջոցով ակնհայտ զրպարտչական տեղեկությունների տարածումը, առավել ևս ինչ-որ «պատշաճ քննություն» իրականացնելու` քաղաքական ճնշման ուղղակի տարրեր պարունակող ցուցումը։

Իրավական հնարավոր ողջ գործիքակազմի օգտագործմամբ ձեռնամուխ ենք լինելու Արթուր Վանեցյանի իրավունքների պաշտպանությանը, կպատրաստվի ու դատարան կներկայացվի համապատասխան քաղաքացիական հայց։ Զրպարտություն կատարած յուրաքանչյուր ոք պետք է օրենքի շրջանակում պատասխան տա դրա համար, իսկ զրպարտության գործելաոճը պետք է վերջնականապես մերժվի Հայաստանում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել